Դրանք հիմար զրույցներ են՝ Օքսֆորդին հասնելու մասին

Դրանք հիմար զրույցներ են՝ Օքսֆորդին հասնելու մասին

Մասնագիտական հանրույթը շարունակում է տեղը տեղին, ոչ քաղաքականապես, այլ մասնագիտորեն քննադատել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հայտնի նախագիծը, որով «Հայոց լեզու» եւ «Հայոց պատմություն» առարկաները դուրս են գալու ոչ մասնագիտական բուհերի դասացուցակներից։ Կատարվածին ամենաֆանտաստիկ բացատրություններն են տալիս, իսկ երեկ դասախոսներից մեկը պնդում էր, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Գառնիկ Անանյանի կողմից 5-րդ կուրսում բուհից հեռացված Նիկոլ Փաշինյանը ենթագիտակցորեն վրեժ է լուծում բուհերից։
Մենք զրուցեցինք ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի դասախոս Ռուբեն Սաքապետոյանի հետ։

- ԿԳՄՍ նախարարության աղմկահարույց նախագծի կողմնակիցների եւ նախարարության հիմնական փաստարկն այն է, որ դպրոցում անցնում են քերականություն, կարիք չկա, որ բուհում էլ անցնեն։ Իհարկե, խոսքը մասնագիտական ֆակուլտետների մասին է։

- Մենք բուհում այլ բան ենք անցնում, տվյալ առարկայի տերմինաբանությունն ենք սովորեցնում։ Մենք բուհում անցնում ենք «Խոսքի մշակույթի հիմունքներ», որի մեջ մտնում է ոչ միայն զուտ քերականություն, այլեւ հաղորդակցման նրբություններ, թե որ դեպքում ինչ բառ պետք է գործածել, ինչպես։ Սա վերաբերում է բոլոր ոչ մասնագիտական ֆակուլտետներին։ Իսկ քերականություն անցնում ենք այնքանով, որքանով։ Եվ հետո՝ դպրոցի երեխու ու ուսանողի խելքը նույն մակարդակի՞ են, եւ այդ առարկան դպրոցում ու բուհում այլ մակարդակներում են անցնում, այլ երեւույթներ են քննվում։

- Նիկոլ Փաշինյանի մեծապետական համեմատություններն ու ծրագրերը՝ հասնել Օքսֆորդին, Հարվարդին, միգուցե նաեւ՝ անցնել, տեղի՞ն եք համարում։

- Դրանք հիմար զրույցներ են։ Օքսֆորդում ինչ են անցնում, ինչպես են անցնում․․․ խոսողներն այդ մասին գաղափար ունե՞ն, որ խոսում են։

- Դե, ասում էր՝ եկեք խոսենք, քննարկենք։

- Հարցը հետեւյալն է․ յուրաքանչյուր ոք, ով ուզում է տվյալ ժողովրդին դիպչել, ստորացնել, վարկաբեկել կամ նման բան, սկսում է լեզվից։ Ռուսները հենց որ մի քիչ ուզում են այլ ժողովուրդների դեմ քայլեր անել, սկսում են լեզվի հարցեր առաջ քաշել։ Ռուսաց լեզուն պետական լեզու դարձնել, հայերենի գործածության ոլորտները սահմանափակել։ «Լեզվի մասին» օրենքը  մեր ամենակարեւոր օրենքներից մեկն էր, որ Լեւոնի ժամանակ ընդունվեց, եւ այն ժամանակ 4 կիսամյակ էր։ Հիմա 2 կիսամյակ էլ չեն ուզում անցնել։

- Կարծեմ՝ ոչ մասնագիտական ֆակուլտետների համար 60 ժամ՝ «Հայոց լեզու», 64՝ «Հայոց պատմություն», թեեւ կան լրիվ այլ առարկաներ, ասենք՝ «շրջակա միջավայր», որոնք գուցե ավելորդ են, բայց դրանց մասին չի խոսվում։

- Այո, բանասերներն անցնում են «Շրջական միջավայր», տեղյա՞կ եք, որ բանասերներն անցնում են «Մաթեմատիկայի հիմունքներ»։ Համալսարանում անցնում են Սահմանադրություն, պետական, իրավագիտական, տնտեսագիտության հիմունքներ։ Բա համալսարանը տալիս է համակողմանի գիտելիքներ, քաղաքացի է պատրաստում։ Եվ պատմությունն ու գրականությունն աշխարհայացքային երեւույթներ են՝ քաղաքացի են ձեւավորում։

- Հարցը՝ պարտադիր, թե ոչ, որոշելու են գիտխորհուրդներն ու ռեկտորները։ Ի՞նչ եք կարծում՝ ի՞նչ կորոշեն։

- Հաստատ կորոշեն հանել։ Մենք ժամանակին Բժշկականի ռեկտորի հետ ահագին կռիվներ էինք անում։ Նա էլ ասում էր՝ պետք չէ մեզ հայոց լեզուն։