Լսելով «աշխարհակալ» Թրամփին

Դոնալդ Թրամփը կարող է դառնալ աշխարհի խոշորագույն նվաճողներից մեկը: Նա կարող է առաջ անցնել Ալեքսանդր Մակեդոնացուց, Մոնղոլ խաներից, արաբ խալիֆաներից, թուրք սուլթաններից և անգամ իր ժամանակակից Վլադիմիր Պուտինից: Դոնալդ Թրամփն, ի դեպ, նշվածներից մի մեծ առավելություն ունի: Նա կարող է ողջ Հյուսիսային Ամերիկա աշխարհամասը միավորել մեկ պետության մեջ առանց մեկ հատիկ գնդակ կամ նետ արձակելու: Թրամփն առայժմ աչքադրել է Կանադան և Գրենլանդիա կղզին: Եվրոպան՝ մի փոքր ավելի ուշ: Նա արդեն իսկ հայտարարել է, որ թե կանադացիների և թե Գրենլանդիայում ապրող մարդկանց համար շատ ավելի լավ կլինի, եթե դառնան ԱՄՆ քաղաքացի: Թրամփի այս հայտարարություններին, ճիշտ է, լրջորեն չվերաբերվեցին Կանադայում և Գրենլանդիայում, բայց, ամեն դեպքում, Կանադայի վարչապետ Թրյուդոն այդ հայտարարությունների ֆոնին հրաժարական տվեց, իսկ Դանիայի Թագավորության ներքո գտնվող Գրենլանդիան փոխեց իր զինանշանը՝ սպիտակ արջի պատկերն ավելի ընդգծելով:
Դժվար չէ կանխատեսել, թե ինչ կկատարվեր աշխարհում, եթե նման բան հայտարարեր Պուտինը, ենթադրենք՝ Կիևի, Մերձբալթիկայի, Միջին Ասիայի, Հարավային Կովկասի և մասնավորապես՝ Արևմտյան Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին: Մինչդեռ Թրամփի հայտարարություններին, ընդամենը, լուրջ չեն վերաբերվում: Ինչո՞ւ: Որովհետև գիտեն, որ Թրամփը, եթե գնա այդ քայլերին, ապա դա կանի առանց ատոմային ռումբերի ու տանկերի և այնքան փափուկ, որ կանադացիներն ու գրենլանդացիները չեն էլ նկատի: Ավելին ասեմ, կանադացիներն ու գրենլանդացիները գուցե նույնիսկ ողջունեն Թրամփի այդ փայլուն գաղափարը: Ի վերջո, ասել է Թրամփը, թե Կանադան և թե Գրենլանդիան կան ու գոյատևում են ԱՄՆ-ի տնտեսության հաշվին, և ուրեմն ինչո՞ւ նրանք չմիավորվեն ԱՄՆ-ի հետ, և չդառնան նրա նահանգները… Թե չէ սա ի՞նչ է, պետական սահմաններ, անհարկի ձևականություններ…
Ասում եմ՝ բա մի քիչ մոտ չլինեի՞նք ԱՄՆ-ին, ու Թրամփը նաև մեր մասին այդպիսի հայտարարություն աներ: Մենք էլ «մեր փայ» մի թեթև չեմուչում անեինք ու ներքուստ ողջունեինք նրա հայտարարությունը:
