Ռիսկայնությունը «բալոնի կլյուչով» չեն որոշում, կան միջազգային չափանիշներ

Ռիսկայնությունը «բալոնի կլյուչով» չեն որոշում, կան միջազգային չափանիշներ

Արդարադատության նախարարությունը բացասական եզրակացություն է տվել սպանությունների եւ զինված բանդայի կազմակերպման համար ցմահ ազատազրկման դատապարտված եւ 1998 թվականից կալանավայրում գտնվող Արմեն Տեր-Սահակյանին վաղաժամկետ ազատ արձակելու մասով։ Դատավարությանը ժամանակին հետեւած անձինք կհիշեն, որ Տեր-Սահակյանը նման խիստ պատժի արժանացավ հատկապես այն պատճառով, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք տալուց հրաժարվեց, մինչդեռ Սիրադեղյանի գործի երկրորդ մասով անցնող ներքին զորքերի նախկին հրամանատար Վահան Հարությունյանը, որը ցուցմունք տվեց Սիրադեղյանի դեմ, 6 տարի ազատազրկման դատապարտվեց եւ վաղուց ազատության մեջ է։ 

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը, ով Արմեն Տեր-Սահակյանի փաստաբան Սուսաննա Սարգսյանի հետ միասին աշխատում է Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատ արձակման ուղղությամբ, մեզ հետ զրույցում նշեց, որ արդարադատության նախարարությունը Տեր-Սահակյանին համարել է «ռիսկային», մինչդեռ վերջին 6 ամիսների ընթացքում նա 3 անգամ խրախուսվել է կալանավայրի ադմինիստրացիայի կողմից, իսկ նախկինում արժանացել է դրական եզրակացությունների․

«Առաջընթաց չկա, ճիշտ հակառակը՝ կան բացասական դրսեւորումներ։ Երեկվա դրությամբ Արմեն Տեր-Սահակյանի վաղաժամկետ ազատումը մերժել են, իրեն գնահատել են ռիսկային։ Ի՞նչն է այստեղ խնդիրը․ Սերժ Սարգսյանի  իշխանության օրոք ինքը 3 անգամ դիմել է վաղաժամկետ ազատման, 3 անգամ էլ քրեակատարողական հիմնարկը եւ արդարադատության նախարարությունն իրեն տվել են դրական եզրակացություն, նոր հեղափոխական շրջանում Արմեն Տեր- Սահակյանը ստացել է 2 խրախուսանք, մեկ հատ պատվոգիր, ինքն ընդհանրապես ունիկալ կալանավոր է։ Դժվար է գտնել մարդու, ով 22 տարվա մեջ ոչ մի հատ տույժ չունի, այլ ունի խրախուսանքներ, մարդն իրեն կարողացել է պահել։ Այս անգամ արդարադատության նախարարությունը, չգիտես թե ինչու, որոշել է, որ ինքը ռիսկային է, ընդ որում՝ ներքին ինֆորմացիա ունենք, որ բուն քրեակատարողական հիմնարկն է իրեն խրախուսանք տվել, ապա տրամաբանությունից զուրկ է, որ ինքը կարող էր բացասական ստանալ։ Ներքին ինֆորմացիա ունենք նաեւ, որ դրական եզրակացություն է տվել նաեւ պրոբացիոն ծառայությունը, գնացել է, հասել է արդարադատության նախարարություն, եւ, բնականաբար, ցուցումով սարքել են բացասական։ Մենք զեկույցները պահանջել ենք իրենցից, դեռ չենք ստացել, որ տեսնենք, թե մեջն ինչ են գրել։ Պետք չէ փայլուն իրավաբան լինել՝ հասկանալու, որ 6 ամսվա մեջ իրեն 3 հատ խրախուսանք են տալիս, հետո՝ բացասական եզրակացություն, առավել եւս, որ նախկինում բոլոր եզրակացությունները եղել են դրական»։

Գալստյանին հարցրինք, թե ինչ դիրքորոշում ունի՝ ինչի՞ համար են բացասական եզրակացություն տվել։ «Ոչ միայն դիրքորոշում ունեմ, այլեւ համոզմունք ունեմ։ Արմեն Տեր-Սահակյանին 1999 թվականին փորձեցին մեղսագրել, որ ինքն իբրեւ ցանկացել է սպանել Վազգեն Սարգսյանին։ Քաղաքական դրդապատճառներ կան։ Եթե տրամաբանությամբ գնում ենք՝ արդարադատության այսօրվա գործող նախարարի, Վազգեն Սարգսյանի եւ Արմեն Զավենի Սարգսյանի կապը որ դնում ենք միմյանց կողք, տրամաբանությունը գալիս է։ Բայց մենք քաղաքականությունն էլ ենք դնում մի կողմ․ եթե այսօր պարոն Զեյնալյան Արտակը դրական եզրակացություն է տալիս Մհեր Ենոքյանին, լավ է, ես չեմ վիճարկում Մհեր Ենոքյանի ներման իրավունքը, բայց մարդուն, որն ունի 2 փախուստ, որոնցով նա դատապարտվել է հավելյալ 14 տարվա ազատազրկման, եթե այդ մարդուն տալիս ես դրական, ի՞նչն է խնդիրը, որ Արմեն Տեր-Սահակյանը դարձել է ռիսկային։ Ինչ վերաբերում է ռիսկայինին․ եթե այդ չափանիշներով նայում ենք, ապա մեր ամբողջ ազգն էլ ռիսկային է, ռիսկային է ամբողջ ժողովուրդը, քանի որ կրում է «դուխով» գլխարկներ, ռիսկային է մեր վարչապետը, քանի որ Հանրային ռադիոյի դուռը ջարդեց, փշալարերի վրա բարձրացավ, Սասուն Միքայելյանն ընդհանրապես ռիսկային է, քանի որ շշով խփեց Երանոսյանի գլխին։

