Հերթական փիառ փուչիկը

Հերթական փիառ փուչիկը

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության մայիսի 5-ի նիստում հայտարարել էր, որ սկսում են լաստանավային հաղորդակցությունը, եւ հունիսի 15-ից առաջին հայկական լաստանավը Վրաստանի Փոթիի նավահանգստից դուրս կգա ծով՝ հայկական բեռները տեղափոխելով դեպի Ռուսաստան՝ Պորտ Կավկազ նավահանգիստ։  Դրա համար ընտրվել էր անհայտ ծագման մի կազմակերպություն՝ C&M International լոգիստիկ ընկերությունը, որը պետք է ձեռք բերեր երկու լաստանավ, ստանար դրանց՝ ծով դուրս գալու թույլտվությունները եւ կառավարական սուբսիդիա։ Հունիսի 15-ից անցել է 10 օր, սակայն հայկական բեռներ տեղափոխող որեւէ լաստանավ ծով դուրս չի եկել։ Այսինքն՝ կառավարությունը հերթական անգամ խաբեց ժողովրդին, այս դեպքում՝ Լարսում առաջացած մեծ հերթերի պատճառով խնդրի առաջ կանգնած գործարարներին։

Հինգշաբթի օրը՝ կառավարության նիստից հետո, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մեր հարցին ի պատասխան, թե ինչ եղավ հայկական լաստանավի մեկնարկը, ասաց․ «Մեզ մնացել է միայն ստանալ Փոթիի օպերատորի՝ հոլանդական ընկերության՝ APM ընկերության թույլտվությունը»։ Իսկ ձգձգվելը, ըստ Քերոբյանի, պայմանավորված է եվրոպական երկրների կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող սանկցիաներով, հիմա բանակցում են, որ այդ սանկցիաները չկիրառվեն։ Հարցին՝ լաստանավերն արդեն ձեռք բերվե՞լ են, Քերոբյանը վստահեցրեց՝ այո․ «Ամեն ինչ պատրաստ է, բացի վերջին թույլտվությունից»։ Բայց ժամկետ չնշեց, ասաց՝ րոպե առ րոպե սպասում են հոլանդական ընկերության համաձայնությանը։ Մեր դիտարկմանը, թե գործարարներն ասում են, որ սա կառավարության փչած հերթական փուչիկն է, Քերոբյանն ասաց․ «Թերահավատությունը, իհարկե, մեր ազգին բնորոշ հատկություն է, բայց մենք գործերով ցույց կտանք եւ մեր արած աշխատանքով»։

Բայց գործարարների թերահավատությունը կառավարության տված խոստումների նկատմամբ հիմքեր ունի՝ առաջին դեպքը չէ, որ նրանք խաբում են ու մոլորեցնում մարդկանց, երբեմն էլ պարզվում է, որ միտումնավոր չեն ստում, այլ ուղղակի անտեղյակ են շատ հարցերից։ Օրինակ՝ մենք տեղեկացանք, որ վերոնշյալ C&M International ընկերությունը չի էլ գնել այդ լաստանավերը, որոնք պետք է ձեռք բերվեին բուլղարական ընկերությունից։ Իսկ թույլտվությունն էլ, Քերոբյանի նշած «հոլանդական ընկերությունը» դժվար թե տա՝ ՌԴ-ի դեմ սանկցիաների պայմաններում, քանի որ Հայաստանի կամ Քերոբյանի «խաթր» հազիվ թե դեմ գնան Եվրամիության քաղաքականությանն ու հրաժարվեն ՌԴ-ի դեմ իրենց պատժամիջոցներից։ Միակ տարբերակը Փոթիից մեկնակետը Բաթումի նավահանգիստ տեղափոխելն է, բայց դա էլ անհնար է, քանի որ հիմա այնտեղ գերբեռնված վիճակ է՝ նավերին տեղ չկա։ Բացի այդ, Վահան Քերոբյանը տեղյակ չէր, որ իր նշած APM ընկերությունը ոչ թե հոլանդական է, այլ դանիական՝ հիմնադրվել է խոշորագույն ծովային ընկերության՝ Maersk-ի կողմից։ Հետո էլ ասում են՝ ինչու չեն վստահում կառավարության խոստումներին։