Չեմ հասկանում

Չեմ հասկանում

Թեկուզ սպանեք, բայց, միևնույն է, բան չեմ հասկանում: 40-ն անց տղամարդը, ով 7-8 տարի եղել է լրագրող, 12-13 տարի՝ խմբագիր, 6 տարի՝ խորհրդարանի անդամ, համարյա 3 տարի՝ երկրի վարչապետ, ու շարունակում է անհեթեթությունների շարքը: Ինքը շարունակում է, ու հանրության մի պատկառելի մաս շարունակում է աջակցել նրան: Հլա պատկերացրեք, որ դուք ոչ թե հայ եք, այլ ռուս, վրացի, շվեդ կամ այլմոլորակային, ու ձեզ ներկայացնում են նման ժամանակագրություն ու տվյալ անձի խոսքերն ու գործերը: Չե՞ք զարմանա, թե ով է այդ մարդը, որ այդքանից հետո շարունակում է երկիր կառավարել և որն է այն ազգը, որ դեռևս հանդուրժում է նրան, ու ոչ միայն հանդուժում է, այլև աջակցում է նրան: Իսկ հետո վերհիշեք, որ դուք հենց այդ ազգի ներկայացուցիչ եք՝ ինչպե՞ս կզգաք ձեզ: Ու այսքանից հետո հաստատ կհասկանաք, թե ինչը չեմ հասկանում ես:

Ես քչից-շատից գիտեմ մեր ժողովրդի պատմությունը: Մի քանի անգամ վերընթերցել եմ Մոսես Խորենացու «Հայոց պատմության» «Ողբ» հատվածը: Գիտեմ, որ շուրջ 900 տարի մեր ժողովուրդը զրկված է եղել պետականությունից, իսկ մինչ այդ կես հազարամյակ բաժանված է եղել թշնամի պետությունների միջև: Գիտեմ, որ այդ ընթացքում մենք նվաճված ենք եղել ամենաբարբարոս ցեղերի կողմից: Գիտեմ նաև, որ նույնիսկ նման պայմաններում մեր ժողովուրդը գիր ու գրականություն է ստեղծել, մանրանկարչություն ու ճարտարապետություն, ունեցել է գիտական նվաճումներ, ի դեմս քրիստոնեության պահպանել է հոգևորը: Եվ, երբ կարծես թե պետք է արդեն թնամու ձեռքով վերանար այս աշխարհից, ոտքի է կանգնել ու պետականություն ձեռք բերել: Թեև ցեղասպանված լինելով՝ չի կարողացել պահպանել տարածքներն ու պետականությունը, սակայն 70 տարի անց բախտը կրկին ժպտացել է նրան, ու կրկին ձեռք է բերել պետականություն, և ինչը պակաս կարևոր չէ՝ երկու հազար տարի անց կարողացել է իր պատմական տարածքներից մի փոքր մաս ազատագրել թշնամուց: 

Սակայն կրկին բախտը երես է թեքել մեր ժողովրդից, և հաղթանակած զորահրամանատարներն ու քաղաքական գործիչները պետություն կայացնելու ընթացքում մոռացել են իրենց առաքելությունը, և ժողովրդին հասցրել այն վիճակին, որ մի քանի անգամ դուրս գար թշնամուն հաղթած իր իշխանության դեմ: Ու արդյունքում հաղթեր իր իշխանությանը, իսկ հետո երկրորդ մեծ պատերազմում պարտվեր այն թշնամուն, որին հաղթել էր շուրջ 30 տարի առաջ: Պարտվել իր կողմից իշխանության բերված անձի և նրա առաջնորդած քաղաքական ուժի մեղքով: Ու պարտությունից հետո քաղաքական ուժի ղեկավարությունն ու հատկապես դրա առաջնորդը ներողություն չխնդրեին սեփական ժողովրդից ու ինքնասպանություն չգործեին: Հերիք չէ, որ դա չանեին, հլա մեղավորներ փնտրեին ամենուրեք, բայց ոչ իրենց ներսում: Ու շարունակեին վայելել իրենց իշխանությունը, բայց բացարձակ չմտահոգվեին պետության ու ժողովրդի ճակատագրով: Ու փոխանակ ամեն ինչ անեին, որպեսզի քավեին իրենց մեղքը՝ բացարձակ անտարբեր լինեին հայրենիքից կտոր-կտոր տարածքների կորստին: Դա էլ բավարար չէ, հենվեին հասարակության անգրագետ մասի վրա ու երկրի գրագետ հանրությանը թշնամի սարքեին:

Չէ, թեկուզ սպանեք, բայց, միևնույն է, բան չեմ հասկանում. հաստատ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