Էսօրվա իրենց արդարադատության չափանիշներով որ նայում ենք, հանրապետությունում ոչ ռիսկային են միայն նախկին իշխանության անդամները, մյուսները բոլորը ռիսկային են, դուխով են, փողոց են փակում։ Ոչ մի տրամաբանական հիմնավորում չեն կարող բերել, եթե փաստաթղթերը չկեղծեն, որ Արմեն  Տեր-Սահակյանը ռիսկային է։ Բացի այդ՝ ուրիշ խնդիր էլ կա։ Եվրադատարանը նախադեպային որոշում ունի, որտեղ հստակ սահմանվում է, որ անձի բնութագրի ռիսկային-ոչ ռիսկային, դրական-բացասական լինելը չափվում է գործիքով, խոսքը «բալոնի կլյուչի» մասին չէ․ կան միջազգային չափանիշներ, որոնցով որոշվում է։ Այդ գործիքը ՀՀ արդարադատության նախարարությունը չունի, դատարան էլ չէ, որ ներքին համոզմունք ունենա, ներքին համոզմունքի իրավունքը տրված է քննիչին, հետաքննիչին, դատարանին եւ դատախազին, այլ ոչ երբեք արդարադատության նախարարության պրոբացիոն ծառայությանը։ Ինչո՞վ ես չափել ու որոշել։ Խրախուսանքներ ունի, փախուստի փորձեր չունի, 22 տարի խելոք նստած է եղել։ Արմեն Տեր-Սահակյանի դեպքում մի ուրիշ ֆենոմենալ հանգամանք կա․ ե՛ւ նախկին, ե՛ւ ներկա Քրեական օրենսգրքերը կատեգորիկ կերպով արգելում են հանցափորձի օժանդակության համար անձին ցմահ ազատազրկելը։ Ոչ մեկը չգիտի եւ չի էլ խոսում այդ մասին, որ Տեր-Սահակյան Արմենին ավարտված հանցագործություն մեղսագրված չէ, սպանություն մեղսագրված չէ։

Այդ ամբողջ ռեժիմը հետեւից ընկած՝ մեղադրանք է դրել միայն սպանության օժանդակությունը։ Ենթադրենք՝ արել է, ցմահ Քրեական օրենսգիրքը չի նախատեսում։ Միմիայն դա է եղել ամբողջ խնդիրը, որ Վանո Սիրադեղյանի դեմ ցուցմունք չտվեց։ Ես այսօրվա պես հիշում եմ իր դատական նիստը․ երբ որ դատախազն ասաց մահապատիժ, դատավոր Գագիկ Պողոսյանը տեղից թռավ ու սկսեց գոռալ, ասաց՝ Քրեական օրենսգիրքը կտրաքի, էս ի՞նչ եք ասում, գնացեք, նորից ուսումնասիրեք, տեսեք։ Գնացին, նորից ուսումնասիրեցին, հաջորդ օրը Գագիկ Պողոսյանն Արմեն Տեր-Սահակյանին դատապարտեց մահապատիժ։ Նույնիսկ եթե ինքն այդ բոլոր գործողությունները կատարել է, ինչ ասում են, ճիշտ է, ապա այդ հոդվածների համար իրեն առավելագույնը հասնում էր 10 տարի»։

Գալստյանի խոսքով՝ մահապատիժը որպես պատժամիջոց վերացնելուց հետո գործը պետք է գնար դատարան, մինչդեռ Ռոբերտ Քոչարյանը, նրան «ներում շնորհելով, ցմահ ազատազրկման է դատապարտել՝ պատժատեսակ չես ունեցել, ի՞նչն ես ներել»,- ասաց իրավապաշտպանը։
«1961 թվականի Քրեական օրենսգիրքը, որը գործել է մինչեւ 2003 թվականը, առավելագույն պատիժ սահմանել է կա՛մ մինչեւ 15 տարի, կա՛մ մահապատիժ։ Նույն օրենսգրքի 23-րդ հոդվածը հստակ՝ սեւով սպիտակին սահմանում է, որ մահապատժի դատապարտված անձին ներում տալու դեպքում, որը որ փոխվում է ազատազրկման, տալ 15 տարուց ավել, բայց ոչ ավել, քան 20 տարի։ Այսինքն՝ նույնիսկ ներման դեպքում իրեն պիտի տային 20 տարի։ Դա էլ չէ խնդիրը, հիմնական կուրիոզն այն է, որ 2003 թվականի օգոստոսի 1-ից, երբ որ նոր Քրեական օրենսգիրքն ուժի մեջ մտել է, մենք մահապատիժ պատժատեսակ՝ որպես այդպիսին, չենք ունեցել, ունենք ցմահ ազատազրկում։

Այսինքն՝ Արմեն Տեր-Սահակյանի մահապատիժը՝ որպես պատժատեսակ, վերացել է օրենքի ուժով։ Օրենքի ուժով վերացած մահապատիժը որոշել է մի հատ էլ վերացնել Ռոբերտ Քոչարյանը, վերացնելուց հետո էլ տվել է ցմահ։ Այն դեպքում, երբ օրենսգիրքն ասում է, որ նման դեպքերում՝ միայն դատարան։ Նա չի կարող, ներում տալու համար նախագահը պետք է պատժատեսակ ունենա, պատժատեսակ չես ունեցել, ի՞նչն ես ներել։ Վատն այն է, որ դրա մեջ է մտնում նաեւ Նաիրի Հունանյանը։ Դա նույնն է, որ գրպանահատության համար, որի համար նախատեսվում է 1 տարի, վերցնեն ցմահ տան»։