Ադրբեջանական վտանգը շարունակում է աճել

Որքան հասկանում եմ՝ մերձբալթյան 3 երկրների ղեկավարությունը մի Նիկոլի չափ էլ չկա: Նույնիսկ ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ լինելը չի փրկում՝ ունենալով ման հովանավորություն, չեն կարողանում կողմնորոշվել իրենց վտանգավոր հարեւանի առումով: Հասկանալի է, որ խոսքը Ռուսաստանի մասին է: Երիտասարդների համար ասեմ, որ այդ 3 հանրապետությունը 2-րդ համաշխարհային պատերազմի ընթացքում մտան ԽՍՀՄ կազմ, սակայն այդպես էլ դա չընդունեցին ու 20-րդ դարի 90-ականներին անջատվեցին ԽՍՀՄ-ից: Լինելով ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ հիմա էլ ինչ-որ անբնական վախ ունեն ԽՍՀՄ-ի իրավահաջորդ Ռուսաստանից: Եվ եթե Լատվիայում (2022-ին՝ 24%) եւ Էստոնիայում (2021-ին՝ 23%) դրա գործոն կարող է լինել ռուսախոս բնակչությունը, ապա Լիտվայում (2022-ին՝ 5%) այդ խնդիրն առկա չէ: Չնայած դրան, 2022-ի պատերազմով պայմանավորված՝ համարյա բոլոր հակառուսական նախաձեռնություններում առաջին տեղը զբաղեցնում է Լիտվան: Ենթադրում եմ, հիմքը պետք է փնտրել պատմության մեջ (միասնական լեհ-լիտվական Ռեչ Պոսպոլիտա թագավորությունը)՝ հատկապես որ Ռուսաստանի նկատմամբ նման վերաբերմունք ունի նաեւ Լեհաստանը: Չնայած, ի տարբերություն մերձբալթյան երկրների, լեհերի նկատմամբ գերմանացիներն իրենց պահել են որպես զավթիչներ: Իսկ խորհրդային զորքերն ազատագրել են: Ու թեեւ այսօր փորձում են սրբագրել պատմությունը, դրանից այն չի փոխվում: Ինչեւէ, վերադառնանք մերձբալթյան երկրների ղեկավարների եւ Նիկոլի համեմատականին: Ի՞նչ են անում մերձբալթները՝ հրավիրում են գերմանացիներին, որ վերջիններս ապահովեն իրենց անվտանգությունը: Օրինակ՝ ԳԴՀ զինուժը 2027-ին ավարտելու է մշտական հիմունքներով մեկ ամբողջական ինքնաբավ ռազմական միավորի (ծանր տեխնիկայով հագեցած բրիգադի) տեղակայումը Լիտվայում: 4 հազար 800 հոգանոց բրիգադը պետք է Ռուսաստանից «պաշտպանի» ոչ միայն Լիտվան, այլեւ Լատվիան եւ Էստոնիան: «Պաշտպանել» բառը՝ չակերտավոր, քանի որ Ռուսաստանը ցանկություն չունի հարձակվելու ՆԱՏՕ-ի անդամ պետության վրա: Բայց քանի որ վախի աչքերը մեծ են, լիտվացիներն էլ որոշել են, որ ռուսներն անպայման կցանկանան վերականգնել ռուսական կայսրությունը, դրա դեմն առնելու երաշխիքը ՆԱՏՕ-ական Գերմանիայի ռազմական միավորի տեղակայումն են համարում:
Իսկ ի՞նչ է անում նման պայմաններում ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը: Սխալվեցի, ոչ թե՝ նման, այլ շատ ավելի իրական վտանգի պայմաններում: Որովհետեւ եթե մերձբալթյան երկրներ ռուսական ներխուժման վտանգը 1-100-ի սանդղակով նվազագույն՝ 1 միավոր կլինի, ապա Սյունիքի մարզի առումով ադրբեջանական վտանգը՝ 50-100 միավորի միջակայքում: Այդ պարագայում, ի տարբերություն լիտվացիների, վերը նշված անձը փորձում է լեզու գտնել թշնամու հետ՝ բավարարելով նրա բոլոր պահանջները: Բայց քանի որ մեր թշնամին ադրբեջանական ինքնությամբ թուրքն է, Նիկոլը չլինի, թեկուզ Իլհամը լինի, թշնամու պահանջները չեն ավարտվելու: Ավելի ճիշտ՝ կավարտվեն միայն այն ժամանակ, երբ այլեւս չի լինի Հայաստանը՝ թե՛ որպես անկախ պետություն եւ թե՛ նույնիսկ ադրբեջանական մարզի կամ թուրքական վիլայեթի կարգավիճակում: Եվ այդպիսի ավարտը կախված է լինելու ոչ թե Նիկոլի կամքից, այլ, ի հեճուկս նրա ցանկության, իրադարձությունների զարգացման տրամաբանությամբ պայմանավորված:
Իսկ «ի՞նչ պետք է անել» հարցի պատասխանն ավելի քան ակնհայտ է. ոչ թե փնտրել բազմաթիվ դաշնակիցներ՝ ինչպես միջազգային հարաբերությունների «լուրջ ստրատեգ» Նիկոլն է կարծում, այլ ընդամենը մեկ կամ երկու հզոր պետություն, որի շահերն այս տարածաշրջանում բախվում են կամ վաղը կամ մյուս օրը կարող են բախվել թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի հետ: Ու փորձել լեզու գտնել հենց այդ մեկ կամ երկու երկրի եւ ոչ թե թշնամու հետ: Այն թշնամու, որը բացահայտ հայտարարում է, որ Սյունիքն ադրբեջանական տարածք է, ու ինքն իրավունք ունի վերականգնել պատմական «արդարությունը»: Իսկ նրա թիկունքին էլ Թուրքիան է, որին դիմում է վերը նշված անձը՝ հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու խնդրանքով: Այն Թուրքիային, որի ղեկավարն էլ շարունակ հայտարարում է, որ իրենք բոլոր առումներով կանգնած են Ադրբեջանի թիկունքին: Ինչպես տեսնում ենք, ի տարբերություն մերձբալթյան երկրների ղեկավարության, Նիկոլը խաղաղություն է մուրում հենց թշնամուց, բայց, դրան ի պատասխան, ստանում է նորանոր սպառնալիքներ: Իսկ վտանգն էլ շարունակում է աճել, հայկական տարածքի անընդհատ գնդակոծումներն էլ՝ վերադիր:
Կարծիքներ