Դժգոհություններ ստացել են, բայց խնդիրներ չեն արձանագրել
Ուսուցիչների այս տարվա կամավոր ատեստավորումներից եւս դժգոհությունները մեծ էին: Դրանք հիմնականում վերաբերում էին թեստերի բովանդակությանը, ատեստավորման նոր` էլեկտրոնային ձեւաչափին ու դրանից բխող մի շարք տեխնիկական խնդիրների: Հատկանշական է, որ գրեթե բոլոր առարկաներից եղել են դժգոհություններ, այդ թվում՝ բողոքարկումներ։
ԿՏԱԿ-ի` Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը մեզ փոխանցեց, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքները դեռ չեն ամփոփել, ԳԹԿ-ն բողոքարկման արդյունքները միայն երեկ է տրամադրել իրենց, ուստի մի քանի օր անհրաժեշտ է, որպեսզի բողոքարկման արդյունքների փոփոխությունները տվյալների բազայում անեն, որ վերջնական պատկերն ավելի հստակ լինի։ Արտակ Պողոսյանը համաձայն չէ, որ այս տարի եւս դժգոհությունները շատ էին, որի զգալի մասը պայմանավորված էր էլեկտրոնային նոր ձեւաչափի ներդրմամբ․ «Էլեկտրոնային ձեւաչափը բավականին հեշտացրել է պրոցեսը ուսուցիչների համար, իհարկե՝ դժգոհողներ եղել են, դա միշտ լինելու է, բայց փաստն այն է, որ ուսուցիչների ճնշող մեծամասնությունը կարծիք է ներկայացրել, որ էլեկտրոնային եղանակով հանձնելը շատ ավելի հեշտ էր, որովհետեւ ժամանակային առումով իրենք ձեւաթուղթ լրացնելու խնդիր չունեին եւ այս պարագայում միայն լրացնում էին իրենց թեստը, ընդ որում՝ արդյունքն էլ տալիս է ավտոմատ, մասնակիցը միանգամից տեսնում է արդյունքը եւ այդ օրը երեկոյան էլ կարող է բողոքարկել։ Այդ առումով օգնել է համակարգը»։
Սակայն ատեստավորվածների մի զգալի հատված հենց այն խնդիրն էր մատնանշել, որ համակարգը վատ է աշխատել՝ իրենք այլ պատասխան են նշել ու պահպանել, իսկ համակարգն ուրիշ պատասխան է ֆիքսել ու պահպանել։ Ընդ որում՝ այս խնդրի մասին ոչ թե մի քանի հոգի է բարձրաձայնել, այլ՝ մի քանի տասնյակ։ «Չէ, չէ, մի քանի տասնյակ չէ, 4 հազար մարդ է հանձնել քննություն…., ուսուցիչներից մեկն այդպիսի մի խումբ էր ձեւավորել, որ՝ մեր ճիշտ պատասխանները եւ այլն, եւ այլն․․․ կամ՝ հարցն էկրանի վրա լավ չի երեւացել, բայց այդ նույն առարկայի մասով կարող եմ ասել, որ քննություն հանձնած 400 մասնակցից 202-ը ստացել է 80 տոկոսից բարձր արդյունք։ Խոսքը, այո, անգլերենի մասին է։ Այս պարագայում չի կարող նման բան լինել, եթե մասնակիցների 50 տոկոսից ավելին ստացել է 80 եւ ավելի բարձր արդյունք, չի կարող համակարգը սխալ աշխատել եւ ճիշտ պատասխանը սխալ գրանցել»։
Այդուհանդերձ, մասնակիցներից շատերը պնդում են, որ այն չի աշխատել։ «Եթե համակարգը չի աշխատում, ուրեմն չի աշխատում բոլորի համար, եթե աշխատում է, ապա՝ բոլորի համար։ Ու, բացի դրանից, թեստերում, օրինակ, հարց 1-ը բոլորի համար հարց 1-ը չէ, այսինքն՝ մեկի մոտ 1-ին համարի հարցը կարող է լինել այլ հարց, մյուսի համար՝ լրիվ այլ հարց, եւ համակարգը եթե պահպանում է պատասխանը, ուրեմն պահպանում է, եթե ոչ, ուրեմն՝ ոչ, չի եղել նման տեխնիկական խնդիր»,- կտրականապես վստահեցնում է Ա․ Պողոսյանն ու ընդգծում, որ չի կարող համակարգը սխալ պահպանել։
