ՌԴ-ն ինչ-որ պայմանավորվածություն ունի Թուրքիայի հետ․Սաֆրաստյան

ՌԴ-ն ինչ-որ պայմանավորվածություն ունի Թուրքիայի հետ․Սաֆրաստյան

Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող և «Խաղաղության աղբյուր» անունն ունեցող ռազմական ներխուժման շուրջ ՌԴ-ն տևական ժամանակ զարմանալի լռություն էր պահպանում, մինչև որ Լավրովը մի բավական լղոզված հայտարարություն արեց՝ ասելով, որ Մոսկվան հասկանում է Անկարայի մտահոգությունները, սակայն դրանք պետք է կարգավորվեն՝ Դամասկոսի շահերը հաշվի առնելով: «Մենք մշտապես՝ սիրիական ճգնաժամի հենց սկզբից, ուշադրություն ենք հրավիրել այն փաստի վրա, որ հասկանում ենք Թուրքիայի օրինական մտահոգությունն իր սահմանների անվտանգության համար»,-ասել էր Լավրովը։ Իսկ դրանից առաջ էլ  Daily Sabah-ի փոխանցմամբ՝ Էրդողանն էր Պուտինին ասել , որ պլանավորված գործողությունը կնպաստի Սիրիայի խաղաղությանն ու կայունությանը և ճանապարհ կհարթի Սիրիայում քաղաքական գործընթացների համար: Փաստորեն, շատ վերլուծաբանների սպասումները, որ Ռուսաստանի դիրքորոշումն այդքան միանշանակ չի լինի, չարդարացան։ Մինչդեռ, 2016-ին, երբ Թուրքիայի և Ռուսաստանի հարաբերությունները սարսափելի էին 2015-ին ռուսական կործանիչը թուրքերի կողմից խոցելուց հետո, և Պուտինն Էրդողանին սպառնում էր Ստալինգրադի ճակատամարտով, և առաջարկել էր տնտեսական պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ, ՌԴ-ն 180 աստիճանի տարբեր հայտարարություններ էր անում։

«Հրապարակ»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը ՌԴ դիրքորոշման հետ կապված ասաց․ «Ռուսաստանն այս դեպքում որոշել է չմիջամտել և կարծում եմ՝ հենց այնպես չի արել, Ռուսաստանն ինչ-որ մի բան ստացել է Թուրքիայից։ Դժվար է ասել՝ ինչ է ստացել Ռուսաստանը՝ կապված Իդլիբի նահանգի հետ, որտեղ նա չի կատարում ստանձնած պարտավորությունները և օժանդակություն է ցույց տալիս այնտեղ դեռևս պահպանվող այդ ծայրահեղական ուժերին։ Կամ՝ կապված զենքի բնագավառում այն մեծ գործարքների հետ, որոնք տեղի ունեցան Ռուսաստանի ու Թուրքիայի միջև և կարող են շարունակվել։ Ակնհայտ է, որ որոշակի համաձայնություն է ձեռք բերվել և Թուրքիան դրանից օգտվում է» ։

Նշենք, որ Սիրիա՝ թուրքական երկրորդ ներխուժման ժամանակ ռուսական կողմը բավականաչափ քննադատել էր թուրքական ներխուժումը՝ «Եփրատի վահանը»։Եթե այն  ԱՄՆ-ի հետ էր համաձայնեցված,ապա «Ձիթենու ճյուղը» ՌԴ-ի հետ՝ հաշվի առնելով, որ մեկը ՌԴ-ի վերահսկողության տարածքների մոտ էր, մյուսը՝ ԱՄՆ-ի։ Ռուբեն Սաֆրաստյանն ասում է ,որ այս անգամ պայմանավորվածություն է եղել նաև Թրամփի հետ։

«Առաջին անգամ, սրանից երկու ամիս առաջ, երբ իրավիճակը սրվել էր, այն նույն գործողությունները, ինչ հիմա է կատարվում, ԱՄՆ պաշտպանության նախարարը շատ հստակ հայտարարեց, որ դա ընդունելի է և դրանից հետո թուրքերը ամերիկացիների հետ սկսեցին բանակցել, սկսեցին համատեղ կենտրոն ստեղծել, որը պետք է այդ հարցերը լուծեր։ Իսկ վերջերս տեղի ունեցավ հեռախոսազրույց Էրդողանի ու Թրամփի միջև, որից հետո հայտարարվեց, որ ԱՄՆը-ն չի խոչընդոտելու Թուրքիային՝ իր այդ հարձակումն իրականացնելու հարցում»,- մանրամասնեց արևելագետը։  

Փաստորեն, երրորդ ներխուժման դեպքում Թուրքիան կարողացավ ստանալ ԱՄՆ-ի ու ՌԴ-ի աջակցությունը։ Մյուս կողմից, ԱՄՆ սենատի օրակարգում կա այս հարցով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հարց։ 

Հիշեցնենք, որ Սփյուռքի հանձնակատարը, երեկ մեզ հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե համարո՞ւմ են, որ այս շրջաններից սիրիահայերը ավելի լավ է ՝ գան Հայաստան,  հայտնեց, որ Թուրքիայի գործողությունները դատապարտած Հայաստանի կառավարությունը քննարկում է ամեն հնարավոր ու անհնարին տարբերակ։ Ռուբեն Սաֆրաստյանն այն կարծիքին է, որ սա այդ տարածքներում գտնվող մեր հայրենակիցների  տեղում որոշելու հարցն է՝ կամ գալ Հայաստան, կամ Սիրիայում առավել անվտանգ տարածքների վրա հաստատվել։

 «Սիրիահայերը, որքանով ես եմ հիշում՝ շատ մեծ ափսոսանքով են հիշում նախապատերազմյան շրջանը, որոովհետև նրանք Սիրիայում  ապրում էին շատ ապահով կյանքով և այստեղ եկածների մի մասն էլ դեռ հույսը չի կորցրել, որ կարող է վերադառնալ Սիրիա և կվերականագնվի իրենց ապահով կյանքը։ Գիտեք՝ էդ էլ պետք է հասկանալ »,-ասում է Սաֆրաստյանը։