«Հրապարակ». Ենթադրելի է, որ Փաշինյանի թիրախը Սահմանադրության նախաբանն ու անփոփոխելի դրույթներն են

«Հրապարակ». Ենթադրելի է, որ Փաշինյանի թիրախը Սահմանադրության նախաբանն ու անփոփոխելի դրույթներն են

Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարարությունում հայտարարել էր, որ ՀՀ Սահմանադրությունն ամբողջովին փոխելու նպատակ ունի։ Քանի որ այն «մրցունակ չէ»` մեզ մրցունակ սահմանադրություն է պետք։ Փաշինյանի այս խոսքերից ակնհայտ է դառնում, որ Սահմանադրության փոփոխությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթում է, այսինքն՝ մեր պետության բարձրագույն իրավական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտը հարմարեցվում է Իլհամ Ալիեւի ցանկություններին։ Սահմանադրագետ Գոհար Մելոյանին հարցրինք` առհասարակ, ինչպե՞ս է որոշվում՝ սահմանադրությունը լա՞վն է, թե՞ վատը, մրցունա՞կ է, թե՞ ոչ։

«Առաջին հերթին կա հստակ գործիքակազմ, որպեսզի որակենք տվյալ երկրում տվյալ սահմանադրության լավ կամ վատ լինելը․ պետք է սահմանադրականություն գոյություն ունենա, այսինքն՝ թե ինչքանով են քո երկրում տվյալ սահմանադրությամբ հենց թեկուզ մարդու իրավունքներին վերաբերող դրույթները կյանքի կոչված։ Բաց այդ, կան նաեւ գիտական առումով համեմատական վերլուծություններ․ դիցուք՝ ինչքան էլ որ պիտակավորվում է մեր սահմանադրությունն այնպիսի ամպագոռգոռ եզրույթներով, ինչպիսիք են մրցունակ լինելը կամ էվոլյուցիոն զարգացմանը ոչ համընթաց լինելը եւ այլն, գեթ մեկ օրինակ չի բերվում, թե որեւէ դույթն ինչով մրցունակ չէ, ինչով է այն հետ մնում էվոլյուցիոն զարգացումից, որովհետեւ նույն 2015 թվականի սահմանադրական բարեփոխումների արդյունքում ընդունված տեքստը միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից բավականին որակյալ է գնահատվել, եւ իմ գնահատմամբ էլ` իրապես մենք այսօրվա դրությամբ բավականին որակյալ փաստաթուղթ ունենք։ Հնարավոր է, որ պետությունը նույնիսկ ունենա շատ հակիրճ՝ 3 տասնյակ հոդված պարունակող փաստաթուղթ, սակայն օրենսդրության այնպիսի կիրառում ունենա, սահմանադրականության այնպիսի բարձր մակարդակ լինի այդ երկրում, որ երբեւիցե հանրության մոտ, առավել եւս բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից նման ուղերձներ չհղվեն տվյալ փաստաթղթի որակի մասին։ Մեր սահմանադրության լավ կամ վատ լինելու հարցն օրակարգ է դարձնում մի պաշտոնատար անձ, ում օրոք եւ ում կողմից սահմանադրության հենասյունային սկզբունքներ են ոտնահարվել․ լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ նա շրջափակման կոչ է արել եւ անձամբ մասնակցել է օրենսդիր մարմնի շրջափակմանը՝ ոտնահարելով Սահմանադրության մեջ 2015 թվականին ուղղակիորեն սահմանված՝ իշխանությունների տարանջատման, զսպման ու հակակշռման սկզբունքը: Նրա կոչով շրջափակվել է դատական իշխանությունը՝ նրա քիմքին ոչ հարիր դատական ակտերի ընդունման համար։ Նրա օրոք խայտառակ բնույթի հետապնդումների է ենթարկվել Սահմանադրական դատարանը, եւ այդ գործընթացի պսակը եղել են հակասահմանադրական բնույթի սահմանադրական փոփոխությունները՝ ի հեճուկս այն հանգամանքի, որ Վենետիկի հանձնաժողովը տվել էր եզրակացություն, որ առանց Սահմանադրական դատարանի եզրակացության չէին կարող սահմանադրական փոփոխություններ տեղի ունենալ, սակայն իրենց քաղաքական ուժը որոշեց, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, բոլոր իրավական գործընթացները ոտնահարելով, ընդունել սահմանադրական փոփոխություններ՝ ՍԴ կազմը յուրայիններով լրացնելու նպատակով։ Սահմանադրության լավ կամ վատ լինելուց է խոսում մի գործիչ, ով մի քանի անգամ լրջագույն միջազգային փաստաթղթեր է ստորագրել՝ առանց ներպետական վավերացման գործընթացի։ Մի գործիչ, ում օրոք Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոտնահարված է, երբ Սահմանադրությամբ ունենք պահանջ, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը կարող է փոխվել բացառապես հանրաքվեի արդյունքում։ Ես բերեցի սահմանադրական նորմերի ուղղակի ոտնահարման դեպքեր...»,- ասաց Մելոյանը։

