Ի՞նչից է նեղվել էս հմայիչ կինը․ Թունյանի ու Լուսինե Հարոյանի հեռակա բանավեճը

Ի՞նչից է նեղվել էս հմայիչ կինը․ Թունյանի ու Լուսինե Հարոյանի հեռակա բանավեճը

Սևանա լճի կանաչելու հանգամանքը ոչ միայն հանրությանը այլև քաղաքական շրջանակներին է ալեկոծել, այն աստիճան, որ սրա վերաբերյալ նույնիսկ հեռակա բանավեճեր են ծավալվում։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը լճի ծաղկման պատճառները, իր «ոչ պրոֆեսիոնալ» կարծիքով, կապել է «թարախի» հետ՝ նախազգուշացնելով, որ մի օր ֆեյսբուքն էլ է կանաչելու․

«Ես էլ ասեմ իմ ոչ պրոֆեսիոնալ կարծիքը, թե ինչու էր կանաչել Սևանը։ Ոնց գցում-բռնում եմ, պատճառը «թարախն» է՝ նեգատիվը, սուտը, որ ուղղորդված ու հետևողականորեն բաց է թողնվում վերջին ամիսներին։ 

Ու շատ զարմանալի է, որ հայկական ֆեյսբուքն էլ չի կանաչում՝ չնայած էս ցանցից տարածվող գարշահոտը գնալով սրվում է»,- գրել է Թունյանը։

Նրա այս դիրքորոշումը զայրացրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ղեկավար Լուսինե Հարոյանին, վերջինս էլ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Թունյանին․

«Սա Ազգային ժողովի պատգամավոր է, կարդացեք, թե ժողովրդի ընտրյալն ինչպես է արտահայտվում ժողովրդի հասցեին։ Պաչոնայք, իսկ միգուցե պատճառը դո՞ւք եք, որ ձեզնից սկսել են զզվել»,-գրել է նա։ 

Հարոյանի մեկնաբանությունը անպատասխան չի թողել Թունյանը․

«Թե բա «ինչպես է արտահայտվում ժողովրդի հասցեին»... մի հատ էլ կարդացեք՝ Ժողովրդի հասցեին...

Թե ինչից է նեղվել էս հմայիչ կինը, իրոք չհասկացա։
Բայց հասկացա, որ սխալվում էի՝ ֆեյսբուքը ձգտում է շագանակագույնին, ոչ թե կանաչին»,- պատասխանել է Թունյանը։