Վտանգավոր իրավիճակ

 Վտանգավոր իրավիճակ

Վտանգավոր իրավիճակ է։ Հանդատեցնողը, կրակը մարողը  տան մեծը, երկրի ղեկավարն է լինում, ով իր հանդարտ ու հավասարակշիռ խոսքով «ամեն ինչ իր տեղն է դնում»։ Բայց մեր տունը խառնվել է իրար, տան մեծը կրակի վրա անընդհատ բենզին է լցնում ու ավելի շիկացնում իրավիճակը։ Տարիուկես է ծխի, բռնոցիի, սկանդալային բացահայտումների մեջ ենք։ Հանրությունը՝ քաղաքական գզվռտոցների ցեխի մեջ է,  չի երևում ափը․․․ Ոնց որ  շոու լինի, որտեղ գլխավոր հերոսը չի ուզում, որ կրակը հանդարտվի, հենց մի փոքր թուլանում, վառելիք է հասցնում․․․

Նման վիճակում  ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի  հայտարարությունը սպեղանի էր, ով հանդես եկավ երկրի վարչապետին սթափեցնող կոչով՝ «Կանգ ա՛ռ»։ Ասաց ու հեռացավ։

Թե ով քաղաքական ինչ տողատակեր տեսավ դրա մեջ,  իրեն թողնենք, բայց այդ խոսքը երկիրը, իր ժողովրդին սիրող  մարդու խոսք էր, ով ճանապարհի կեսից հասկացավ, որ սխալ ուղղությամբ են գնում։ Քաղաքական կամք էր պետք, ընդունելու սխալը և կանգ առնելու, ընդունելու սխալը և իր առաջնորդին ասելու՝ «Կանգ ա՛ռ», անդունդ է։ Քաղաքական հետագա թեժացող իրավիճակները կվկայեն, որ այն ինչ Վանեցյանի հրաժարականից հետո կատարվել ու կատարվելու է, ԱԱԾ տնօրենը տեղյակ է եղել ու խուսափել է իր անձնական մասնակցությունը ունենալ։ Ու միայն իր մասին չի մտածել, վարչապետին էլ դիմել է՝ «Կանգ ա՛ռ»։

Արթուր Վանեցյանը Նիկոլ Փաշինյանի «սխալները տեսնող ու հակառակը ասող» մարդկանցից հազար գլուխ բարձր է, ու երանի, Փաշինյանը նման մարդկանցով շրջապատված լիներ։ Նրա շրջապատը ոչնչով չի տարբերվում փայտերով զինված մարդկանցից, ովքեր ոչ յուրային տեսնելուց խմբովի հարձակվում ու բռնում են նրան՝ հանձնելով իրենց «վոժդին»։ Փայտերով զինված յուրայինների պայքարը աղմկոտ է լինում ու շատ կարճ է տևում զինաթափումը։ Այսօր արդեն լրագրողների հետ ճեպազրույցում  ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Արթուր Վանեցյանի նման հայտարարություն անողի ուսադիրները պետք է նետել աղբամանը, ասել է .«Ոչ մեկ իրավունք չունի ասի, ես էլ եմ ուսադիր կրել, նման բան ոչ մեկ իրավունք չունի ասի»։ Փաստորեն թիմի անդամներն արդեն զգում են, որ այդ նույն բանը սպասվում է իրենցից յուրաքանչյուրին, ով հակառակ կարծիք կարող է հայտնել, ու աշխատում է ինքնապաշտպանական բնազդը։ Դա տարածվելու է։

Այստեղ կրկին անգամ կարևորվում է Տան մեծի գործելակերպը։ Կհանգցնի՞ կրակը, թե նորանոր օջախներ ստեղծելով անհնարին կդարձնի կրակի ճիրաններից տնեցիների ու  իր փրկվելը։ Նորանոր օջախները « քծնող մարդիկ են», ովքեր իշխանությանը մոտ լինելու «տաք գլուխներից բացի» ոչինչ չունեն։