Սահմանադրագետի խոսքով՝ այն հանգամանքը, որ խոսվում է նոր սահմանադրության մասին, այլ ոչ թե սահմանադրական փոփոխությունների, թույլ է տալիս ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի թիրախում Սահմանադրության անփոփոխելի դրույթներն են․ «Մեզ համար գաղտնիք չէ, որ այս քաղաքական ուժն ի սկզբանե սահմանադրական փոփոխությունների օրակարգ ունեցել է, սակայն երբեւէ նոր սահմանադրության ընդունման մասին խոսք չէր գնացել։ Այստեղ 2 կոմպոնենտ կա․ տարբերությունը՝ սահմանադրական փոփոխությունների եւ նոր սահմանադրություն ընդունելու, ընդամենը տեխնիկական է: Սահմանադրական փոփոխություններով 4 հոդված եւ Սահմանադրության նախաբանը չէին կարող փոփոխել, այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ թիրախը հենց նախաբանն ու Սահմանադրության անփոփոխելի դրույթներն են։ Բացի այդ, հերթական հենասյունային արժեքի ձեւախեղումն է տեղի ունենում, այսինքն՝ ակնհայտ է, որ հայ ազգի բոլոր արժեքներն ու հենասյուներն ինչ-որ խեղաթյուրվեցին ու ոտնահարվեցին, եւ Սահմանադրությունն էլ, որպես այդպիսին, սիմվոլիկ նշանակություն ունի պետության համար, դրա համար էլ տարբեր երկրներում տեղի են ունենում փոփոխություններ, սակայն հիմնական օրենքը, որն ի սկզբանե ընդունվել է, դրա փոփոխությունը սիմվոլիկ նշանակություն կարող է ունենալ»։

Հնարավո՞ր է նոր սահմանադրություն ընդունել՝ առանց Անկախության հռչակագրին հղում տալու, չէ՞ որ Հռչակագիրն այն փաստաթուղթն է, որի ուժով գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունը։ «Հենց դա է լրջագույն վտանգը։ Մենք կարող էինք այս հայտարարություններին ուշադրություն չդարձնել, որովհետեւ 5 տարի եղել են սահմանադրական փոփոխության հարցերն օրակարգում, բայց մենք գիտակցում ենք, որ թիրախում են գտնվում անփոփոխելի դրույթները՝ մասնավորապես նախաբանը, ընդ որում՝ ԱԳ նախարարն էլ չի հերքել, որ սահմանադրական փոփոխությունները նաեւ արտաքին հարաբերությունների ուղեծրում են գտնվում, որովհետեւ ադրբեջանական եւ թուրքական կողմերը պահանջ են ներկայացնում սահմանադրական փոփոխությունների, իսկ Ադրբեջանի պահանջը հենց այդ հղումների` ՀՀ-ի՝ հետագա տարածքային նկրտումներից հրաժարումն է։ Սահմանադրության նախաբանը հղում է կատարում մեր 3-րդ հանրապետության հենասյուներին՝ Անկախության հռչակագրին, մեր պապերի թողած պատգամին, եւ այս ամենի վերացումը, նոր սահմանադրության ընդունումը ՀՀ 3-րդ հանրապետության սուվերենության հարց կարող են առաջ բերել»։