«Բարսան» ջախջախվեց

«Բարսան» ջախջախվեց

Երեկ ուշ երեկոյան Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի շրջանակում «Բավարիան» Լիսաբոնում ուղղակի ջախջախեց կատալոնական «Բարսելոնային»։ Մյունխենյան ակումբը 8 գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը, փոխարենը սեփականն ընդունելով միայն երկուսը, որոնցից մեկը՝ ինքնագոլ։

Հանդիպման հաշիվը բացվեց արդեն 4-րդ րոպեին. Թոմաս Մյուլերը գրավեց կատալոնացիների դարպասն ու առաջ մղեց մյունխենցիներին: Ընդամենը 3 րոպե անց Դավիդ Ալաբան, անհաջող փորձելով հեռացնել գնդակը տուգանայինից, այն ուղարկեց սեփական դարպասը:

21-ից 31-րդ րոպեներին մյունխենցիները ևս 3 գնդակ ուղակեցին «Բարսելոնայի» դարպասը. Իվան Պերիշիչը, Սերժ Գնաբրին և Մյուլերը դարձան գոլերի հեղինակ, վերջինս դուբլ ձևակերպեց ու թիմերն ընդմիջման գնացին 4-1 հաշվի պայմաններում:

«Բարսելոնան» համեմատաբար ավելի ակտիվ սկսեց երկրորդ կեսը,կարողացավ մեկ գնդակ հետ բերել: Աչքի ընկավ Լուիս Սուարեսը, սակայն դրանից հետո դարձյալ գոլ խփեց միայն «Բավարիան»։

Սա, վերջին շրջանում, կատալոնական ակումբի ամենախայտառակ հաշվով պարտություններից մեկն է։ Ֆուտբոլային աշխարհը նախապես կանխագուշակել էր, որ «Բավարիայի» շանսերը հաջորդ փուլ անցնելու մասով շատ ավելի մեծ են՝ պայմանավորված մյունխենցիների մարզավիճակով և վերջին շրջանում ցուցադրած խաղով, բայց որ մեկ խաղում 8 գնդակ, այն էլ «Բարսային, քչերն էին հավատում։

«Բարսայի» երկրպագուներն արդեն իսկ սկսել են պահանջել ակումբի նախագահի և թիմի գլխավոր մարզչի հրաժարականը։ Նրանք պահանջում են լիովին նոր «Բարսա» կառուցել, դինամիկ, արագ ֆուտբոլիստներով։

Նշենք, որ մինչ այս հանդիպումն էլ մարզական մամուլը բազմիցս արդեն գրել է, որ կատալոնացիները ամեն ինչ անում են, որպեսզի ակումբի լեգենդ Չավին գլխավորի թիմը, սակայն այս հարցը գոնե այս պահին շարունակում է մնալ անորոշ։

«Բավարիան» չեմպիոնների լիգայի արդեն կիսաեզրափակչում կհանդիպի «Սիթի»- «Լիոն» դիմակայության հաղթողի հետ։  Այն կմեկնարկի այսօր Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։

Հիշեցնենք, որ այս տարի՝ պայմանավորված կորոնավիրուսով, որոշում կայացվեց Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչից սկսած հանդիպումները անցկացնել ընդամենը մեկ որոշից խաղով, մինչ այս դիմակայության զույգերից յուրաքանչյուրը հնարավորություն ուներ սեփական հարկի տակ ընդունել մրցակից թիմին։