Ցանկացած պարտությունից արդարացում չկա

Ցանկացած պարտությունից արդարացում չկա

Եվրո-2020-ի որակավորման փուլի J խմբի նախավերջին՝ 9-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալել էր Հունաստանի ընտրանուն:

Հանդիպման միակ  գնդակը  34-րդ րոպեին հույների կազմում խփեց Դիմիտրիոս Լիմնիոսը: 

Հայաստանի հավաքականի կազմում Արթուրթ Սարկիսովը գոլ խփեց, սակայն եզրային մրցավարը խաղից դուրս վիճակ արձանագրեց։ Ընդհանուր առմամբ, Հունաստանի հավաքականը շատ ավելի լավ տպավորություն թողեց ողջ խաղի ընթացքում։

Այսպիսով,  նորանշանակ գլխավոր մարզչի՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականն իր առաջին պարտությունը կրեց։

Հունաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանթ Սխիպը Եվրո-2020-ի ընտրական փուլում Հայաստանի նկատմամբ տարած հաղթանակից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ  նշել է․ «Ուրախ եմ մեր թիմի ցուցադրած խաղի ու հաղթանակի համար: Առաջին կեսում մեծ ճնշում էինք գործադրում, տղաներն արեցին այն, ինչ նրանցից պահանջվում էր: Երկրորդ կեսում հայերն առաջ նետվեցին, իսկ մենք ցույց տվեցինք, որ կարողանում ենք պայքարել: Երկրորդ գոլի համար լավ հնարավորություններ ունեինք, ցավոք չկարողացանք երկրորդ գոլը խփել:

Արժանին պետք է մատուցեմ մեր թիմին, տղաներին: Բոսնիայի հետ խաղից հետո սպասելիքներ մեր թիմից մեծ էին: Տղաներն այսօր ցույց տվեցին, որ ունեն բարձր որակներ այսպիսի ֆուտբոլ խաղալու համար, միմյանց համար կռիվ տալու համար։Սպասում էինք, որ հայերը կպաշտպանվեն ու իրենց ուժը կօգտագործեն հակագրոհների ժամանակ: Կարծում եմ՝ այդ առումով նրանց խաղը չստացվեց: Չեմ ցանկանում խոսել Հայաստանի հավաքականի խաղի մասին, այլ ցանկանում եմ ասել, որ մեր խաղն այսօր ստացվեց»։

Խաշմանյանն էլ նշեց․ ««Նախ ասեմ, որ նվիրվածության առումով տղաները արեցին այն, ինչ կարող էին անել՝ առավելագույնս նվիրվեցին թե՛ անհատապես , թե ՛ ամբողջ թիմով: Բայց որակական առում զիջեցինք մրցակցին: Բավականին լավ կարծիք ունեինք հույների մասին, ու այսօր իրոք տեսանք, որ շատ լավ պատրաստված ու կազմակերպված հավաքական ունեն: Կարծում եմ՝ նրանց հաղթանակն օբյեկտիվ էր: Մենք այսօր արեցինք այն, ինչ ի վիճակի էր անել տվյալ կազմը։Փորձում էինք առավելագույն կազմակերպված լինել պաշտպանությունում, փակել բոլոր գոտիներն ու արագ գրոհների շնորհիվ կազմակերպել մեր գրոհները: Ինչ վերաբերում է երկրորդ կեսին, ապա հաշվից ելնելով մրցակցին էլ զիջեց մեզ տարածությունները: Փորձել էինք բալանսավորված խաղալ: Մրցակիցը 100 տոկոսանոց պահեր ստեղծեց ոչ միայն առաջին, այլև երկրորդ կեսումԲնական է՝ ցանկացած պարտությունից արդարացում չկա: Փորձում ենք ռեալ գնահատել իրավիճակը: Արդարանալու խնդիր չեմ տեսնում:Միգուցե նպատակահարմար էր ավելի շուտ հրաժարվել 5 պաշտպանով խաղից ու դիմել համարձակ քայլի, բայց արդեն նշել եմ՝ ինչ ունենք մեր ձեռքի տակ: Նույն Պետրոս Ավետիսյանը, Էրիկ Վարդանյանը … նրանց դեռ բավականին ժամանակ է պետք, որ կարողանան ամրապնդվել հավաքականում ու արդյունավետ լինեն: Չեմ ցանկանում խոսել մեր առաջատարների բացակայության մասին հերթական անգամ: Որակի խնդիր կա: Այսօր մենք կիսապաշտպանությունից շատ դժվար էինք դուրս գալիս հարձակման ֆազա: Մրցակիցն ընդհանուր առմամբ ուներ առավելություն»։