Տնտեսվարողները դժգոհում են․ ՊԵԿ-ը որոշել է բյուջեն լցնել մարդկանց գլխին սարքելո՞վ (տեսանյութ)

Տնտեսվարողները դժգոհում են․ ՊԵԿ-ը որոշել է բյուջեն լցնել մարդկանց գլխին սարքելո՞վ (տեսանյութ)

Ֆեյսբուքում Davit Khosrovyan անունով օգտատերը մի գրառում ու լուսանկար է հրապարակել, որտեղ պատմում է, թե ինչպես է ՊԵԿ-ը, կարելի է ասել, խարդախ կամ անազնիվ մեթոդներով տուգանում իրենց՝ իբրև թե ՀԴՄ չտրամադրելու համար։ Մեթոդն էլ այն է, որ քաղաքացուն ուղարկում են գնումներ կատարելու, որը գումարը վճարում է և արագ դուրս գալիս՝ չսպասելով ՀԴՄ-ին, որից հետո մտնում են ՊԵԿ տեսուչներն ու հայտարարում, թե իրենց կատարած գնումների դիմաց 150 դրամի ՀԴՄ կտրոն չի տրամադրվել, ուստի խանութը տուգանվում է 150 հազար դրամով։ Ասել է թե՝ ՊԵԿ-ը շարունակում է գործել «հին ու բարի մեթոդներով», այսինքն՝ մարդկանց գլխին սարքելու եղանակով նրանց տուգանելով։ Երևի ՊԵԿ-ում բյուջեն լցնելու այլ տարբերակ չեն գտել։

Ահա այդ գրառումը․ «Հաճելի է վարչապետից լսել, որ ՀՀ քաղաքացին տուգանվելու համար չէ, բայց ափսոս՝ դա ընդամենը բարի ցանկությունների շարքից է։ Երեկ ժամը 13։00-ի սահմաններում Մարիամ Ավդալյան անունով այս աղջիկը մտնում է «ՆԻՉ» հանրախանութ, կատարում գնումներ, որի դիմաց ստանում է ՀԴՄ կտրոն, ապա դրամարկղի մոտ սպասում է այնքան ժամանակ, մինչև մեկ այլ հաճախորդ մոտենա, որից հետո դրամարկղի մոտ թեթև խառնաշփոթից օգտվելով, արագ վերցնելով (չի գողանում, գանձապահն ա տալիս) կրակայրիչը՝ գումարը թողնում է սեղանի վրա և հեռանում։ Կարճ ժամանակ հետո խանութ են մուտք գործում ՊԵԿ տեսուչներ, որոնցից մեկը ներկայանում է Վաչե Սարգսյան (նկարում) և հայտարարում, որ իրենց գնումների դիմաց 150 դրամի ՀԴՄ կտրոն չի տրամադրվել, և խանութը տուգանվում է 150,000 դրամով։ Ամեն ինչ այսչափ վիրավորական չէր լինի, եթե մեր խանութը մշտապես ՀԴՄ տրամադրող խանութ չլիներ, ու որ Շենգավիթի հարկայինում այդ մասին տեղեկացված չլինեին։ Ուզում եմ հասկանալ՝ սա ի՞նչ գործիքակազմ է, ՀՀ ՊԵԿ առաջնային խնդիրն այս մասով ո՞րն է՝ հետևել, որ խանութները ՀԴՄ կտրո՞ն տրամադրեն, թե՞ ամեն կերպ մասնագիտական հմտություններ կիրառելով՝ խանութներին տուգանել։
ՀԳ․ Տեսաձայնագրությունն առկա է» (Տեսանյութը՝ այստեղ

 

Մեր կողմից էլ հավելենք, որ այս օրերին մեզ են դիմում տարբեր տնտեսվարողներ՝ դարձյալ դժգոհելով ՊԵԿ-ի տարօրինակ, ամեն գնով խախտում հայտնաբերելու և տուգանելու վարքագծից։ Մասնավորապես, վերջին տասն օրվա ընթացքում մեզ պատմեցին, թե ինչպես են ՊԵԿ Աբովյանի հարկային տեսուչները մուտք գործել ջրերի արտադրությամբ զբաղվող մի գործարան ու տասն օր շարունակ ստուգումներ իրականացրել՝ ամեն գնով չգրանցված աշխատող հայտնաբերելու հույսով։

Մեկ այլ դեպքով էլ պատմեցին, թե ինչպես են ՊԵԿ տեսուչները Երևանում գործող սպասարկման կենտրոններից մեկում դարձյալ «ագենտ» ուղարկել, որը պարբերաբար սպասարկվել է, վճարել, ՀԴՄ-ն ստացել-դուրս եկել, իսկ մի գեղեցիկ օր էլ որոշել է գումարը թողնել ու առանց ՀԴՄ կտրոնին սպասելու՝ արագ հեռանալ։ Դրանից հետո մտել են հարկային տեսուչներն ու «արձանագրել», թե իբր ՀԴՄ չի տրամադրվել, պետք է տուգանել։

Հուսանք՝ ՊԵԿ-ից այս ամենի վերաբերյալ կլինի պատշաճ պարզաբանում, թե ինչու են իրենց տեսուչները որոշել նման մեթոդներով մարդկանց տուգանել ու բյուջեն լցնել։