«Հրապարակ». Գրառումների համար քաղաքացուն կալանավորելն աննորմալ երեւույթ է

«Հրապարակ». Գրառումների համար քաղաքացուն կալանավորելն աննորմալ երեւույթ է

«Ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում քաղբանտարկյալների պակաս երբեւէ չի զգացվել: Մշտապես բոլոր ընդդիմադիրները եղել են օրվա իշխանության թիրախում, նրանց դեմ քրեական գործեր են հարուցվել, հանրահավաքների մասնակիցներին են բերման ենթարկել: Դե, իսկ որպես պատիժ` նախնական կալանք խափանման միջոց են ընտրել ու փակել բանտերում: Այսօր եւս ընդդիմադիր հայացքներ ունեցող մի շարք գործիչներ, անգամ զոհված զինծառայողների ծնողներ, կալանավայրում են` առանց օրինական դատավճիռների. Արմեն Աշոտյան, Նարեկ Մալյան, Գարիկ Գալեյան, Լեւոն Քոչարյան, Տաթեւ Արցախ, Գրիգորի Խաչատուրով եւ այլք: 

Նախօրեին փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկացրեց, որ Տաթեւիկ Վիրաբյանը, նույն ինքը` Տաթեւ Արցախը, բանտախցում ուշագնաց է եղել: Ըստ փաստաբանի` արցախցի ակտիվիստի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նշենք, որ Տաթեւ Արցախը 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քույրն է, ունի երկու անչափահաս զավակ, կորցրել է տունը, եղբորը: Այժմ նա մեղադրվում է զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ, իսկ իրականում պատճառը նրա ֆեյսբուքյան գրառումներն են՝ իշխանությունների դեմ, փողոց դուրս գալու կոչերը, որոնք Քննչական կոմիտեն դիտարկել է որպես բռնության կոչ: Այսինքն՝ սա այն դեպքն է, որ ոչ թե մի հորինված քրեական մեղադրանք են առաջադրել, այլ չեն ամաչել եւ մարդու քաղաքական գործունեությունը, հրապարակային խոսքը դիտել են որպես հանցանք ու կալանավորել:

Ինչ խոսք, վատ բան է ցանկացած բռնության կոչը, անեծքն ու հայհոյանքը, սակայն ինչո՞ւ չեն նկատում իշխանությունների օգտին անիծողներին ու բռնություն քարոզողներին: Իշխանական եթերից ոմն Գնել Սարգսյան ամեն օր հերյուրանքներ եւ ատելության խոսք է տարածում, իշխանական բլոգերներ Ստյոպա Սաֆարյանը, Լեւոն Բարսեղյանը, Լյովա Եղիազարյանը եւ շատ ուրիշներ նույն բառապաշարն են օգտագործում` անպատիժ մնալով: Իսկ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանին մեղադրեցին ազգամիջյան թշնամանք հրահրելու մեջ, եւ նա դատարանի դահլիճում` բոլորիս աչքի առաջ, մահացավ: Հարց է առաջանում` Civic.am-ը, որն արցախցի ակտիվիստներին անվանել էր ղարաբաղցի ջարդարարներ, պատասխանատվության ենթարկվե՞ց, իհարկե` ոչ: Մեզանում արդարադատությունն ընտրովի է, մեղավորները պարտադիր ընդդիմադիր հայացքներ պետք է ունենան: Գործող իշխանությունների համար երկակի ստանդարտներ են գործում: 

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելն առհասարակ ընդունելի չէ: Նրա խոսքով` քաղաքացին պետք է կալանավորվի միայն ծայրահեղ դեպքերում, ինչ վերաբերում է կին ակտիվիստին կալանավորելուն եւ կալանավայրում նրա առողջական վիճակի վատթարացմանը, ապա, իրավապաշտպանի խոսքով, ահազանգ ստացել են փաստաբանից, առաջիկայում այցելելու են կալանավայր եւ եզրակացություն կազմեն. 

«Տաթեւ Արցախի փաստաբանը դիմել է ինձ, պատրաստվում ենք այց կատարել: Այց կատարելուց հետո առողջական վիճակի վերաբերյալ տեղեկություններ ենք վերցնելու, բժշկական փաստաթղթերն ենք ուսումնասիրելու, որից հետո պատրաստելու ենք գրություն՝ առողջապահության եւ արդարադատության նախարարության համար, բայց քանի դեռ չենք դիտարկել, չենք էլ կարող ինչ-որ հստակ բան ասել»: Հարցին՝ իսկ չե՞ք պատրաստվում դիմել միջազգային գործընկերներին, ի վերջո` կալանավորվածը զոհվածի քույր է, երկու անչափահաս երեխայի մայր, մեր զրուցակիցն ասաց. «Միջազգային զեկույցներում նմանատիպ դեպքեր ներկայացնում ենք: Փաստաբանները նման դեպքերում կարող են դիմել ՄԻԵԴ, մենք` իրավապաշտպաններս, դիմում ենք Խոշտանգումների կանխարգելման կոմիտե: Եթե անձի առողջական վիճակը վատ է, իսկ նա պահվում է կալանքի տակ, դա խոշտանգում է»: 

Զարուհի Հովհաննիսյանը չի հիշում նման դեպք, երբ գրառում անելու կամ ռեպլիկ թողնելու համար կին ակտիվիստ կալանավորվի։ «Նման դեպք չեմ մտաբերում: Գրառումների համար քաղաքացուն կալանավորելը պրակտիկա չէ: Դա աննորմալ երեւույթ է: Առհասարակ, մարդուն ազատությունից զրկելը չի կարելի ընդունելի համարել: Դա վերջին բանն է, որ կարելի է անել քաղաքացու նկատմամբ: Կան տարբեր միջոցներ, ստորագրություն՝ երկրից չհեռանալու պահանջով, գրավ, տնային կալանք եւ այլն: Ցանկացած երկրում, երբ ազատազրկումն է ամենատարածված խափանման միջոցը, դա արվում է պատժելու, նաեւ՝ հասարակությանն ինչ-որ բան ցուցադրելու համար: Ավելի կոնկրետ` ուզում են ցույց տալ, որ քաղաքացին կարող է իր կեցվածքի համար կալանավորվել»,- եզրափակեց Հովհաննիսյանը: