Մուննաթ-զուննաթ Վենետիկի հասցեին

Մուննաթ-զուննաթ Վենետիկի հասցեին

Այսօր առավոտից համացանցն աղմկում է Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ կապված։ Մինչ հանրությունը սպասում էր, որ պաշտոնական արձագանք կլինի որեւէ պատկան մարմնի, կամ՝ պաշտոնատար անձի կողմից, հրապարակվեց Արդարադատության նախարարության պատասխանը, որի վերնագրից արդեն կարելի էր եզրակացնել, թե ինչ բովանդակություն ունի։ «Ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումների»։ Իսկ տեքստն ուղղակի վկայում է այն մասին, որ ասելիքը բացակայում է։ Ավելի շուտ ողջ ասելիքը կենտրոնացած է երկու հանգամանքի վրա։ 

Մեկը, թե՝ «առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին»: Այսինքն՝ արդարադատության նախարարությունը վրդովված է ոչ այնքան զեկույցի բովանդակությունից, որքան նրանից, որ արտահոսք է եղել։ Մինչդեռ ակնհայտ է, որ նման կարեւոր հարցում հնարավոր չէր լինի «մախաթը պարկում թաքցնել»՝ վաղ թե ուշ այն հասանելի էր դառնալու հանրությանը։ Եւ առնվազն տարօրինակ է, որ իրեն «ժողովրդի իշխանություն» հռչակած կառավարությունը ծանր է տանում այն, որ ժողովուրդը տեղեկացել է ինչ-որ փաստի մասին։ 

Եւ հայտարարության երկրորդ մեսիջը․ նախարարությունը մանրակրկիտ ներկայացնում է, թե ում հետ են իրենք եւ մասնավորապես՝ նախարարը հանդիպել «եվրոպաներում»՝ նշելով անուններ․ Թորբորն Յագլանդ, Ջիանի Բուքիքիո եւ այլք, ում այս գաղափարներն «առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են»։ Իսկ «ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել»: 

Այս մուննաթ-տեքստից հասկացվում է, որ ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք ձեզ ներկայացրել ենք, դուք լսել եք, հիմա ինչի՞ եք նման հայտարարություն անում։ Իսկ սա նշանակում է, որ իրենց թվում է, թե երբ եվրոպացիները լսում եւ լռում են, ուրեմն՝ համաձայն են լսածի հետ։ Կամ էլ՝ պարզապես կարծում են, որ իրենք այնքան լավն են, որ իրենց ամեն ասածի հետ եվրոպական կառույցները պետք է անխոս համաձայնեն։ Եւ վերջում արդարադատության նախարարությունը սպառնում է․ «հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»։ Հավանաբար հիմա էլ եվրոպական կառույցներին, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովին է «ասֆալտին փռելու» մեր վարչապետը։