Ալիեւը կհեռացնի՞ պաշտպանության նախարարին

Ալիեւը կհեռացնի՞ պաշտպանության նախարարին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հարցազրույց է տվել ,,Ինտերֆաքս-Ազերբայջան,, գործակալությանը եւ ասել, որ թեեւ ադրբեջանական ժողովուրդն սպասում է իր բանակի հաղթանակին, բայց «պատերազմը զինվորականները չեն սկսում, նրանք միայն հրաման են կատարում»: Հասանովը փաստացի Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանը եւ անձամբ Իլհամ Ալիեւին քննադատել է, որ չեն ընդառաջում ժողովրդի սպասելիքներին եւ չեն տալիս պատերազմ սկսելու հրաման: ճիշտ է, քիչ հետո նա փորձել է սրբագրել ասածը եւ մեկնաբանել, թե «միջազգային դրությունը թույլ չի տալիս պատերազմ սկսել»:

Բայց դրանով ավելի է խճճվել՝ այս անգամ էլ հօդս ցնդեցնելով Իլհամ Ալիեւի պնդումները, թե Ադրբեջանը «լիովին ինքնիշխան պետություն է եւ առաջնորդվում է բացառապես ազգային շահերով»: Պաշտպանության նախարար Հասանովը հակադրվել է դրան՝ ադրբեջանական հանրությանը հասկացնելով, որ Իլհամ Ալիեւն ինքնուրույն չի գործում, այլ կաշկանդված է միջազգային ազդեցիկ ուժերի մոտեցումներով: Հասանովի հարցազրույցը վկայում է, որ Ադրբեջանի զինվորական վերնախավի եւ քաղաքական ղեկավարության միջեւ խոր տարաձայնություններ կան պատերազմ սկսել-չսկսելու հարցում:

Տպավորություն է, որ զինվորականությունը դժգոհ է Իլհամ Ալիեւից, ինչի մասին պաշտպանության նախարար Հասանովը բավական թափանցիկ ակնարկներ է արել: Թերեւս դրանով է պայմանավորված շփման գծում իրավիճակի սրացումը: Զինվորականությունը, կարծես, այդ կերպ ազդակ է հղում Իլհամ Ալիեւին, որ իրադարձությունները կարող են զարգանալ բոլորովին այլ սցենարով: Զինվորականներն Ադրբեջանում երկու անգամ պետական հեղաշրջում արդեն իսկ իրականացրել են՝ 1992 եւ 1993թվականներին: Երրորդ փորձը, որ ձեռնարկվել է 1995թ.-ին, դաժանորեն ճնշվել է Հեյդար Ալիեւին հավատարիմ մնացած ուժերի կողմից: Իլհամ Ալիեւը կսպասի նոր խռովությա՞ն, թե՞ արագորեն պաշտոնանկ կանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին: