Ելիսեյան պալատը՝ Մակրոնի հրաժարականի մասին

Ելիսեյան պալատը՝ Մակրոնի հրաժարականի մասին

Ելիսեյան պալատը հերքել է տեղեկությունները, թե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է Breaking News-ը։

Գրել էինք, որ նման տեղեկություն էր հաղորդել Europe 1 ռադիոկայանը: Մասնավորապես նշվում էր, որ Մակրոնն իր շրջապատի հետ քննարկում է երկրի ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու հնարավորությունը, եթե աջերը հաղթեն առաջիկա խորհրդարանական ընտրություններում։ 

«Նախագահի հրաժարականը տաբու չէ, այսօր մենք պետք է դիտարկենք բոլոր սցենարները», - Մակրոնի մերձավորներից մեկի խոսքերն էր մեջբերել ռադիոկայանը: Միաժամանակ Europe 1-ը պնդում է, որ ինքը՝ Մակրոնը, վերջին շաբաթներին քննարկել է այս «ծայրահեղ սցենարը» իր զրուցակիցներից մեկի հետ։

Հիշեցնենք, որ կիրակի, Եվրախորհրդարանի ընտրություններում Մակրոնի Վերածնունդ կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել՝ շոշափելի տարբերությամբ զիջելով Ազգային Միավորում կուսակցությանը: Դրանից հետո Ֆրանսիայի նախագահը հայտարարել է Ազգային ժողովը լուծարելու և հունիսի 30-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելու մասին: