Ինչու՞ հայրը փոխեց տղայի ծննդյան օրը

Ինչու՞ հայրը փոխեց տղայի ծննդյան օրը

Խոսում ենք մեր մշակույթի ոչնչացումից, որ ազգի գոյատևման հիմնական սյունն է, բայց մոռանում ենք մեր հայ հանճարների ծննդյան օրն անգամ։ Վերջին տարիներին մեր մշակույթի գործիչներին  պետական մակարդակով ընտրողաբար են հիշում, մեծարում։ Ովքեր ազգի, աշխարհի համար   հոգևոր արժեք են, մոռացության են մատնվում, ովքեր իրենցն են, այնպե՜ս են որպես երգիչներ, կոմպոզիտորներ  մեծարվում, որ հասկանում ես, թե ինչու ենք անդունդը գլորվում, թե ինչպես է մշակույթը վերացվում։  

Այսօր մեծանուն երգահան Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է։ Ծնվել է հունվարի 21-ին, սակայն հայրը նրա ծննդյան վկայականում դարձրել է հունվարի 22։ Ինչու՞։ Քանի որ 1924 թվականին Վլադիմիր Լենինի մահվանից հետո, հունվարի 21-ը  15 հանրապետություններում հայտարարվել է ամենամյա սգի օր։ Համընդհանուր սգի ժամանակ տոնակատարություն չկազմակերպելու համար  հայրը փոխել է որդու ծննդյան օրը,  չի կամեցել որ իր որդու ծնունդը սգո օր լինի։ Աշխարհի բոլոր մրցանակները նա ստացել է, դժվար է թվարկել, սակայն  ի ցավ այսօրվա իշխանության՝ եղել է Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ։ Ինքը երևի ամենաշատը դրանով է հպարտացել, որ իր ազգը, մշակույթը կարողացել է ճանաչել տալ աշխարհին։ Նա ազգային ակունքներից բխող համաշխարհային երևույթ էր։ Ինչ ժանրի էլ դիմեր կոմպոզիտորը՝ գտնում էր դեպի ունկնդրի հոգին տանող ուղիներ: Առնո Բաբաջանյանն ամբողջ կյանքում հիշեց Արամ Խաչատրյանի սկբունքը. ստեղծագործել՝ շեշտը դնելով ազգային արմատների վրա․

-Կարևոր չէ, թե ինչպես կտատանվեմ տարբեր լեզուների միջև, ես մնում եմ հայ, բայց եվրոպացի հայ, ոչ ասիացի հայ: Ուրիշ հայ կոմպոզիտորիների հետ մենք կստիպենք Եվրոպային և աշխարհին լսելու մեր երաժշտությունը: Եվ երբ նրանք լսում են մեր երաժշտությունը, մարդիկ վստահորեն ասում են. «Պատմե՛ք մեզ այդ ժողովրդի մասին, ցու՛յց տվեք երկիրը, որ այդպիսի արվեստ է ստեղծում,-ասում էր Արամ Խաչատրյանը: 

Առնո Բաբաջանյանն ինքն էլ իր ստեղծագործություններով աշխարհին պատմեց Հայաստանի ու հայ ժողովրդի մասին: Եվ ինքն էլ հետագայում պետք է ասեր. 

-Ինչ էլ որ գրեմ, ստացվում է հայեցի։