Որոշել եմ այլևս չզարմանալ

Որոշել եմ այլևս չզարմանալ

Այո, չզարմանաք, ինչ էլ անեն վարչապետի պաշտոնից կառչած անձն ու նրա կինը՝ ես որոշել եմ այլևս չզարմանալ: Որովհետև զարմանալը նշանակում է, որ այդ անձից և նրա կնոջից իմ ակնկալիքներն այլ էին: Բայց չէ՞ որ «ազգային պատուհասից», ինչպես այդ անձին վերջերս բնորոշել է նրա երբեմնի հոգեհայրը՝ ՀՀ առաջին նախագահը, դրական բան սպասելը կլիներ առնվազն միամտություն: Բայց ես ինձ շատ վաղուց այդպիսին չեմ համարում՝ չնայած իմ լոռվա արմատներին: Ուրեմն էլ զարմանալս որն է…

Այլապես ստացվում է, որ մենք զարմանում ենք, որ Նիկոլը կամ Աննան ամեն մի առանձին հարցում իրենց պահել են ոչ այնպես, ինչպես կպահեին ադեկվատ մարդիկ: Բայց մոռանում ենք, որ ադեկվատ մարդիկ գործող իշխանության մեջ գտնվել չեն կարող տեսականորեն՝ ուր մնաց, թե բազմեին դրա գագաթին: Եվ եթե ինչ-որ դժբախտ դեպք է պատահում մեր երկրում, իսկ դրանք այս իշխանության օրոք անպակաս են, ապա այդ ամուսինների կողմից դրան համապատասխան վարքագիծ սպասելը կլիներ ոչ իրատեսական: Միաժամանակ, իրենց ոչ ադեկվատ վարքագծով այդ անձինք անընդհատ փորձում են մեզ հասկացնել, որ դա պետք է այդպես էլ լինի: Եվ ոչ միայն հասկացնել, այլ իրենց (այո, հենց այդ զույգի) ղեկավարած պետության բնակչության ուղեղը մտցնել, որ ինչ էլ պատահի՝ իրենք, միևնույն է, մասնակցելու են, օրինակ, խնջույքների:

Հիշենք 2020 թվականի սեպտեմբերի 27-ի՝ «Եկեք պայմանավորվենք. ինչ էլ լինի՝ մենք մեզ պարտված չենք ճանաչի» պատգամը: Դա հենց այն չէ՞, արդյոք, ինչ պատերազմի խայտառակ պարտությունից հետո տեղի է ունենում մեր երկրում: Ի դեպ, պատերազմի ընթացքում՝ երբ մեզ «կերակրում» էին «հաղթելու_ենք» հեշթեգով՝ մեզ թվում էր, թե դա «դուխով» վարչապետի կողմից իրեն վստահող ժողովրդի յուրաքանչյուր անդամին սեփական հզոր ոգուց մի մասնիկ հասցնելու նպատակ է հետապնդում: Բայց պատերազմի ավարտից հետո նրա խեղճանալն ու արևելյան բռնապետի առջև ստորանալը (եթե դիմացինի ստորացումներին չես արձագանքում, ապա դա հենց ստորանալ է նշանակում) վկայեց, որ իր առումով մենք սխալվել ենք նաև այդ հարցում: Դա «դուխ» տալ չէր նշանակում, այլ՝ խեղճության հետ համակերպվել, ու ոտնատակ տալով ազգային արժանապատվությունը՝ կատարել թշնամու պահանջները:

Ինչ մնում է արհավիրքների անվերջ շարանին զուգահեռ հաճույքներին տրվելուն՝ դա պետք է գրավի հոգեբույժների ուշադրությունը: Այդ ոլորտի մասնագետ չլինելով՝ ընդամենը կարող եմ ենթադրել, որ այդ երևույթը վկայում է հոգեբանական դիսկոմֆորտի մեջ չընկնելու՝ վաղուց արդեն ենթագիտակցական դարձած ակտի գոյության մասին: Բայց քանի որ Նիկոլն ու իր կինը ոչ թե մասնավոր անձինք են, այլ պետության ղեկավարներ՝ հաճույքների բավարարմանը տրվելն ունի նաև գիտակցական պահ: Դա, ինչպես ասվեց, լայն զանգվածներին ցույց տալն է, որ ինչ էլ պատահի՝ կյանքը, միևնույն է, շարունակվում է: Եվ իրենց մնում է վայելել այն՝ շարունակելով ապրել այնպես, կարծես ոչինչ չի պատահել: Ինչն էլ հենց այդ զույգի իշխանության պահպանման հիմնական գործոններից մեկն է՝ եթե վերացարկվենք իրավապահ համակարգի առկայությունից:

Այդ ամենից հետո ինչո՞ւ պետք է զարմանանք, որ Արևմուտքը շարունակում է մեզ հրամցվող պարտվողական խաղաղությունը համարել արդար: Խնդրեմ՝ «Վաշինգտոնը շարունակում է ակտիվորեն նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը»: Արդար և երկարատև խաղաղության վերաբերյալ այս հայտարարության հեղինակը Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենն է: Իսկ հայտարարությունն էլ հնչել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։ Եվ հանձնաժողովի ոչ մի անդամ էլ չի հակաճառել, թե «պարոն Օ’Բրայեն, ինչպե՞ս կարող է պարտվողական խաղաղությունը լինել արդար: Այդ դեպքում ինչո՞ւ ենք մենք շարունակում զինել Ուկրինային ռուս-ուկրաինական պատերազմում»: Մեզ պարտադրվող խաղաղության՝ արդար լինելու առումով խոսում են արևմտյան բոլոր գործիչները՝ ով չի ալարում:

Ժամանակին փոխպետքարտուղարը կրկնել էր նաև բազմաթիվ անգամ ասված առ այն, որ Կենտրոնական Ասիայից դեպի եվրոպական շուկաներ ապրանքների հոսքը կարող է կազմակերպվել ոչ միայն Վրաստանով դեպի Սև ծով ճանապարհով, այլև Ադրբեջանով և Հայաստանով (և, իհարկե, Թուրքիայով)։ Երկրորդ ուղին, ի դեպ, օրակարգային է դառնում վրացական գործող իշխանության կողմից ինքնիշխանության բարձրացման ջանքերի կապակցությամբ: Խոսքը արտասահմանից ֆինանսավորվող ՀԿ-ների (հիմնականում) թափանցիկության պահանջի վերաբերյալ օրենքի մասին է, ինչը խնդիրներ է առաջացրել արևմտյան երկրների հետ: Օրակարգային է այն առումով, որ «Զանգեզուրի միջանցքի» բացման դեպքում Վրաստանը կզրկվի միջանցիկ երկիր լինելու բոլոր առավելություններից:

Դա, բնականաբար, չի ասվում, փոխարենը պարտվողական խաղաղությունը մեզ հրամցվում է «90-ական թվականներից ձգվող սարսափելի հակամարտությանը վերջ դնելու և խաղաղություն հաստատելու» մարդասիրական թեզով: Ի դեպ, եթե այդ թեզը տարածենք ռուս-ուկրաինական հակամարտության վրա, այն շատ ավելի օգտակար կլինի հենց Ուկրաինային: Այդ երկրին արևմտյան սպառազինության մատակարարումների դադարեցման դեպքում, ինչպես ստիպված է եղել նշելու Ուկրաինայի նախագահը, հակամարտությունը կարող է ավարտվել մեկ ամսում: Իսկ այն մասշտաբների առումով շատ ավելի սարսափելի է, քան հայ-ադրբեջանականը: Մասշտաբ ասելով նկատի ունեմ մարդկային, տարածքների ու ենթակառուցվածների կորուստների մեծությունը: Ի դեպ, չմոռանանք, որ 2022 թ.-ի մարտի վերջին (Ստամբուլում) պատերազմը դադարեցնելու՝ նախնական համաձայնագրի հետագա ընդունումը չեղարկվել էր ՄԹ այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնի «քավորությամբ»:

Հ. Գ. «Զանգեզուրի միջանցքի»՝ ինչպես թուրքերն են այն պատկերացնում, գործարկման դեպքում ապրանքների հոսքը կանցնի ոչ թե Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով, այլ Ադրբեջանով և Թուրքիայով: Դրա մասին, բնականաբար, դժվար թե խոսվեր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: