Փաշինյանին շտապ դաշնակիցնե՞ր են պետք

Փաշինյանին շտապ դաշնակիցնե՞ր են պետք

«Հայկական ժամանակ» թերթում օրերս մի բավականին սթափ ու սթափեցնող վերլուծություն կարդացի, որտեղ այսպիսի տողեր կային. «Հեղափոխությունն իր ամենադժվար օրերն է ապրում, եւ իշխանություններին միայն սոցկայքերում աջակցելը քիչ է: Անհրաժեշտ է իրական աջակցություն, եւ այդ աջակցությունը կարող է ցույց տալ միայն ժողովուրդը: Որովհետեւ հեղափոխու­թյան միակ շահառուն ժողովուրդն է: Այլ շահառուներ չկան, ու հենց դա է, որ բարդացնում է իրավիճակը»: Առաջին պահին ես այս ամենը ընկալեցի որպես կոչ վարչապետին. «Գնա, Նիկոլ Փաշինյան, մի հատ էլ արի, որովհետև ֆեյսբուքյան ռեսուրսը պրծնելու վրա է, իսկ ժողովուրդն էլ, կարծես, չգիտի ինչ անել»: Հետո հանկարծ հարց առաջացավ` իսկ ինչո՞ւ են հեղափոխության առաջնորդներն այս «գյոզալ» հեղափոխությունը հասցրել «ամենադժվար օրերի»: Իմ իմանալով` քանի դեռ ԱԺ ընտրություններ տեղի չէին ունեցել, նման հոդվածներ չէին գրում: Հիմա ստացվում է, որ ԱԺ ընտրություններից հետո, երբ նա 88 պատգամավոր տարավ խորհրդարան, ամեն ինչ կտրուկ վատացավ: Ինչ-որ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես է դա հնարավոր:

Հոդվածի հեղինակը կարծում է, որ հեղափոխության համար այս ծանր օրերից իշխանություններին կարող է հանել միայն ժողովուրդը, որն ըստ նրա` հեղափոխության միակ շահառուն է: Մի քիչ անհավատալի բան է ասում շահառուի մասով, բայց մենք համամիտ ենք հեղինակի այն մտքին, որ նման դեպքերում, այսինքն, երբ ժողովրդական իշխանությունները հայտնվում են չնախատեսված ք..-ի մեջ, նրանց փրկության հույսը միշտ մնում է ժողովուրդը: Ամեն ինչ, սակայն, կախված է այն բանից` կկանգնի՞ արդյոք ժողովուրդը ևս մեկ անգամ նույն հեղափոխության կողքին: Սա շատ նման է նույն գետը երկու անգամ մտնելուն, ինչը հազիվ թե ժողովրդի սրտով լինի:

Խնդրո առարկա հոդվածում հետաքրքրական մասեր շատ կան: Ի՞նչ արժե, օրինակ, այս խոստովանությունը. «… ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ հիմա, Նիկոլ Փաշինյանը քաղաքական դաշտում ոչ մի իրական դաշնակից չունի»: Լա՞մ, թե՞ խնդամ… Վախ, վախ, վախ,  Փաշինյանը քաղաքական դաշտում դաշնակից չունի: 2017թ. խորհրդարանական ընտրություններում դաշնակից(ներ) չունե՞ր: Ինչ եղան այդ դաշնակիցները 2018-ին, փախա՞ն, ինչո՞ւ:

Միայն չասեք, որ Փաշինյանը «խռիկ չտվեց» նրանց, այլ իրենց կամքով հեռացան: Բա հիմա ո՞նց անենք, երբ Փաշինյանն արդեն վարչապետ է, այն էլ սուպեր, ու նրան, հնարավոր է, ոչ մի դաշնակից էլ պետք չէ: Դաշնակցելն, ինչ է, պարտադրա՞նք, որ վերցնես ու վարչապետին պարտադրես քեզ հետ դաշնակցել: Մյուս կողմից էլ` մի մոռացեք, որ 2018թ. հոկտեմբերի 2-ի դրությամբ Փաշինյանը դաշնակիցներ ուներ, բայց, պահի ազդեցության տակ բռնեց և հենց փողոցում ստորագրեց այդ դաշնակիցներից հրաժարվելու հրամանագրերը:

