Հարցերի տարափի տակ ընդամենը շփոթմունք է տեղի ունեցել. Վահե Հակոբյանը՝ ՊՈԱԿ-ում աշխատելու մասին

Հարցերի տարափի տակ ընդամենը շփոթմունք է տեղի ունեցել. Վահե Հակոբյանը՝ ՊՈԱԿ-ում աշխատելու մասին

«Հրապարակ»-ը զրուցել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, երեկվանից իշխանական շրջանակներն ակտիվ քննարկում են ՊՈԱԿ-ում աշխատելու տարեթվերի մասին Ձեր խոսքում և պաշտոնական կենսագրությունում տեղ գտած հակասությունը, ինչպե՞ս կմեկնաբանեք:

-Ակնհայտ է, որ հարցերի տարափի տակ ընդամենը շփոթմունք է տեղի ունեցել, և տարվա փոխարեն «ամիս» բառն եմ օգտագործել: Անկեղծ ասած, ելույթի պահին 3 տարի էի հիշում, որովհետև բավականին երկար ժամանակ է անցել, սակայն, ինչպես ես նշել եմ իմ պաշտոնական կենսագրության մեջ, որը հրապարակված է նաև ԱԺ կայքում, ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ում աշխատել եմ 2011-2016թթ.: 

-Հիմնականում ի՞նչ գործառույթ եք իրականացրել և որքա՞ն եք ծանրաբեռնված եղել:

-Ձևակերպված եմ եղել ¼ դրույքով, ներգրավված եմ եղել կիբերանվտանգության ապահովման աշխատանքներին, որի համար անհրաժեշտ էին իմ նախին աշխատանքային փորձն ու կապերը, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ համագործակցության համար: 

-Այսինքն, բարձրացված աղմուկը պարզապես վրիպակի՞ արդյունք է:

-Անշուշտ: Այդ աղմուկի հեղինակներն այն մարդիկ են, ովքեր հակաադրբեջանական քարոզչության դիմակայման գործում մասնագիտացված այդ լրջագույն կառույցը վերջին 3 տարում վերածեցին «Նիկոլի ֆեյքերի ՊՈԱԿ-ի»: Նախկին ՊՈԱԿ-ը քանդելու հետևանքները զգացվեցին և՛ 44-օրյա պատերազմի ընթացքում, և՛ զգացվում են մինչ օրս: