Արդյո՞ք Հովհաննիսյանի ատենախոսությունն արտագրված է Ավետիս Քալաշյանի աշխատություններից

Արդյո՞ք Հովհաննիսյանի ատենախոսությունն արտագրված է Ավետիս Քալաշյանի աշխատություններից

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը գրել է.

«Սովորաբար, գողությունը հեշտ է բացահայտվում, երբ այն իրականացվում է տուժողի հարևանների, բարեկամների և ընկերների կողմից: Վերջիններս ի սկզբանե հայտնվում են իրավապահների տեսադաշտում, որովհետև նրանք ամենից շատն են առնչվում տուժողի հետ և, հետևաբար վերջինիս վերաբերյալ լիարժեք տեղեկատվություն ունեն:

Նույնը գրագողության բնագավառում: Այնպես, ինչպես գողերը, գրագողերը միամտաբար մտածում են, որ չեն բացահայտվի, եթե գրագողություն իրականացնեն գործընկերներից, պաշտոնակիցներից կամ ընկերակիցներից: Հաշվարկը պարզ է: Նախ՝ քչերն են, որ անձանց գործողությունների մեջ ի սկզբանե անբարոյականություն տեսնում և երկրորդ՝ քիչ է հավանականությունը, որ գործընկերները, պաշտոնակիցները կամ ընկերակիցները բողոքեն գրագողության դեմ և հանրայնացնեն այն: Ի վերջո, գրագողը կարող է նաև պայմանավորվել վերջիններիս հետ:
Բազմիցս գրել եմ, որ ԵՊՀ ռեկտորի այսրոպեական ժ.պ. Հովհաննիսյան Հովհաննեսի (այսուհետ՝ այսրոպեական) դոկտորական ատենախոսությունը, գրագողության իմաստով, ողջամիտ կասկածներ է առաջացնում: Հետաքրքիրն այն է, որ այսրոպեականի ատենախոսությունը շատ նման է (կրկնում է) ԵՊՀ կրոնի պատմության և տեսության ամբիոնի վարիչ Ավետիս Քալաշյանի որոշ աշխատություններին: Չեմ պնդում, որ հավանական գրագողությունը միայն Քալաշյանից է: Այսրոպեականի «աշխատությունը» նման է (կրկնում է) նաև ռուս գիտնականներ Ա.Սպասկու,Դ.Գուսևի,Ա.Կարտաշևի և Ա.Լեբեդևի աշխատություններին:

Սակայն, թողնենք ռուս գիտնականներին և անդրադառնանք Ավետիս Քալաշյանին: Ինչպես հասկացաք, վերջինս այսրոպեականի գործընկերն է, ընկերակիցը կամ, գոնե պաշտոնակիցը, քանզի նրանք նույն հիմնարկում են աշխատում և նույն գիտական հետաքրքրություններն ունեն: Արդյո՞ք այսրոպեականի ատենախոսությունն արտագրված է Ավետիս Քալաշյանի աշխատություններից: Անշուշտ, այս հարցի պատասխանը կարող են շատերը տալ, սակայն Քալաշյանի պատասխանը ամենից կարևորն է: Չէ՞ որ հնարավոր գողությունն իրենից է կատարված և ինքը պետք է հիմնական պահանջատերը լինի:

Այսրոպեականի (գրա)գողության մասին շատերն են խոսում, սակայն Ավետիս Քալաշյանը լռում է: Տրամաբանությունը հուշում է, որ եթե գրագողություն չլիներ, ապա վերջինս չէր լռի՝ կհերքեր: Եվ ուրեմն, բացատրությունը մեկն է՝ Ավետիս Քալաշյանի և այսրոպեականի միջև առկա է պայմանավորվածություն: Եթե խոսքը գողության մասին լիներ, ապա այսօրինակ պայմանավորվածությունը հանցակցություն կանվանվեր:

Անդրադառնալով գողության կամ գրագողության բացահայտման հավանականությանը, նշեմ, որ այսրոպեականը չէր բռնվի, եթե գրագողությունն իրականացներ, օրինակ՝ հայտնի գիտնական Մարգարյան Տարոնի կամ պատմափիլիսոփայության դոկտոր պ-ն Լիսկայի աշխատություններից: Այս անվճար խորհուրդը տալիս եմ ապագա գրագողերին»: