Ինչո՞ւ են նշանակվել հենց այս նախարարները

Ինչո՞ւ են նշանակվել հենց այս նախարարները

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ 12 նախարարություններում նախարարներ է նշանակել։ Դրանցից միայն մեկում է՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում է, որ նոր մարդ է նշանակվել նախարար, մնացած 11-ում վերանշանակվել են գործող նախարարները։  Եվ այսպես, կրթության և գիտության նախարար է նշանակվել Արայիկ Հարությունյանը, առողջապահության նախարար՝ Արսեն Թորոսյանը, պաշտպանության նախարար՝ Դավիթ Տոնոյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար՝ Սուրեն Պապիկյանը, արդարադատության նախարար՝ Արտակ Զեյնալյանը, ֆինանսների նախարար՝ Ատոմ Ջանջուղազյանը, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Հակոբ Արշակյանը, արտաքին գործերի նախարար է վերանշանակվել Զոհրաբ Մնացականյանը, բնապահպանության նախարար՝ Էրիկ Գրիգորյանը, տնտեսական զարգացման և ներդրումների նախարար՝ Տիգրան Խաչատրյանը, արտակարգ իրավիճակների նախարար՝ Ֆելիքս Ցոլակյանը, և միայն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարն է, որ փոխվել է՝ նշանակվելով նախկին փոխնախարար Զարուհի Բաթոյանը, քանի որ նախկին նախարար Մանե Թաքնդիլյանը գնացել է Ազգային ժողով ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Նկատենք, որ Արմեն Սարգսյանը 17 նախարարություններից դեռևս միայն 12-ում է նշանակումներ արել: Մյուս հինգ՝ սփյուռքի, մշակույթի, գյուղատնտեսության, սպորտի և երիտասարդության հարցերի և էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները դեռևս առանց նշանակված նախարարի են։ Նրանցից երկուսն առհասարակ «անտեր են»՝ սփյուռքի և մշակույթի նախարարույթւոնները, մի քանի նախարարներ Մխիթար հայրապետյանն ու Լիլիթ Մակունցը ընտրույթուններից հետո դարձան պատգամավոր, մյուսներում էլ ժամանակավոր պաշտոնակատարներն են դեռևս ղեկավարում։ 

Հայտնի է, որ կառավարությունը մտաիդր է կրճատել նախարարությունների թիվը և օպտիմալացնել կառավարության կառուցվածքը՝ 17-ից դարձնելով 12, ինչն այս օրերին մեծ աղմուկի ու քննարկումների առիթ է տվել։ Եւ կրճատվելու կամ օպտիմալացվելու են հենց այն նախարարությունները, որոնցում նշանակումներ չեն արվել։

Վարչապետի նախկին խոսնակ, այժմ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը Hraparak.am-ին ասաց, որ վերոնշյալ 12 նախարարների նշանակումը օրենքի պահանջով է․ «Օրենքով կառավարության անդամների 2/3-ը պիտի նշանակվեն, որ կառավարությունը սկսի աշխատել, այդ տրամաբանությամբ են կատարվել նշանակումները, որից որևէ այլ բան ենթադրել հնարավոր չէ»։

Եղոյանը դժվարացավ ասել, թե կառավարության կառուցվածքի փոփոխությունների մասին նախագիծը երբ է քննարկվելու խորհդրարանում։ Միայն տեղյակ էր, որ երեկվա դրությամբ այդ նախագիծը դեռ խորհրդարան չէր եկել։ 

«Դա կառավարությունից է կախված, այսինքն՝ կառուցվածքի փոփոխությունը կառավարությունը կարող է ընդհանրապես չնախաձեռնել ու պարունակել աշխատել այնպես, ինչպես կա»,- ասաց Արման Եղոյանը։