Իրոք չե՞ն հասկանում

Իրոք չե՞ն հասկանում

BBC-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը քննադատել է նաեւ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը: Նրա կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին արտգործնախարարը պետք է խոսեր «վարչապետի հայտարարության՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ» սկզբունքի շրջանակներում եւ ավելին՝ զարգացներ»:

 Նավասարդյանը կարծում է, որ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը մնացել է օդում կախված, այն չեն զարգացնում, ուստի «դրա շուրջ շահարկումներ են լինում թե դրսում, թե ներսում՝ ընդդիմության կողմից»: Կարդում ես եւ զարմանում, Նավասարդյանն իրոք հավատու՞մ է, որ կա «Արցախը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունը դիվանագիտական խողովակներով զարգացնելու, միջազգայնորեն ընդունելի դարձնելու հնարավորություն, թե՞ պարզապես տուրք է տալիս ավանդական երեւույթապաշտությանը կամ էլ, որ ավելի ցավալի է, գիտակցաբար իշխանություններին մղում ի սկզբանե դատապարտված քայլերի: Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող մարդու համար պետք է որ պարզ լինի մի բան՝ գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, որ օժտված է միջնորդական մանդատով եւ 2007թ. նոյեմբերին կողմերին ներկայացրել է ԼՂ կարգավորման հայեցակարգ, որը հայտնի է «մադրիդյան սկզբունքներ» անվանումով եւ որի շուրջ էլ ընթանում են բանակցությունները: Արման Նավասարդյանը չգիտի՞, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների առաջնորդներն առնվազը չորս համատեղ հայտարարություն են տարածել եւ հրապարակայնացրել կարգավորման սկզբունքներն ու կից տարրերը:

Տեղյակ չէ՞, որ Հայաստանը եւ Ադրբեջանը 2008թ. նոյեմբերին ստորագրել են Մայենդորֆի հայտարարությունը: Իրազեկված չէ՞, որ այդ հիման վրա եւ Ռուսաստանի եռանդուն միջնորդությամբ կազմվել է Կազանի համաձայնագիրը, որը վերջին պահին չի ստորագրվել Ադրբեջանի նախագահի կողմից նախնական դիրքորոշումից հրաժարվելու պատճառով: BBC-ին, իհարկե, բանակցային հարթակ չէ, բայց ինչու՞ է հեղինակավոր լրատվամիջոցը հարցազրույց կազմակերպել Հայաստանի արտգործնախարարի հետ, ընդ որում՝ բավական տհաճ շեշտադրումներով: Թվում է, հենց այդ իրողության վրա պետք է մտասեւեռվի փորձագիտական հանրությունը: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն, ամենայն հավանականությամբ, շատ ճիշտ է գնահատել իրավիճակը եւ մնալով դիվանագիտական ոճի մեջ՝ թույլ չի տվել, որ Հայաստանը դիտել տրվի որպես «ոչ կառուցողական» կողմ: Սրանով նա լուծել է կարեւոր խնդիր: Գաղտնիք չէ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ս.թ. մարտի 9-ի հայտարարության տողատակերում Հայաստանի հասցեին ոչ նպաստավոր ակնարկներ կան, ինչից համառորեն փորձում է քաղաքական շահաբաժին կորզել Ադրբեջանը:

Զոհրաբ Մնացականյանը չեզոքացրել է այդ մարտահրավերը: Նրա  հարցազրույցն ազդակ է, որ Հայաստանը պատրաստ է մտնել բանակցային ռեժիմի մեջ, եթե համարժեք արձագանք ստանա Ադրբեջանից: Եթե՝ ոչ, ամեն ինչ կմնա՝ ինչպես կա:  Ի դեպ, Ադրբեջանում նրան հենց այդպես էլ հասկացել են: Նախկին արտգործնախարար Զուլֆուգարովն անսպասելի խոսել է արտաքին քաղաքականության մեջ Մամեդյարովի դարաշրջանի մոտալուտ ավարտի մասին: