Նժույգ ձին ամեն մարդու բան չէ

Նժույգ ձին ամեն մարդու բան չէ

Ժողովրդական իմաստուն խոսք է. «Նժույգ ձին ամեն մարդու բան չէ: Զենքը ամեն մարդու բան չէ»: Ձին տվինք, ոսկեղեն ձին, հաղթանակների ձին, այնպես քշեց, որ ձիուց բան չմնաց։ Այնպես պահեց, որ  ձին դառավ մի հալածված, հյուծված ու քոսոտ կենդանի։ Զենք տվինք, զենքը ժողովրդի վրա պահեց, բանեցնել չգիտեր։ ժողովրդին դարձրեց զենքի տակ դողացող մի թշվառություն։ Հայաստան տվինք, Արցախ տվինք, հիմա  Արցախը չկա, Հայաստանն էլ չլինելու եզրին է։ Ոսկե գենոֆոնդ տվինք, հիմա Եռաբլուրում կողք կողքի պառկած են։ Մեծերը մի լավ խոսք ունեն՝ կանաչ խոտի գնաց, խոտը չորացավ։ Ձեռքը ինչի վրա դրեց՝ թառամեց։ Փառահեղ ձին տվինք, իր մարմնագոյությունը տեղավորեց ձիու վրա, տվողին մոռացավ։ Ասում էր, երեք միլիոն վարչապետ ունենք, հիմա ասում է՝ ես եմ, որ կամ։ Ասում էր՝ կառավարության շենքի դուռը ձերն է, ամեն պահ կարող եք կոտրել ու ներս մտնել, հիմա այդ դուռը հազարավոր ոստիկաններով է պատել ու մեջը պինդ- պինդ նստել։ Քիչ որդիներ կա՞ն, որ հոր ունեցվածքը, ժառանգությունը մսխում ու հոր նկատմամբ սիրուց են  խոսում։ Փաշինյանը հենց այդ մարդն է։ Մեր ունեցածի վրա մի ծեղ էլ չի ավելացրել, հայրենիքի սիրուց է խոսել ու հայրենիքը հանձնել։ Հոր տունը սարքելու փոխարեն  վաճառքի է հանել ու հիմա հայրենիքի մասին կիլոմետրերով է խոսում՝ էսքանը կտամ, էսքանը կպահեմ, «որ հետո տամ»-ի ճակատագրով։ Պահում ես ի՞նչ անես՝ որ ձեռքիցդ խլե՞ն, քանի գին տվող կա, տուր՝ թող գնա։ 
Մեզ էլ հետը տուր։ Մեկը փեչ է գնում ու վաճառողին հարցնում է․
-Տրուբաներն էլ հե՞տն ես տալիս։ 
Վաճառողն ասում է՝ այո։ 
-Կրակխառնի՞չն էլ։
Որ էլի է բաներ է հարցնում, վաճառողն ասում է․
-Հա ախպեր, վառելափայտն էլ հետն եմ տալիս, որ նեղություն չքաշես փայտի համար։ Կնկաս էլ հետը կտամ, որ փեչդ վառի։ 
Հիմա մենք այս պատմության մեջ ենք։ Մեր հոր ունեցվածքը մի էշի վրա բարձած հանձնում ու հանձնում է։