Երևանում հանդիպել եմ, որ ուսանողը կարող է աշխատել նաև մատուցող,  բայց Գյումրիում չեմ հանդիպել

Երևանում հանդիպել եմ, որ ուսանողը կարող է աշխատել նաև մատուցող,  բայց Գյումրիում չեմ հանդիպել

Գյումրիում այս շաբաթ անցկացվեց  «Ուսանողը մարզից» կլոր սեղան քննարկումը: Հանդիպման նպատակն է միասնական հարթակ ստեղծել ՀՀ մարզերում ուսանողների հետ կապված խնդիրների քննարկման համար՝ ներգրավելով ՀՀ Կառավարության, Շիրակի մարզի բուհերի, քոլեջների տնօրեններին, ներկայացուցիչներին և ուսանողներին: 

Քննարկման ընթացքում անդրադառնալով ուսանող-աշխատաշուկա կապին՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի ուսանողուհի Գոհար Ղարիբյանը դիմեց  մարզպետարանի ներկայացուցիչերին՝ հարցնելով,թե  հնարավոր չէ, ինչ-որ մեխանիզմներ  ներդնել, որ գործատուները ուսանողներին աշխատանքի վերցնեն: « Բուհում սովորել չի նշանակում միայն դասերին ներկա գտնվել և վերջ, դուք պետք է ունենաք արտալսարանային աշխատանք, գնաք գրադարան, ուսումը պետք է շարունակվի  նաև լսարանից դուրս:
Օրինակ ես այո, աշխատել եմ, բայց ժամը 8-ից հետո, աշխատել եմ կոշիկի արտադրամասում նախ որպես աշակերտ, հետո ես եմ սկսել կարել, բայց այդ ժամանկ չեմ ասել, վայ ինձ աշխատանքով չեն ապահովել: Աշխարհում ընդունված է, որ ուսանողը կարող է աշխատել նաև մատուցող, Երևանում հանդիպել եմ, բայց Գյումրիում չեմ հանդիպել:
Ժամանակակից ուսանողությունը մեծ շանսեր ունի տանը նստած գումար վաստակել ազնիվ ճանապարհով` համակարգչով, դա ես չէ, որ ձեզ պետք է սովորեցնեմ»,-ասաց 
 Շիրակի մարզպետարանի Կրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը:
 «Բակալավրիատում ես դեմ եմ լրիվ դրույքով աշխատելուն, որովհետև ուսումը գին արժե, և դուք գումար տաք, որ գնաք այդ ընթացքում աշխատեք, ես դրա տրամաբանությունը չեմ հասկանում: Կես դրույքով մի քիչ ընդունելի է, բայց այն ուսանողի համար, ով պատրաստ է իրեն տանջի իր ծնողին օգնելու համար: Դուք այսօր ստանում եք որպես աշխատող  ուսանող 40հազար դրամ, այդ 40հազարով ձեր վարձը տալիս եք, լավ մասնագետ չեք դառնում ու ամբողջ կյանքում աշխատում եք այլևս 150հազարով, դուք ձեզ զրկեցիք ապագայի ավելի մեծ աշխատավարձից, և սա իմ սուբյեկտիվ կարծիքը չէ, սրանք դիտարկումներ են:

2-րդ նկատառումը. պետությունը սրա մասին մտածել է և հիմա եկամտահարկի մասին օրենքի նախագիծը ցանկանում են շրջանառության մեջ դնել, բայց տեսեք մագիստրատուրայում:
Մագիստրատուրան էլ աշխատանքի պատճառով դարձել է ձևական, և դա լրջագույն խնդիր է, դրա համար այս տարի փորձարկեցին երեկոյան ուսուցումը մագիստրատուրայում, երբ դասերը սկսվում են 6-ից, աշխատանքից հետո: Պատկերացեք արդյունավետ էր, բոլորը ներկայանում են դասերին ու չեք պատկերացնի ինչ ուշադրությամբ ու եռանդով են լսում ու սովորում»,-այս կարծիքին էր ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար  Կարեն Պետրոսյանը:

ՀՊՏՀ ԳՄ Զարգացման ծրագրերի, գիտության, որակի ապահովման  և արտաքին կապերի բաժնի վարիչ Ղարիբ Հարությունյանն էլ  նշեց.
«Հիմա զարգանում է տուրիզմը: Ֆրիլանս գայդեր կարող եք դառնալ, Երևանում դա արդեն լուրջ բիզնես է, երբ որ մարդիկ վերապատրաստվում են ու ընտրում այն ժամանակահատվածը, թե երբ են խմբեր  ընդունելու ու աշխատելու:
Ունենք ազատ շուկայական տնտեսություն և որևէ մեկը` քաղաքապետարան, մարզպետարան, կառավարություն չեն կարող մասնավոր սեկտորին ճնշել: Հնարավոր են ինչ-որ օրենսդրական փոփոխություններ անել, որ գործատուները ցանկություն ունենան ուսանողների աշխատանքի ընդունել, ինչ-որ հարկային արտոնություններ տալ և այլն»:

