Ո՞վ է մեզ «ձեռք մեկնելու»՝ Թուրքիա՞ն

Ո՞վ է մեզ «ձեռք մեկնելու»՝ Թուրքիա՞ն

Շուրջ 1000 տարի առաջ արեւմտական (այդ ժամանակ Արեւմուտքի դերում հանդես էր գալիս հետագայում Բյուզանդիա անվանված կայսրությունը) տհասները կործանեցին հայկական վերջին՝ Բագրատունիների թագավորությունը: 100 տարի առաջ Հայաստանի դաշնակցական ղեկավարությունը, չկողմնորոշվելով բարդ միջազգային իրավիճակում եւ արեւմտամետ դիրքորոշում որդեգրելով, կործանման էր տանում մեր առաջին հանրապետությունը: Երրորդ հանրապետության իշխանությունը փողոցով գրաված Փաշինյան Նիկոլը երրորդ անգամ կրկնում է նույն սխալը: Մարդ ապշահար է մնում՝ ինչպե՞ս է հնարավոր դաս չքաղել սեփական պատմությունից: Հանուն «սերգոջանների» լավ ապրելու՝ համարյա թե կորցրեց Արցախը: Բայց, բնականաբար, չի կարողանում ապահովել նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Խոսում է 29800 քառ/կմ-ն պահպանելու անհրաժեշտությունից՝ թշնամուն հանձնելով նորանոր տարածքներ: Խոսում է ՀՀ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից՝ չկարողանալով գործնականում կյանքի կոչել այն: 

Փաշինյան Նիկոլը խնդիրներ է ստեղծել ՀԱՊԿ շրջանակում՝ հարվածի տակ դնելով այդ կառույցի հեղինակությունը, իսկ հետո պահանջում է, որ վերջինս ադեկվատ արձագանքի այն մարտահրավերներին, որոնց փորձում է դիմակայել Հայաստանը: ՀՀ քաղաքացիներին կառավարման թափանցիկության ու մասնակցության խոստումներ տվող Փաշինյան Նիկոլը բանավոր պայմանավորվածությունների մեջ է մտնում թշնամու հետ, իսկ հետո Ռուսաստանից պահանջում է պաշտպանել Հայաստանի շահերը: Առանց սահմանների ճշգրտման գործընթաց սկսելու՝ զուտ ամերիկյան մասնավոր ընկերության (Գուգլի) վիրտուալ քարտեզների հիման վրա թշնամուն է հանձնում հյուսիս-հարավ ձգվող մայրուղու 21 կիլոմետրանոց հատվածը, այնուհետեւ խոսում սահմանների դեմարկացիայի եւ դելիմիտացիայի մասին: Իսկ թե ինչպես են գծվել Գուգլով այդ սահմանները՝ հրաշալի տեղյակ է թշնամի պետության ղեկավարը: Եվ դա արվում էր՝ արհամարհելով խորհրդային քարտեզներից օգտվելու՝ Ռուսաստանի առաջարկը: Այն քարտեզներից, որ առկա են նրա զինված ուժերի գլխավոր շտաբում:

Նիկոլ Փաշինյանը եւ մտածողության հետ լուրջ խնդիրներ ունեցող արեւմտականները չեն հասկանում, որ եթե որեւէ մեկը «քցում» է մեկ ուրիշին, ապա պետք է համարժեք պատասխան՝ արձագանք սպասի նրանից: Այդ կանոնը գործում է նույնիսկ կենցաղային մակարդակում, ուր մնաց թե չգործեր միջպետական հարաբերություններում: Որոնք երբեք չեն եղել ազնիվ ու արդարացի ու երբեք չեն լինի այդպիսին: Հատկապես թույլերի նկատմամբ ուժեղների վերաբերմունքում: Ինչը նշանակում է, որ եթե դու թույլ ես, ապա ստիպված ես ինքդ լինել հարմարվող ու միայն այդ պարագայում քեզնից հզորից պահանջել որոշակի դրական վերաբերմունք: Այդպիսին է աշխարհը, եւ Փաշինյան Նիկոլը չէ, որ կարող էր այն փոխել: Իսկ ե՞րբ էր Փաշինյան Նիկոլը մեր երկրի վիճակին ադեկվատ՝ երբ ասում էր, թե թող Մոսկվայում հարմարվեն հայկական «թավշյա», իսկ իրականում՝ գունավոր հեղափոխությա՞նը, որից ալերգիա ունեն ողջ ՀԱՊԿ-ական շրջանակում: Թե՞ երբ խաղեր է տալիս Ռուսաստանի եւ Արեւմուտքի միջեւ այնպիսի ժամանակահատվածում, երբ դրանք հակամարտության մեջ են: 

Իհարկե, ՀԱՊԿ-ում Ադրբեջանն ավելի շատ դաշնակից ունի, քան Հայաստանը: Դա այդպես էլ պետք է լիներ: Միջինասիական երեք մահմեդական, որից երկուսը՝ թյուրքախոս, պետություննե՞րն էին լինելու մեզ իրականում դաշնակից: Թե՞ բռնատիրականի անուն հանած Բելառուսը: Մնում էր Ռուսաստանը, որի ղեկավարը, Նիկոլի կարծիքով, պետք է համակերպվեր գունային հեղաշրջմանը: Որպեսզի նման շրջապատում դաշնակից ունենաս, պետք է համապատասխան պետական մտածողություն ու կարողություններ ունենաս: Ինչը երբեք չի ունեցել Նիկոլը, երբ ընդդիմադիր էր, եւ չունի այսօր, երբ երկիր է ներկայացնում: Իսկ եղածը քանդելը շատ հեշտ է, ինչով եւ նա զբաղվում է վարչապետության 4,5 տարում: Իսկ մեր արեւմտականները պահանջում են, որ ՀՀ-ի նկատմամբ դրսեւորվի բարեհաճ վերաբերմունք: Այդպես չի լինում ուղղակի: Եվ այդ վիճակից դուրս գալու ելքը հաստատ ՀԱՊԿ-ն լքելը չէ՝ հատկապես որ չգիտես, թե ով է «ձեռք մեկնելու» քեզ. Միացյալ Նահանգնե՞րը, թե՞ նրան դաշնակից ու քեզ թշնամի Թուրքիան: Իսկ թե ինչպիսին կարող է լինել Թուրքիայի «ձեռք մեկնելու» հետեւանքը՝ դա զգացել ենք 100 տարի առաջ:  

ՀԳ. Գունավոր հեղաշրջումից թեւեր առած Նիկոլն այսօր թողնում է արդեն Երեւան ժամանած ՀԱՊԿ հյուրերին, որպեսզի օդանավակայանում դիմավորի ՌԴ նախագահին: Այն անձին, ում չորս տարի առաջ դիմավորում էր ընդամենը նախագահականում: Այդպիսի փոխակերպումներ…