Ով եւ ում դեմ է դեմարշ անում

Ով եւ ում դեմ է դեմարշ անում

Ապրիլի 8-ի երեկոյան հայտարարվեց հայ ռազմագերիների նոր խմբի՝ հայրենիք վերադարձի մասին, որից հետո, սակայն, օդանավակայանում պարզվեց, որ ռուսական օդանավը Բաքվից վերադառնում է առանց գերիների։ Գերիների նոր խմբի վերադարձի մասին տեղեկությանը նախորդել էր Պուտին-Ալիեւ զրույցը, որ տեղի ունեցավ Պուտին-Փաշինյան մոսկովյան հանդիպումից հետո: Այդ զրույցից հետո Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց, որ Ադրբեջանում այլեւս ռազմագերիներ չկան, նրանք ահաբեկիչներ են։ 

Մինչդեռ մոսկովյան հանդիպման մասին Փաշինյանը հայ համայնքին պատմել էր, որ Պուտինի մոտ բարձրաձայնել է գերիների վերադարձի մասին, եւ նշել էր, թե Ռուսաստանի նախագահի հետ այդ հարցում ունեն նույնական մոտեցում: Ի՞նչ է տեղի ունեցել, ի վերջո, ինչո՞ւ հայտարարվեց գերիների վերադարձի մասին, բայց օդանավը Երեւան ժամանեց դատարկ, ավելի ճիշտ՝ Բաքվից Երեւան էր եկել Արցախում տեղակայված խաղաղապահների զորախմբի ղեկավար գեներալ Մուրադովը: 
Երեկ ողջ օրն այս հարցն էին քննարկում հասարակական-քաղաքական, քաղաքագիտական տարբեր շերտերում։ Կեսօրից հետո թեեւ մեզ հաջողվեց կարճ խոսել Մուրադովի հետ եւ ստանալ պատասխան, որ գերիների վերադարձի մասին պայմանավորվածություն չի էլ եղել՝ «ՀՀ իշխանությունները մոլորեցնում են սեփական ժողովրդին», սակայն քննարկումներն այդպիսով չդադարեցին։ Իշխանությունն իր քարոզչամեքենայի միջոցով շրջանառության մեջ դրեց վարկածը, որ տեղի ունեցածն Ալիեւի դեմարշն է Պուտինի դեմ, եւ որ Ռուսաստանն այլեւս տարածաշրջանում չունի նախկին ազդեցությունը, եւ խաղի կանոնները թելադրում է Թուրքիան։ Այսպիսով՝ ներկայացնում են, որ Ադրբեջանը փորձում է Ռուսաստանից Հայաստանի հաշվին նոր բան կորզել։ Մեկ այլ վարկածով՝ Ալիեւի օգնությամբ Պուտինն է հերթական խաղը խաղացել Նիկոլ Փաշինյանի դեմ։

Հայաստանի ռուսամետ գործիչները համաձայն չեն, թե Ռուսաստանը տարածաշրջանում կորցրել է «ասողի» կարգավիճակը։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Արման Աբովյանի կարծիքով, ճիշտ հակառակը՝ Ռուսաստանի դերը «կտրուկ» աճել է, իսկ հնչած կարծիքները, թե պայմանավորվել են, հետո մերժվել, ընդամենը ենթադրություններ են․ «Մենք չունենք հստակ ինֆորմացիա՝ պայմանավորվե՞լ էին, թե՞ ոչ, հետեւաբար, չունենք վերլուծելու նյութ»։ Բայց ԲՀԿ-ական պատգամավորը վստահ է, որ Ռուսաստանը ջանքեր է գործադրում գերիների վերադարձի համար։

«Պետք է փաստել, որ հայ գերիների՝ պատանդների գործոնը դարձել է ոչ միայն հետպատերազմյան հարց, այլեւ տարածաշրջանային մեծ խաղի էլեմենտ, եւ հաշվի առնելով թուրքերի եւ ադրբեջանցիների անմարդկային, տեռորիստական կեցվածքը՝ մենք պետք է պատրաստ լինեինք, որ իրենք ամեն կերպ փորձելու են շահարկել այդ գործոնը։ Գործընթացը բավականին նուրբ է, ցավոք, կապված է տարբեր տարածաշրջանային զարգացումների հետ, եւ չենք կարող ասել, թե ՌԴ-ն ի վիճակի չէ մեր գերիներին վերադարձնել»,- ասում է Աբովյանը։ «Ուրիշ բան, որ ՀՀ իշխանությունները ոչ ադեկվատ գնահատականներ են տալիս, այս ֆոնի վրա թուրքահաճո հայտարարություններ են անում՝ ասելով, որ պետք է լավացնել հարաբերությունները Թուրքիայի հետ, դրանով առաջինը վատացնում են իրավիճակն առհասարակ եւ դրա հետ մեկտեղ տանում են պատերազմի։ Մենք պետք է հասկանանք՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան հարաբերությունները լավացնելու խնդիր չունեն, եւ մեր պատանդների գործընթացը ցույց է տալիս իրենց վերաբերմունքը մեր նկատմամբ»։ 

«Իմպոտենտներն իրենց անկարողության հարցում միշտ ուրիշներին են  մեղադրում»,- իշխանական վերսիաներին այսպես է արձագանքում Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը։ Որ  Ռուսաստանի դերը տարածաշրջանում նվազել է, նա չի հերքում․ «Այո, հիմա Ռուսաստանն ունի բազմաթիվ խնդիրներ եւ ինքը թույլ տվեց, որ Թուրքիայի ազդեցությունն այստեղ մեծանա՝ ինչ-ինչ պատճառներով, դա այլ հարց է, որում մեղավոր է նաեւ Հայաստանը։ Ռուսներն ուշացած քայլ արեցին՝ խաղաղապահների տեղակայումը նկատի ունեմ, ավելի շուտ պետք է մեր տարածաշրջանի անվտանգությունը ստանձներ, բայց, կրկնում եմ, Հայաստանի մեղքն էլ կար»։ Սակայն Ա․ Սարգսյանը համաձայն չէ, թե գերիների խնդիրը սրա հետ կապ ունի․ «Մուրադովը հստակ ասաց, որ դա ձեր իշխանությունների կողմից սադրանք է։ Սա նշանակում է, որ կամ նրանք, ովքեր տեղյակ էին, որ Մուրադովը չի գնացել գերիներ բերելու, այլ ուրիշ հարցով է գնացել, հատուկ արտահոսքեր կազմակերպեցին, հետո հաստատեցին, որպեսզի սադրեն եւ հատուկ ցուցադրեն, թե Ռուսաստանն է մեղավոր։ Բայց սուտն արագ բացահայտվեց»։

Հիշեցնենք, որ գերիների վերադարձի մասին լուրն առաջինը իշխանական լրատվամիջոցները տարածեցին, եւ այն հաստատեցին թե՛ Նիկոլ Փաշինյանի խոսնակը, թե՛ փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավարը։ Երեկ քննարկում էին, որ իրականում Փաշինյանը Մոսկվայում քննարկել է Մեղրիի միջանցքի հարցը, իսկ գերիների թեման ասպարեզ է բերվել, որ իր համար «ալիբի» ստեղծի, թե գերիների դիմաց է միջանցքը տալիս։

Գերիների վերադարձի ձախողման ողջ մեղքն ու պատասխանատվությունը, Սարգսյանի խոսքով, պետք է փնտրել ՀՀ իշխանությունների գործողություններում․ «Եթե իրենք խայտառակ փաստաթղթում չեն հստակեցրել, թե ինչպես պետք է լինի, եթե ստորագրումից գրեթե անմիջապես հետո հայկական կողմը վերադարձրեց ադրբեջանցիներին, ընդ որում՝ երկու հանցագործներին էլ, ու սպասում են, որ դիմացի կողմն ազնիվ կգտնվի եւ կանի նույնը, չարաչար սխալվում են։ Ո՞վ է մեղավոր, իհարկե՝ հայկական կողմը, պետք է սպասեր, որ մեր բոլոր գերիներին վերադարձնեին, կամ առնվազն այդ հանցագործներին պատանդ պահեր, մինչեւ մեր գերիներին կհանձնեին»։
Նիկոլ Փաշինյանն իր վարած քաղաքականությամբ վստահելի գործընկեր չէ ո՛չ Արեւմուտքի, ո՛չ Ռուսաստանի համար, առանձնապես աչքի չի ընկել Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ իր իշխանության ժամանակ ամեն ինչ արել է հայ-ռուսական հարաբերությունները փչացնելու ուղղությամբ, այդ քաղաքականությունը, Արամ Սարգսյանի խոսքով, նա շարունակում է մինչ օրս, ուստի պետք չէ ինչ-որ բան ակնկալել Ռուսաստանից։ «Պետք է դադարենք տեր փնտրել ու մեր հարցերն ինքներս պետք է լուծենք, հատկապես որ ցանկացած պետություն ընկերություն է անում կամային եւ սկզբունքային իշխանությունների հետ, որից մերոնք հեռու են»։