Գուցե տեխնիկական խնդիրնե՞ր են եղել համակարգի ներսում։ «Դա էլ չի եղել, ամենօրյա ռեժիմով, երբ քննությունը գնում էր, ես անձամբ, այդ բոլոր քննությունների օրերին, նստած եմ եղել համակարգչի դիմաց, եւ որեւէ տեխնիկական խնդիր չի եղել։ Համակարգը փորձարկվել, ստուգվել է հազար անգամ եւ մինչեւ ատեստավորման օրը տարբեր թեստերով անցկացվել, ստուգվել է, ու որեւէ սխալ չի արձանագրվել։ Այստեղ պետք է հասկանալ, թե ուսուցիչը բովանդակային առումո՞վ է ասում, որ սխալ է պատասխանը, ես նշել եմ սա, բայց պատասխանը նա պետք է լինի, իսկ դա բովանդակային հարց է եւ ոչ տեխնիկական։ Օրինակ, աշխարհագրության ժամանակ եղել են նման խնդիրներ, եւ բողոքարկման արդյունքում այդ բոլոր մարդկանց բալերը բարձրացվելու են»։
Այսինքն՝ իրենք ոչ մի բողոք, դժգոհություն չեն ստացել։ «Ստացել ենք, բայց եւս մեկ անգամ ստուգել, ուսումնասիրել ենք, ի դեպ՝ մենք պահպանում ենք բոլոր այդ «լոգերը», այսինքն՝ թե ուսուցիչը որ պահին ինչ է սեղմել, քանի անգամ է սեղմել, եւ մեզ մոտ հստակ է, որ համակարգը պահպանելու կամ սխալ հաշվելու խնդիր չի ունեցել ընդհանրապես, չի եղել տեխնիկական կամ ծրագրային խնդիր»,-ասում է ԿՏԱԿ տնօրենն ու ընդգծում, որ եթե հանկարծ լինեն ուսուցիչներ, որոնք բողոքարկումից էլ գոհ չլինեն եւ դիմեն դատարան, ապա իրենք այդ «լոգերի» շնորհիվ կարող են ապացուցել, որ համակարգը նորմալ է գործել։
Ինչո՞վ է այդ դժգոհությունները բացատրում։ «Դա բնական է, որովհետեւ, եթե մարդու մոտ ինչ-որ մի բան չի ստացվել, ուրեմն պետք է դա բացատրել նրանով, որ ինչ-որ բան համակարգում չի աշխատել։ Այսինքն՝ չի մտածում, որ գուցե ես ճիշտ չեմ պատասխանել, նախկինում մեղավոր էր ձեւաթուղթը, որ ինչ-որ բան սխալ էին լրացնում, հիմա պետք է մեղավոր լինի մեկ այլ բան, այս դեպքում՝ համակարգը։ Բայց էլի եմ ասում՝ համակարգը որեւէ ծրագրային, տեխնիկական խնդիր չի ունեցել»։
Մեր այն դիտարկմանը, թե ինչու է նշում 4 հազար մասնակիցների մասին, երբ նախարարը նշել էր մոտ 6 հազարի մասին, պատասխանեց․ «Մոտ 6 հազարը գրանցվել է, որից ատեստավորմանը մասնակցել է 4 հազար ու մի քիչ ավել ուսուցիչ»։ Տարբերությունը շատ չէ՞։ «Նորմալ է, նախորդ տարիներին էլ է այդպես եղել, գրանցվածների մոտ 20-25 տոկոսը հետո չի մասնակցում»։ Գուցե այդ դժգոհություննե՞րն են հետ պահել։ «Չէ, հակառակը, 1-ին շաբաթվանից հետո կային մարդիկ, որոնք ասում էին՝ չենք մասնակցելու, բայց հետո զանգում ասում էին՝ մեր «յուզեռ» «պառոլը» չենք հիշում՝ մեզ կհիշեցնեք, որովհետեւ մենք ուզում ենք մասնակցել, իսկ այդ համակարգն այնքան պարզ աշխատող համակարգ է, որ նույնիսկ, հակառակը՝ օգնել է ուսուցչին։ Մենք շուտով համակարգը կբացենք ընդհանրապես բոլորի համար, որպեսզի մյուս տարի ատեստավորմանը դիմող ուսուցիչներն ավելի երկար ժամանակ ունենան՝ ծանոթանալու համակարգին»։
Որպես տեխնիկական բնույթի խնդիր՝ Ա․ Պողոսյանը մատնանշում է այն հանգամանքը, որ ուսուցիչների մի հատված չի հիշել իր օգտանունն ու գաղտնաբառը․ «Մեր մասնագետները հենց քննության սկզբում փորձում էին հիշեցնել ուսուցիչներին հենց իրենց օգտանունն ու գաղտնաբառը եւ օգնել՝ մուտք գործել համակարգ։ Թեպետ ինքը որեւէ խնդիր չի ունենում, եթե ուշ է հիշում կամ ուշ է միանում, որովհետեւ ժամանակը սկսում է հաշվարկել այն պահից, երբ դու գեներացրել ես թեստը»։
Այն, որ, ըստ մասնակիցների, մի քանի քննական կենտրոնում հոսանքն անջատվել է հենց ատեստավորման ընթացքում, զրուցակիցս ասում է, որ միայն մի կենտրոնում են ունեցել խնդիր՝ թիվ 155 դպրոցում, երբ ինտերնետի հետ կապված խնդիր է եղել, բայց որոշում է կայացվել՝ այդ ուսուցիչներին թույլ տալ՝ եւս մեկ անգամ հանձնել այդ առարկայից քննություն։
Կարծիքներ