Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ես դռներ եմ բացում․ Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս օրերին պաշտոնական այցով Սերբիայի Հանրապետությունում է գտնվում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա վաղ առավոտից մի շարք հանդիպումներ ունեցավ Սերբիայի բարձր ղեկավարության հետ։ Հայաստանի նախագահին նախ ընդունեց Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ապա վարչապետ Անա Բռնաբիչը, այնուհետև Արմեն Սարգսյանն այցելեց Սերբիայի խորհրդարան, որտեղ հանդիպեց խորհրդարանի խոսնակ Մայա Գոյկովիչի հետ։ Պաշտոնական հանդիպումներից զատ՝ Արմեն Սարգսյանը այցելեց նաև Սերբիայի տեխնոլոգիական պարկ, ապա մեկնեց Սերբիայի հանրահայտ Միխայիլ Պուպինի անվան համալսարան։

Օրվա վերջում ամփոփելով Սերբիայում իր այցն ու հանդիպումները՝ Արմեն Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, շատ լավ արդյունքներ գրանցեցին, որոնք, եթե ընդհանուր ձևակերպենք, ըստ նախագահի, հարաբերությունների զարգացման լավ հիմք ստեղծելն է, որը իր լիազորությունների շրջանակում նա կարողացավ իրականացնել։ Իսկ որպես ավելի առարկայական արդյունք՝ Արմեն Սարգսյանը մատնանշեց ձեռքբերված այն որոշումը, որը ՀՀ քաղաքացիների համար պետք է ազատականցնեն Սերբիայի վիզային ռեժիմը, որպեսզի հայերը առանց մուտքի արտոնագրի կարողանան ազատ մուտք գործել Սերբիա։ Մյուսը Հայաստանում Սերբիայի դեսպանություն բացելու որոշումն է, և այս երկուսը, որքանով հասկացանք, կյանքի կկոչվեն մինչև տարվա վերջ։
Սերբիան նորագույն տենոլոգիաների զարգացման առումով առաջատար պետություն է, և Արմեն Սարգսյանի խոսքով՝ համագործակցությունը շատ բնական է լինելու մեր և սերբերի միջև՝ հասկանալով, թե ինչ կարող ենք մենք իրենցից վերցնել և ինչ կարող ենք տալ։ «Եվ մի՛ մոռացեք, որ Սերբիան այսօր ձգտում է ամեն ինչ անել, որպեսզի մոտակա ժամակներում դառնա Եվրամիության անդամ։ Այսինքն՝ մենք ձեռք ենք բերում մի երկիր, որը բարեկամ երկիր է մեզ համար և հույս ունեմ՝ ապագայում ավելի բարեկամ երկիր կդառնա»,-ասաց Արմեն Սարգսյանը։
Խոսվել է նաև առևտրաշրջանառության ծավալների ավելացման մասին՝ ամենատարբեր ուղղություններով։ 
Hraparak.am-ը հարցրեց Արմեն Սարգսյանին՝ բացի դեսպանություն բացելու և վիզային ռեժիմի ազատականացման հարցերից, որևէ այլ հարցում ռեալ պայմանավորվածություն ձեռք բերվե՞լ է Սերբիայի ղեկավարության հետ։
«Պայմանավորվածությունները շարունակվում են և դրանք լինելու են համագործակցության ոլորտում։ Դա կարող է լինել առանձին ընկերությունների մակարդակով, դա կարող է շարունակվել սրանից հետո, երբ որ կառավարական պատվիրակություն կգա, երբ որ դեսպանություն կունենանք, դա կարող է լինել գյուղատնտեսության տուրիզմի ոլորտում։ Կոնկրետ առաջարկները կան արդեն, ամենամեծ արդյունքը բարեկամական, ջերմ հարաբերություններն են։ Իմ դերը հնարավորություններ ստեղծելն է, ոչ թե վերջնական պայմանագիրը։ Ես դռներ եմ բացում։ Ես բացում եմ դռներ մեր դիվանագիտական հարաբերությունների համար, տնտեսական հարաբերությունների համար, քաղաքների միջև հարաբերությունների համար, տուրիզմի համար»,-ասաց Արմեն Սարգսյանը։