Այլապես մեր հարևան նվաճողները նույն բանն են անում, սակայն պատերազմով ու արյունով: Հայկի ժամանակներից մինչև հիմա նույն վիճակն է՝ մեզ երբեք Թրամփի պես մի նվաճող չի հանդիպել, բոլորն՝ արյունարբու: Զարմանում եմ, թե ոնց ենք դիմացել ու մի բան էլ այնքան շռայլ եղել, որ մեզ թույլ ենք տվել մեր եռացող տարածաշրջանում Նիկոլի նման առաջնորդ ունենալ: Եսիմ, մազալու ժողովուրդ ենք, էլի: Աղաչանք-պաղատանք ենք անում, որ արյունարբու նվաճողը նստի մեզ հետ նույն սեղանի շուրջ և թուղթ ստորագրի մեր երկիրը չնվաճելու մասին: Մեզ նման մեկը կա՞ այս աշխարհում… Ոչ, մենք եզակի ենք: Հապա լսեք, թե Մակրոնն ինչ է ասել մեր մասին: Ըստ Ֆրանսիայի նախագահի՝ Ռուսաստանը փոխել է իր քաղաքականությունը Հարավային Կովկասում և 44-օրյա պատերազմի ժամանակ, դավաճանելով իր դաշնակից Հայաստանին, աջակցել է Ադրբեջանին: Մակրոնն ընդգծել է, որ դա տեղի է ունեցել այն պատճառով, որ Հայաստանում իշխանության է եկել Նիկոլ Փաշինյանի նման մի ուժեղ վարչապետ, որ դիմադրել է Ռուսաստանին:
Նիկոլական թերթերն ու կայքերը Մակրոնի խոսքերը, բնականաբար, տիրաժավորել են՝ չհասկանալով, որ Նիկոլի մեծ բարեկամ Մակրոնը ոչ թե բարձրացրել, այլ ուղղակի սատկացրել է Նիկոլին՝ որպես քաղաքական գործչի ու պետության ղեկավարի: Կարող է բնական հարց առաջանալ, չէ՞, այդ ի՞նչ ուժեղ վարչապետ էր Նիկոլը, որ չկարողացավ հաշվարկել, թե ինչ տեղի կունենա այն բանից հետո, երբ ինքը «մերժի» Պուտինին, դիմադրի և անգամ չընդունի պատերազմը դադարեցնելու նրա առաջարկները: Նորմալ վարչապետն այդ ամենը կհաշվարկեր, հարգելի Էմանուել Մակրոն: Արցախը մոտ մեկ տարի պաշարված էր, պարոն Մակրոն, և դա Ձեր ու մեր ուժեղ վարչապետի շնորհիվ: Եվ դուք, որ երկուսով ավելի «ուժեղ» էիք, չկարողացաք բեռնատարների հումանիտար շարասյուն հասցնել Ստեփանակերտ: Դե իսկ հետո՝ Պրահայում, դուք ավելի ուժեղացված կազմով՝ Դուք, Էրդողանը, Ալիևը և Նիկոլը, Արցախը հայտարարեցիք Ադրբեջանի մաս: Հայտարարողը, բնականաբար, Նիկոլն էր՝ քո «չնթռլո» ընկերը, բայց ծափ տվողը դուք էիք, չէ՞… Հրեն՝ Էրդողանն ու Ալիևը, Արցախը լափելուց հետո, իրենց Թրամփի տեղ դրած, Նիկոլին համոզում են, որ Հայաստանը մտնի Թուրքիայի ու Ադրբեջանի կազմի մեջ: Առայժմ փափուկ են համոզում, իսկ թե վաղն ինչ կանեն՝ չգիտեմ: Ռուսաստանն էլ, ինչպես Դուք եք ասում, փոխել է իր քաղաքականությունը Հարավային կովկասում և անցել թուրքերի կողմը, որովհետև Նիկոլը որոշել է դիմադրել Ռուսաստանին…
Այ սրա համար եմ ասում՝ ԱՄՆ-ը մի քիչ մոտ լիներ, գոնե մի թիզ սահման ունենար Հայաստանի հետ ու Թրամփը նաև մեզ միավորման առաջարկություն աներ: ԱՄՆ-ի նահանգ լինելն ավելի լավ չէ՞, քան թուրքական վիլայեթ դառնալը: Էն «ուժեղ» Նիկոլին էլ գոնե նահանգապետ կասեն և ոչ թե կայմակամ:
Կարծիքներ