Հետևյալ պարբերություններում ևս հոդվածագիրը չի դադարում մեզ զարմացնելուց: Նա ուղղակի հանճարեղ մտքերի տարափ է տեղում ընթերցողի գլխին, վերջինիս թույլ չտալով ուշքի գալ. «Դրան (դաշնակից չունենալուն, Էդ.Ա.) գումարվել են նաեւ հետեւյալ գործոնները: Առաջին՝ Ռու­սաստանում այդպես էլ չհամակերպվեցին այն մտքի հետ, որ ԵԱՏՄ անդամ երկրներից մեկում կարող է հեղափոխություն տեղի ունենալ, որի արդյունքում այդ երկիրը կսկսի շարժվել սեփական ներքաղաքական օրակարգով: Ու քանի որ Հայաստանում ավանդաբար մեծ թիվ են կազմում նրանք, ովքեր երկրի ապագան տեսնում են միայն Ռուսաստանի «ֆորպոստի» կարգավիճակում, նրանք որսացին Ռուսաստանից եկող ազդակները եւ կտրուկ ակտիվացրին իրենց գործունեությունը:

Հասկանայի է՝ դա ներկայացնելով որպես մտահոգություն պետության անվտանգությամբ (թեեւ բուն նպատակն այդ հարցերը շահարկելով ռեւանշի հասնելն է): Երկրորդ՝ Արեւմուտքն էլ իր հերթին տասնամյակներ շարունակ տարբեր մեխանիզմներով փորձում էր ազդել մեր հանրային գի­տակցության վրա եւ հասարակության մեջ այնպիսի արժեհամակարգ ձեւավորել, որն ի վերջո կհանզեցներ ժողովրդավարական անշրջելի բարեփոխումների: Արդյունքում՝ իսկապես ձեւավորվեց քաղաքացիական հասարակություն, որն էապես նպաստեց հեղափոխության հաղթանակին: Բայց հեղափոխությունը, պարզվեց, «գունավոր» չէր եւ բացառապես ներքաղաքական օրակարգ ուներ. Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը, մեծ հաշվով, չփոխվեց: Սա էլ իր հերթին նպաստեց, որ Արեւմուտքն ու արեւմտյան արժեհամակարգի անվերապահ նվիրյալները «սառեն» հեղա­փոխությունից (սովորաբար չափազանց ակտիվ այդ երիտասարդները չմասնակցեցին դատարանների շրջափակման ակցի­աներին ու մի կերպ թաքցված հրճվանքով ազդարարում էին, թե ակցիաներին շատ քիչ մարդ է մասնակցել): Մի խոսքով՝ իշխանություններն ու հեղափոխության կողմնակիցները պետք է հանեն վարդագույն ակնոցներն ու սթափ գնահատեն իրավիճակը»: Զգացի՞ք Աննա Հակոբյանի խմբագրած թերթի ռազմախը: Ամեն կին չէ, որ ամուսնուն կոչ կաներ` հանել վարդագույն ակնոցները: Հայկական իրականության մեջ դա նույնիսկ նոնսենս է: Բայց այստեղ դա չէ գլխավորը: Փաստորեն Փաշինյանի բախտը չի բերել նաև արտաքին դաշնակիցների գծով: Ռուսաստանը չի ընդունում «թավշյա» հեղափոխությունը, Արևմուտքն էլ, փոխանակ մեզ վերցնելու, հազիվ թևանցուկ արած` երես է դարձնում մեզնից, ինչ է, թե դատարանների վրա մի թեթև ակցիա ենք արել: Ասել է, թե Ռուսաստանն ու Արևմուտքն էլ հակահեղափոխական դուրս եկան:
Բա հիմա որտեղի՞ց դաշնակից ճարենք Փաշինյանի համար, որ նա չսպասի, թե երբ պետք է Ժողովուրդն այս «սոդոմ-գոմորում» տեսնի իր շահն ու քայլ անի` վատ օրեր ապրող հեղափոխությունը փրկելու համար:
Էդիկ Անդրեասյան