Քոչարյանի պաշտպանական թիմն ինքնաբացարկ ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին

Քոչարյանի պաշտպանական թիմն  ինքնաբացարկ ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստին այսօր պաշտպանական կողմն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։
Մինչ այս նախագահող դատավորը հայտարարեց, որ դատարանը ստացել է պաշտպաններից Հովհաննես Խուդոյանի գրավի միջնորդությունները՝ ինքնաբացարկ` Աննա Դանիբեկյանի եւ բացարկ` մեղադրող Պետրոս Պետրոսյանի վերաբերյալ։

Իր միջնորդությունը ներկայացնելիս պաշտպանը նշեց, որ, հաշվի առնելով դատարանի կողմնակալ վերաբերմունքը՝ խափանման միջոց գրավ կիրառելու վերաբերյալ, ներկայացնում են ինքնաբացարկի միջնորդություն։

«Ստացվում է, որ սույն քրեական գործով տիկին Դանիբեկյանը կանխակալ վերաբերմունք ունի պարոն Քոչարյանի նկատմամբ։ Կրկին ուզում եմ շեշտել՝ մենք ասում ենք, որ դատավորը տեղյակ է այնպիսի հիմքի, որ սույն գործի շրջանակում թույլատրելի է գրավի կիրառումը»։

Պաշտպանական կողմը միացավ ինքնաբացարկի միջնորդությանը։ 

Մեղադրող Գեւորգ Բաղդասարյանը հայտնեց դիրքորոշումը ինքնաբացարկի վերաբերյալ։
Նրա խոսքով՝ դատարանի պատճառաբանական մասի վերլուծությունից ակնհայտ է, որ որոշման մեջ վերլուծվել է ՍԴ-ի վերջին որոշման համատեքստում։ «Պաշտպանական կողմի միջնորդությունը հիմնավոր չէ, խնդրում ենք այն մերժել»,-եզրափակեց Բաղդասարյանը։

Մեղադրող Պետրոս Պետրոսյանն  էլ ասաց, որ սա իրավունքի չարաշահման դասագրքային օրինակ է․ «Փորձ է կատարվում դատական քննությունը ձգձգելու։ Սրա վերաբերյալ առիթ ունեցել ենք կրկնելու՝ միջնորդությունները պետք է համապատասխան փուլերով  ներկայացվեն։ Խնդրում ենք չբավարարել ինքնաբացարկի վերաբերյալ միջնորդությունը»։

Տուժողները, տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչները միացան մեղադրանքի կողմի դիրքորոշմանը։