Էրեբունու թաղապետարանը «պլոմբել» են

Էրեբունու թաղապետարանը «պլոմբել» են

Մինչ կառավարությունն ու պարետը կորոնավիրուսի դեմ պայքարում կարգապահություն են պահանջում շարքային քաղաքացիներից՝ պարբերաբար հորդորելով կրել դիմակներ, պահել անվտանգության բոլոր կանոնները, պարզվում է՝ պետական մարմիններում անգամ չեն հետեւում այս հրահանգներին։ Մեր տեղեկություններով՝ այսօր 24 ժամով դադարեցվել է Էրեբունի վարչական շրջանի աշխատակազմի, այպես կոչված՝ թաղապետարանի գործունեությունը։ Մեզ ասացին, որ աշխատակազմում զանգվածաբար դիմակ չեն կրել, այլ կանոններ էլ չեն պահպանվել, ուստի ստուգումների արդյունքում շենքը «պլոմբել» են գնացել։

Վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանը, ով ի դեպ, Հանրապետություն կուսակցության վարչության անդամ Սուրեն Աբրահամյանի որդին է, հաստատեց, որ աշխատակազմի աշխատանքները մեկ օրով կասեցվել են պարետի որոշմամբ։ Ասաց նաեւ, որ ոչ թե դիմակ չեն կրել, այլ «ճիշտ» չեն կրել․«Պարետի որոշման մեջ պատճառների մասին նշված է աղբամանների սակավությունը, փակովի աղբամանները պետք է ավելի շատ լինեին, քան կային։ Ու կարծեմ դիմակները ճիշտ չեն կրում»։ Խնդրեցինք պարզաբանել՝ ի՞նչ ասել է ճիշտ չեն կրում․«Աշխատասենյակներում էլի․․․պատշաճ չեն կրել»։ Վարչական շրջանի ղեկավարը վստահեցրեց, որ ինքը պարտադիր կրում է դիմակ։ Թե ինչու աշխատակազմը օրինակ չի վերցնում իրենից, խոստացավ խիստ զրույց ունենալ աշխատողների հետ՝ երկուշաբթի օրը․«Գիտեք փաստացի դիմակ կրում են, բայց մարդիկ նեղվում են 8 ժամ անընդհատ դիմակ կրելուց»։