130 դպրոցի տնօրենին ծնողները մեղադրում են պրոթուրքական քարոզչության և դպրոցը ռեստորանի վերածելու մեջ

130 դպրոցի տնօրենին ծնողները մեղադրում են պրոթուրքական քարոզչության և դպրոցը ռեստորանի վերածելու մեջ

Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցի 2-րդ դասարանի մի քանի ծնողներ ահազանգում են. նորանշանակ տնօրենը՝ Նելլի Ղազարյանը բացահայտորեն թրքամետ իշխանություն և առհասարակ թուրքին է գովերգում, այսօր էլ միջոցառման ավարտին դիմեց հանդիսատեսին՝ այնպիսի խոսքերով, ինչը իրարանցում առաջացրեց ներկաների մեջ։

Այնուհետև նրա խոսքը զետեղվեց դպրոցի էջում։ Արցախցի մեր ծնողները մեկնաբանություններում մի 2 խոսք գրեցին, ինչն էլ զայրացրել է տնօրենին։

«Հայոց լեզվի մասնագետ տնօրենը լավ կլիներ ուշադրություն դարձներ դպրոցի հրապարակումների ուղղագրական սխալներին։ Երեխաները կարդում և ծաղրում են։

Լինելով թրքամետ իշխանության կամակատարը դպրոցում՝ նորանշանակ տնօրենի ամենաթողությամբ ամեն օր դպրոցի դասարաններում սնունդ և խմորեղեն են բերում, բաց- դասերը անցկացվում են հակահիգիենիկ տորթեր ուտելով և նկարները դպրոցի էջում տեղադրելով։ Բոլոր բաց դասերին ուտելիք է պահանջում, սեղանը զարդարում ադի-բուդիներով ու նմանատիպ վնասակար սնունդով՝ ստեղծելով սրճարանային միջավայր։ Ով է տեսել կրթելու, հայեցի դաստիարակելու փոխարեն դպրոցը էջը ողողել պիցցաներով և սնունդով։ Էլ չենք խոսում փոխտնօրենների ծնունդներին սերենադներ ու տորթեր դպրոց բերելու, դպրոցի բակում շոուներ կազմակերպելու մասին, փոխտնօրենն էլ պարում է բակում։ Ուզում ենք հարցնել հանրակրթության վարչության պետ տիկին Մարգարիտ Խաչատրյանին, արդյոք նորմա՞լ է այս իրավիճակը կրթօջախում։ Ընդամենը 1 տարի պաշտոնավարող տնօրենը չի վայելում դպրոցի կազմի համակրանքը: Մոտ 27 ուսուցիչ հեռացան դպրոցից, մեծ քանակությամբ աշակերտներ (թիվը մոտ 100-ով նվազեց), տիկին Նելլին դպրոց է բերում իր կադրերին՝ ծառայեցնելու իրեն և ծառայելու այս իշխանությանը։ Ահա մեր երեխաների կրթության պատասխանատուները։ Հուսով ենք, այս անգամ էլ տնօրենը չի ասի՝ ես չեմ ասել էդ խոսքերը դահլիճում, ես չեմ հասկացել, որ բաց դասին տորթ ու ադի-բուդիներ է սեղանիս, որովհետև ստելու վարպետ է։ Վերջին զանգին կիսամերկ նկարը՝ թերթում տպագրված, ասել էր՝ հերյուրանք է, դա ես չեմ։ Այսքան նմա՞ն մեր իշխանավորներին: Սրանց բոլորի կերպարն ու ձեռագիրը նույնն է»,- նշում են Նաիրի Զարյանի անվ. թիվ 130 դպրոցի 2-րդ դասարանցիների ծնողները:

Ծնողները նաև լուսանկար-սքրինշոթեր տրամադրեցին մեզ, թե ինչպես է նիկոլական տնօրենը դպրոցը վերածել էժանագին բիստրոյի և բացառապես ուտել-խմելու մասին է մտածում: «Հրապարակը» կապ հաստատեց Երևանի թիվ 130 տնօրեն Նելլի Ղազարյանի հետ` մեկնաբանություն ստանալու նպատակով: Տնօրենը լսելով մեր այն հարցը, որ ծնողները մեղադրում են իրեն պրոթուրքական քարոզչություն իրականացնելու մեջ, ասաց. «Ի՞նչ քարոզչություն, ես ոչ մի քարոզչություն չեմ իրականացրել, սակայն չեմ կարող խոսել, դիմեք Երևանի քաղաքապետարան», - ասաց նա:

Հարցին` ի՞նչ ուտելիքների պարտադրանքի մասին է խոսքը, տնօրենն ըստ էության չհերքեց այն հանգամանքը, որ իր ղեկավարած դպրոցում երեխաներին պարտադրում են դրամահավաքություն անել և ուտելիքներ գնել, ևս մեկ անգամ մեզ հորդորելով, որ դիմենք Երևանի քաղաքապետարան: Թե ի՞նչ կապ ունի Երևանի քաղաքապետարանը ծնողների մեղադրանքների հետ, որոնք անձամբ տնօրենին են ուղղված, մեզ համար անհասկանալի մնաց: