Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը նախընտրական քարոզչությո՞ւն է

Ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը նախընտրական քարոզչությո՞ւն է

Ուսուցիչների ատեստավորման եւ նրանց աշխատավարձի բարձրացման մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ խոսեց իր՝ նախընտրական քարոզչություն հիշեցնող մարզային այցելություններից մեկի ժամանակ, երեկ էլ՝ ԱԺ ամբիոնից։ Երկու դեպքում էլ վստահեցրեց, որ ատեստավորմամբ իրենց բարձր որակավորումը հաստատող ուսուցիչների աշխատավարձն արդեն նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա։ Ավելին՝ լավ աշխատանքի արդյունքում ուսուցիչները հնարավորություն կունենան միավորներ ավելացնել իրենց անհատական վարկանիշին, եւ ինչքան միավորները բարձրանան, այնքան աշխատավարձերը դրան զուգահեռ կմեծանան։ 

Թե ինչպես է ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով ավելացնելու պետությունը, մոտեցումը պարզ է։ Նրանք, ովքեր չեն հաղթահարի ատեստավորումը, դուրս կմնան համակարգից, ինչի հետեւանքով կլինեն նաեւ կրճատումներ։ Ստացվում է՝ այդ կրճատված ուսուցչի ժամերը, նրա համար նախատեսված գումարը կանցնեն ատեստավորումն անցած ուսուցչին, եւ ըստ դրա էլ՝ ատեստավորված ուսուցչի աշխատավարձը կբարձրանա։ Այսինքն՝ մանկավարժներին ուղղված գումարների չափը չի փոխվելու, այլ կրճատումների հաշվին ոմանք շատ կստանան, մյուսները կդառնան գործազուրկ։ Բայց ուսուցիչներին մտահոգող խնդիրը միայն կրճատումները չեն, այլեւ այն, որ աշխատավարձը բարձրացնելու անվան տակ գերծանրաբեռնվելու են, որի հետեւանքով կտուժի արդեն կրթության որակը։ 

Հանրակրթական դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի հայտագրման փուլը կմեկնարկի մայիսից` առցանց եղանակով: Իսկ կամավոր ատեստավորմանը մասնակից ուսուցիչների թեստավորման գործընթացը տեղի կունենա աշնանը: Հայտագրման, թեստավորման ժամկետների ու ընթացակարգերի մասին կհայտարարվի լրացուցիչ: Այս տարի կամավոր ատեստավորման համար դիմելու հնարավորություն կունենան 7-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Գրականություն», «Հայ գրականություն», «Հայոց պատմություն», «Հանրահաշիվ», «Երկրաչափություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» եւ «Աշխարհագրություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները: Հետագա տարիներին ծրագրում կընդգրկվեն նաեւ մյուս առարկաների, ինչպես նաեւ մնացած դասարաններում դասավանդող ուսուցիչները: 

Եղիշե Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խեչումյանի կարծիքով՝ ատեստավորման գաղափարը որոշակիորեն լավ քայլ է, որովհետեւ հնարավորություն է տրվում ուսուցչին իր վրա աշխատել եւ իր ունակությունների հիման վրա էլ լավ վարձատրվել, բայց կա մի նրբություն․ «Սահմանված են առաջնահերթություններ, որն ինձ դուր չի գալիս։ Մեզ մոտ դպրոցները բաժանվեցին ավագ եւ հիմնական դպրոցների՝ ոչ թե հաշվի առնելով դպրոցի կարծիքը, այլ՝ առաջնորդվելով կառավարության որոշմամբ։

Հիմա հիմնական դպրոցում դասավանդող ուսուցիչը մեղավոր չէ, որ ինքը դասավանդում է հիմնական դպրոցում, որովհետեւ որպես առաջնահերթություն սահմանել են, որ նախ ավագ դպրոցի ուսուցիչը պետք է անցնի ատեստավորումը։ Սրանով արդեն իսկ դնում են որոշակի սահմանափակումներ, ինչը մարդու իրավունքների սահմանափակում է։ Լավ է, որ կա նման հնարավորություն, բայց վատ է, որ մարդկանց առաջ դրված է որոշակի սահմանափակում՝ սկզբում այս առարկաները դասավանդողները, հետո՝ մյուսները, կամ՝ ինչո՞ւ պետք է դասվարները 2 տարի հետո փորձեն մասնակցել ատեստավորմանը։ Պետությունը նման քայլ պետք է անի այն ժամանակ, երբ պատրաստ է ապահովել բոլորին, կարող է այդ բոլորի մի մասը չհաղթահարել ատեստավորումը, բայց ինքն ի սկզբանե պետք է պատրաստ լինի։ Այլ հարց կլիներ, եթե ընդհանուր առմամբ բարձրացվեր ուսուցչի աշխատավարձը, եւ նոր կողքից սահմանվեին նման առաջնահերթություններ՝ էլ ավելի աշխատավարձը բարձրացնելու նպատակով»։  

Տնօրենն ընդգծում է՝ կամավոր ատեստավորման դեպքում նաեւ վճարման խնդիր է առաջանում, բայց ամեն ուսուցիչ չէ, որ ունի դրա հնարավորությունը։ «Գուցե նա ունի լուրջ գիտելիքներ, բայց չունի ֆինանսական հնարավորություն»,- ասում է նա ու հավելում, որ կա նաեւ մտավախություն՝ 30-50 տոկոս աշխատավարձի բարձրացման դիմաց ուսուցիչները ստիպված կլինեն կրկնակի անգամ ավել աշխատել՝ պարապելով ատեստավորումից դուրս մնացած ուսուցիչների ժամերը եւս։ «Ենթադրենք, մարդն աշխատում է 30 տարի, ավարտել է մանկավարժականը կամ ԵՊՀ-ն, վատ չի աշխատել, բայց ինչ-որ սուբյեկտիվ պատճառով չի կարողանում հաղթահարել ատեստավորումը, այստեղ մի փոքր բարոյական կողմն է տուժում՝ մարդն ինչո՞ւ պետք է հանգամանքների բերումով, տարիների իր վաստակով հանդերձ, կորցնի աշխատանքը։ Բայց, իհարկե, ուսուցիչը պետք է անընդհատ իր վրա աշխատի, հաղթահարի որոշակի արգելքներ, առաջ գնա՝ նպաստելով իր բարեկեցությանը»,- ասում է Անահիտ Խեչումյանը։

Ստեփան Զորյանի անվան 56-րդ հիմնական դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանն իր խոսքում կարճ գտնվեց՝ նշելով միայն, որ ուսուցիչների աշխատավարձն առանց այդ ատեստավորման պետք է բարձրանա։ 

Մեկ այլ՝ Համո Սահյանի անվան 70-րդ հիմնական դպրոցի տնօրեն Սահակ Փարվանյանն էլ ողջունեց ատեստավորման գաղափարը։ Ասում է՝ երկար տարիներ ուսուցիչ է եղել, բազմաթիվ մրցույթներ է հաղթել եւ ինչո՞ւ պետք է ստանա նույն գումարը, ինչ մեկ ուրիշը։ «Մի անգամ տղաս ասաց՝ պապա, դու այդքան գրքերի հեղինակ ես, ինչո՞ւ դու էլ ես նույն գումարը ստանում, Մելիքյանն էլ, ես չկարողացա այդ հարցին պատասխանել։ Ուզում եմ ասել՝ դա ճիշտ բան է, բայց թե ինչպես կվերապատրաստեն, քննություններն ինչպես տեղի կունենան, հարցաշարն ինչպես կկազմակերպվի՝ դա արդեն այլ բան է։ Ես՝ ինքս, շատ կուզենամ, որ այդ թեստերը, հարցաշարը կազմելու ժամանակ մասնագետներից կարծիք հարցնեն, գուցե չգիտեն, թե ինչ է պետք, բայց ես արդեն 30 տարի է՝ դպրոցական ձեռնարկների հեղինակ եմ»,- ասում է նա ու ընդգծում, որ շատ կարեւոր է, թե այդ թեստերն ով եւ ինչպես է կազմելու։

Սոցիալական ցանցերում եւս ուսուցիչներից շատերն իրենց տարակուսանքն ու մտահոգությունն էին հայտնել ատեստավորման հետ կապված, մասնավորապես, թե ինչու քննարկում չի կազմակերպվում, արդյոք հարցաշարում մասնագիտական հարցե՞ր են միայն լինելու, թե՞ ինֆորմատիկա եւ օտար լեզուներ՝ նույնպես, եթե այո, ուսուցիչների քանի՞ տոկոսը կհաղթահարի այդ շեմը։ Ատեստավորման ժամանակ միայն գրանցո՞ւմն է առցանց, թե՞ ամբողջ ընթացքը։ Ոմանց կարծիքով էլ աշնանը նախատեսված ուսուցիչների աշխատավարձի բարձրացումը միայն քաղաքական նպատակ է հետապնդում՝ ընտրություններից առաջ ուսուցիչների ձայները կորզելու հույսով։