Կրկնակի հարկման խութերը

Կրկնակի հարկման խութերը

5-10 րոպեանոց որոնումը Գուգլով մի հետաքրքրիր պատկեր բացահայտեց. հետխորհրդային տարածքում ՀՀ-ն ամենաբարձր (20%) եկամտահարկ ունեցող մի քանի երկրներից մեկն է: Մնացածների մոտ այն չի հասնում 15 տոկոսի: Ռուսաստանում, օրինակ, որտեղ հիմնականում կենտրոնացած է «խոպանչիների» մեծամասնությունը, այն կազմում է ընդամենը 13%: Նույնն, ի դեպ, Բելառուսում է, ուր ևս աշխատանք գտնելու հույսով մեկնում են հայաստանցիները: Իսկ Ղազախստանում, որտեղ բավական մեծ համայնք ունենք և, բնականաբար, աշխատանք գտնելու հնարավորություն, ավելի ցածր է՝ 10%:

Միաժամանակ, ՀՀ-ն ունի կրկնակի հարկումը բացառող պամանագրեր համարյա բոլոր նախկին հանրապետությունների հետ: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ հետխորհրդային որ երկիր էլ մեկնեն «խոպանչիները»՝ նրանք ստիպված են լինելու վերադառնալու դեպքում մուծվել Հայաստանում: Մեկ-երկու անգամ դա կարող է և տեղի ունենալ, սակայն այնուհետև կստանանք սովորական երևույթը. դա հանգեցնելու է արտագաղթի ավելացմանը: Ինչից չի կարողացել խուսափել նույնիսկ «թավշյա» իշխանությունը. 2021-2023 թվականներին Հայաստանից, ըստ նախխկին պատգամավոր Էլինար Վարդանյանի, արտագաղթել է 138 հազար մարդ: 

Այսինքն, նիկոլական «ժողովրդավարության բաստիոնի» պայմաններում վերջին երեք տարում «դատարկվել» է, ասենք, Գյումրին, որտեղից սկսվեց «նիկոլիզմի» հաղթարշավը՝ նրա ծննդավայր Իջևանն էլ վերադիր: Իսկ Հայաստանում կշարունակեն վերաբնակեցնել հնդիկներին, որոնք սկզբում կապահովեն իշխող կուսակցության ներկայացուցիչների վերընտրությունները ավագանու անդամների և համայնքապետերի պաշտոնում: Այնուհետև նրանց արագացված տեմպերով քաղաքացիություն կշնորհեն, և նրանք խորհրդարանում աստիճանաբար կփոխարինեն քպկական «ազգընտիրներին»: Այն անձանց, ովքեր համարձակություն կդրսևորեն ու ծպտուն կհանեն նիկոլական կառավարման ազգակործան հետևանքների վերաբերյալ: 

«Խոպանչիները» կամ, ինչպես կառավարության նիստում սահմանվեց, արտագնա աշխատանքով զբաղվողները եթե լինեին ինքնակազմակերպված, ապա աշխատանքային պայմանագրեր կկնքեին սկանդինավյան երկրների գործատուների հետ: Ֆինլանդիայում, օրինակ, եկամտահարկը կազմում է 56.95%, Դանիայում՝ 56%, Շվեդիայում 52.3%, Նորվեգիայում՝ 38.2%, իսկ հեռավոր Իսլանդիայում՝ 46.25%: Նշված երկրներից երկուսի՝ Դանիայի և Շվեդիայի հետ ՀՀ-ն ունի կրկնակի հարկումը բացառող պամանագիր՝ մնացած երեքի հետ էլ երևի դրա կնքումը ընթացքի մեջ է: Եվ եթե վերը նշված համաձայնությունները կայացվեին, ապա «ժողվարչապետի» կառավարությունը ոչ թե աշխատողների կաշին կքերեր հարկերով, այլ մի բան էլ ինքը նրանց կվճարեր եկամտահարկի տարբերությունը: Իսկ որ դա պետք է տեղի ունենար՝ կառավարության նույն նիստում խոստոովանեց նույնիսկ ինքը՝ ՀՀ «մեծարգո վարչապետը»:

Հ. Գ. Եթե հնդիկներին քաղաքացիություն շնորհելու գաղափարը ոմանց խիստ անիրական է թվում, ապա պետք է հիշեցնեմ, որ 2-3 տարի առաջ Հայաստանը հնդիկներով լցնելու մասին խոսում էր Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Սինանյանը: Իսկ այս օրերին էլ Հնդկաստանում (Բհարատում) է գտնվում ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարը հենց աշխատանքային միգրացիայի հարցերի կարգավորման նպատակով: