Հ1-ի մրցութային հանձնաժողովը որոշում կկայացնի՝ առանց թեկնածուներին լսելու

Հ1-ի մրցութային հանձնաժողովը որոշում կկայացնի՝ առանց թեկնածուներին լսելու

Հանրային հեռուստաընկերությունը 5 ամիս է՝ տնօրեն չունի։ Հ1-ի տնօրենի մրցույթ է հայտարարվել, տնօրենին ընտրող մրցութային հանձնաժողովը թեկնածուների հայտերն ու կից պահանջվող փաստաթղթերն ուսումնասիրելու 5 օր ուներ։ Այս ընթացքում առաջադրված 13 թեկնածուից որեւէ մեկին մրցութային հանձնաժողովը հարցազրույցի չի հրավիրել։ Մեզ տեղեկացրին, որ այսօր՝ ուրբաթ օրը, հանձնաժողովը հավաքվելու է եւ որոշում է կայացնելու՝ 13 թեկնածուից տնօրեն ընտրելով, սակայն առանց նրանց տեսնելու եւ զրուցելու։

Հիշեցնենք, որ Հ1-ի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի ընտրության ժամկետների մասին Հանրային հեռարձակողի խորհրդի որոշման մեջ նշված է, որ փաստաթղթերն ընդունելու վերջնաժամկետից հետո (սեպտեմբերի 18-ը ներառյալ) մրցույթի կազմակերպման եւ անցկացման ժամանակավոր հանձնաժողովը փաստաթղթերն ընդունելու հաջորդ օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է մրցույթի մասնակիցների փաստաթղթերը եւ որոշում է ընդունում մրցույթում հաղթող ճանաչելու մասին։ Կարգում նշված է, թե պարտադիր չէ, որ բոլոր թեկնածուները կանչվեն։ Բայց առնվազն տարօրինակ է, որ մրցույթն անցկացվում է առանց թեկնածուի հետ զրուցելու, հարցեր տալու, նրա ծրագիրն ու պատկերացումները հասկանալու։ Այսինքն՝ իշխանությունը 5 անձ է նշանակել, որոնք դակելու են իր ցանկությունը՝ առանց պատշաճ մրցութային ընթացակարգի։  

Վաղուց արդեն շատերին հայտնի է, թե ով է լինելու Հ1-ի տնօրենը․ Փաշինյանն ընտրել է կառավարությանն առընթեր «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանին՝ «Ազատություն» ռադիոկայանի նախկին աշխատակցին։ Անցյալում էլ էին այլ կարեւոր մրցույթներում իշխանական թեկնածուներին անցկացնում, սակայն գոնե ձեւականորեն պահպանում էին մրցույթի տրամաբանությունը։ Այդպես արվեց նաեւ Ռադիոյի տնօրենի պարագայում, երբ մրցութային հանձնաժողովն օրեր շարունակ հանդիպում ու զրուցում էր թեկնածուների հետ, իսկ վերջում անցավ իշխանության սրտի թեկնածուն։ Մենք զրուցեցինք առաջադրված 13 թեկնածուներից մեկի՝ Հ2-ի երկարամյա ռեժիսոր Նունե Էլմասյանի հետ։ Նա ասաց, որ  որոշում ընդունելու վերջնաժամկետը լրանում է երկուշաբթի օրը՝ սեպտեմբերի 28-ին։ Այս պահի դրությամբ ոչ ոք հարցազրույցի չի հրավիրել, սակայն նա դեռ հույս ունի։ «Բայց դեռ 3 աշխատանքային օր է անցել։ Նաեւ իրենք գրել են, որ անպայման չէ, որ կանչեն»։ Պարզվեց՝ 5 աշխատանքային օրերը երկարաձգվել են մինչեւ սեպտեմբերի 28-ը, քանի որ «արանքում» եղել է մեկ ոչ աշխատանքային օր՝ սեպտեմբերի 21-ը, եւ շաբաթ-կիրակի։ Սակայն մեր աղբյուրներն ասում են, որ ոչ մեկը հարցազրույցի չի հրավիրվելու, ընտրվելու-նշանակվելու է Հովհաննես Մովսիսյանը։
Հիշեցնենք․ առաջադրված 13 թեկնածուների թվում են նաեւ 2018-ից «Երեմյան փրոջեքթս» ընկերության գեղարվեստական ղեկավար Հովհաննես Թովմասյանը, Armenian News Network-ի հիմնադիր, ղեկավար եւ հեռուստամեկնաբան, “30 minutes” (AMGA TV, Գլենդել, ԱՄՆ) հաղորդաշարի հեղինակ եւ վարող Արթուր Սահակյանը, «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր, 2013-2017 թթ․ Հանրային հեռուստաընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուդիկ Տեր-Գալստյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի պաշտոնակատար Արմեն Սարգսյանը եւ այլք։

Հիշեցնենք մրցութային հանձնաժողովի կազմը․ Արա Շիրինյան՝ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ (հանձնաժողովի նախագահ), Տիգրան Հակոբյան՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ, Մխիթար Հայրապետյան՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Արայիկ Հարությունյան՝ ԿԳՄՍ նախարար, Նունե Սարգսյան՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի գործադիր տնօրեն։

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Հ1-ի տնօրենի «ընտրության» 5 հոգանոց մրցութային հանձնաժողովը հավաքվում, ապա Նունե Սարգսյանը հայտնեց․ «Մենք ընդամենը նախապես հավաքվում ենք առաջին քննարկման համար եւ անպայման կանչելու ենք հարցազրույցի, մենք ընդամենը քննարկում ենք, իրավունք ունենք կարծիքներ փոխանակելու»։ Այսինքն՝ գործելու է ընտրության 20-օրյա ժամկե՞տը։ Նունե Սարգսյանն ի պատասխան ասաց՝ չէ, քսանօրյա չէ, իրականում՝ 5 աշխատանքային օրվա։ Նրան նաեւ  հարցրինք, թե, այնուամենայնիվ, ինչո՞ւ են մրցութային հանձնաժողովով հանդիպում՝ առանց թեկնածուներին լսելու։ Ն․ Սարգսյանը նկատեց․ «Թեկնածուները ներկայացրել են իրենց ծրագրերը, եւ մենք ընդամենը ընտրելու ենք մարդու, ում կանչելու ենք հարցազրույցի»։ Տպավորություն էր, որ Նունե Սարգսյանին հարցերը նյարդայնացնում էին, եւ նա առաջարկեց հարցերն ուղղել խորհրդին, որն էլ սահմանել է մրցութային հանձնաժողովի աշխատակարգը։ «Կանոնակարգը, ինչպես է այդ ամեն ինչը լինում, խորհրդի իրավասությունն է, խորհուրդն է որոշում։ Իսկ ընտրությունը, այո, անում է մրցութային հանձնաժողովը»։ Նույն պատասխանը ստացանք այն հարցին, թե հնարավո՞ր է, որ սահմանվի 20-օրյա ժամկետ։ 
Խորհրդից Ստեփան Զաքարյանն էլ չուներ այդ հարցի պատասխանը։ Ավելի ճիշտ՝ ասաց՝ «Դա հանձնաժողովը պետք է որոշի»։ Կարծում եմ՝ շատ ձեւականությունների հետեւից չեն ընկնի եւ վերջին օրվան՝ 28-ին հաջորդող 1-2 օրվա ընթացքում կհայտնեն, թե ով է հաղթող թեկնածուն։