 «Ես երբ որ չգտա իմ աշխատանքը, փորձեցի ես ստեղծել աշխատատեղ: Այս պահին իմ կառույցում աշխատում են 13 ուսանողներ, սկզբից 30ն էին, բայց գնացին, որովհետև նախընտրեցին գումար աշխատել, այլ ոչ թե աշխատանքին զուգահեռ  զարգացնել իրենց մասնագիտական հմտությունները: Ես արվեստի կենտրոն ունեմ ինձ մոտ աշխատում են օտար լեզուների հմտություններ ունեցող և արվեստի ոլորտի ուսանողները, ովքեր պարապում են աշակերտների հետ: Այսինքն կան աշխատատեղեր, կան ծրագրեր վարձը փոխհատուցելու, բայց քչերն են դիմում դրանց»,-սեփական փորձը ներկայացրեց Երևանի թատրոնի և  կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահ Էդմոնդ Դավթյանը:
ՀԱՊՄ Գյումրու մասնաճյուղի Ուսանողական խորհրդի նախագահ Կարեն Ավետիսյանն էլ իր մտահոգությունը հայտնեց հայոց լեզու  եւ պատմություն առարկաների հետ կապված.

«Նախ ուզում եմ սկսել իմ կարծիքով: Ես կողմ եմ, որ հայոց լեզվի ու պատմության գիտելիքներ չունեցող մարդը չի կարող գտնվել համալսարանում: Այսպիսի առաջարկ ունեմ, որ կառավարությունը ոչ միայն քննարկի բուհերից հանելու հարցը տվյալ առարկաների, այլ ապահովի դպրոցում այնպիսի մակարդակ դասավանդման, որ կարիք չլինի հայոց լեզու և պատմություն անցնել  բուհերում, կարծում եմ պետք է կենտրոնանալ մասնագիտական առարկաների վրա»:
 «Ինստիտուտը երկրորդ շանսն է բացը լրացնելու: Ասում եք պետք է արդեն իսկ իմացած լինեիք դպրոցներում, մեր սերնդի ուսանողների համար ուշ է, քանի որ դպրոցներում ինչ-ինչ պատճառներով չենք սովորել ու հիմա պետք է սովորենք բուհում»,-լրացրեց ՇՊՀ մեկ այլ  ուսանող:
Քննարկման ընթացքում ուսանողները բարձրացրեցին նաև տրանսպորտի հարցը՝ նշելով,որ կան գյուղերում ապրող ուսանողներ, ովքեր ստիպված են դասերից ուշանալ, բացակա ստանալ, տրանսպորտի պատճառով: 

«Այս հարցը ի տարբերություն նախորդների վերաբերում է մարզպետարանին, դու կարող եք գրություն ուղարկել, որ երբ տենդերները հայտարարվում են ուսումնական գործընթացների ժամանակ չվերթները պետք է այնպես դասավորեն, որ ուսանողը Գյումրի հասնի 9ին 15 պակաս»,-առաջարկեց ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը՝ ավելացնելով,որ պատրաստ են 5 անվճար սեմինար պարապմունքներ կազմակերպել բոլոր բուհերի Ուսանողական խորհուրդների համար` Մոտիվացիայի, ծրագրային մենեջմենթի, ֆինանսական պլանավորման, ուսանողական խորհուրդների աշխատանքի կազմակերպման, անձնական հմտություններ, սեփական սթրեսները, վախերը կառավարելու վերաբերյալ: «Եթե համախմբվեք ու միացյալ ուժերով դիմեք: Իմ առաջարկը առաջին հերթին վեաբերվում է մայր բուհին, որովհետև հենց մայր բուհի ուսանողական խորհրդի նախագահը պետք է դառնա առաջին դրոշակակիրը և ակտիվացնի ուսանողական կյանքը մարզում»:

Քոլեջների ռոտացիաների ու թոշակների մասին կրկին դժգոհեցին տեխնիկական քոլեջի ուսանողները՝ ասելով, որ թոշակը ընդամենը 4700 դրամ է ու դրանով չեն կարող լուծել իրենց տրանսպորտի և լանչի հարցերը:

«Հասկանում եմ, որ սոցիալականը ճնշում է, բայց ես այսօր կուզենայի լսել զուտ ուսանողական հարցեր: Երբ ես ուսանող էի ապրում էի տնակում, համալսարանը ևս տնակում էր, լույսը ժամով, բայց ուսանողական կյանքի զարկերակը ակտիվ էր: Մենք կազմակերպում էինք ուսանողական միջոցառումներ, Ուրարխների և հնարամիտների ակումբ ունեինք, ամանորին ներկայացումներ էինք կազմակերպում ու հասույթը փոխանցում այն ընկերներին, ովքեր դրա կարիքը ունեն: Այսինքն սոցիալականն էլ էինք լուծում, բայց ակտիվ կյանք կար»,-եղավ մարզպետարանի պաշտոնյայի պատասխանը: