Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող կադրը

Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող կադրը

Երեկ մենք լուր էինք հրապարակել, որտեղ անդրադարձել էինք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումի մասին նախորդ օրը տարածված լուրին, որը թեեւ hayeli.am-ում հրապարակվելուց հետո արագությամբ հերքեցին պատկան մարմինները, բայց մեր տեղեկություններով էլ համապատասխանում է իրականությանը։ Գրել էինք, որ մենք փորձել ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալ այդ հրաժարականի մասին, եւ կառավարությանը մերձ շրջանակից մեզ ուշագրավ տեղեկություններ էին հաղորդել․

«Ոչ միայն Վանեցյանը, կառավարության գրեթե բոլոր անդամները պարբերաբար դիմումներ են գրում, ապա դրանք պատռվում են վարչապետի կամ հենց դիմումատուների կողմից։ Նման դիմումներ գրել են ե՛ւ փոխվարչապետերը, ե՛ւ նախարարները, ե՛ւ քաղաքապետը։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելը հեշտ չէ՝ նա բռնկվող է, անհավասարակշիռ, զայրանալիս կարող է մարդուն վիրավորել, ասել՝ դիմում գրի, գնա։ Հետո, իհարկե, պաղում է, երբեմն՝ փոշմանում, բայց դիմացինները շատ ծանր են տանում այդ պահվածքը եւ փորձում են թողնել հեռանալ»։

Ահա մեր այս լուրը, որի մանրամասները խուսափել էինք ներկայացնելուց, որպեսզի անհարկի չմեղադրվենք Փաշինյանի դեմ քարոզչություն անելու մեջ եւ կեղծ-հերքումների տեղիք չտանք (ի վերջո՝ եթե հրաժարականի դիմումի սքրին-շոտը չունես, այն ապացուցելու միակ ձեւը դրան առնչվող մարդկանց խոստովանությունն է, իսկ երբ նրանք նայում են մարդու աչքերի մեջ եւ սուտ ասում, այն մնում է անապացույց)։ Բայց այսքան մեղմ ու խնայողաբար գրված տեղեկությունն էլ, պարզվում է, Վլադիմիր Կարապետյանի սրտով չէ։ Նա պատրաստվում է հերքել իրեն բոլորովին չվերաբերող եւ իր գործառույթների մեջ չմտնող հրապարակումներն անգամ։ Փոխարենը, իր բուն գործառույթներն իրականացնելիս այդքան ջանասեր չէ՝ նա սովորույթ է ձեռք բերել սկզբում պատասխանել զանգին, լսել հարցը, խոստանալ, որ կճշտի անհրաժեշտ տեղեկությունն ու այնուհետ երկար ժամանակով դառնալ անհասանելի։ Իսկ հրապարակումներն արվելուց հետո արձագանքել եւ հերքել ամեն ինչ՝ «մածունը սեւ է» բնույթի հայտարարություններով։

Եւ ահա, պարոն Կարապետյանը մեր լուրին ի պատասխան ասել է․ «Ինձ շատ հեշտ է աշխատել. պարոն Փաշինյանը համբերատար լսում է, շատ հստակ ձևակերպում է հանձնարարականները, մոտեցումները: Հետևաբար, այդ հրապարակումը պարզապես հերյուրանք է, իրեն չճանաչելու, իրերը հակառակ կերպ ներկայացնելու փորձ»: 

Թե ով է ավելի լավ ճանաչում Փաշինյանին եւ որքանով է Վլադիմիր Կարապետյանն անձամբ այդ շրջանակին պատկանում, սխոլաստիկայի ժանրից է եւ մենք չենք մտնի այդ դաշտ։ Չենք անդրադառնա նաեւ խոսնակի այն պնդումներին, թե որքա՜ն հեշտ է իրեն Փաշինյանի հետ աշխատելը։

Կասենք միայն, որ, փոխարենը, իր հետ աշխատելը ոչ լրագրողների, ոչ տարբեր գերատեսչությունների խոսնակների, ոչ իշխանության տարբեր ներկայացուցիչների համար հեշտ չէ։ Ավելին՝ Քաղպայմանագիր կուսակցությունում շատերը համարում են, որ Նիկոլ Փաշինյանի ամենաանհաջող նշանակումներից մեկը խոսնակի պաշտոնում ՀԱԿ ներկայացուցչի նշանակումն է, որին կասկածում են նաեւ վարչապետին նեգատիվ մտքեր ներշնչելու, տարբեր մարդկանց դեմ լարելու եւ առհասարակ բացասական դերակատարում ունենալու մեջ։ Վարչապետի խոսնակն, ի դեպ, իր պաշտոնից այնքան էլ չբխող հանդիպումներ է ունենում շարունակ, հրահանգներ իջեցնում տարբեր պաշտոնյաների, հատկապես՝ արտաքին քաղաքական դաշտում։

Եւ միջամտում է տարբեր գերատեսչությունների աշխատանքին։ Օրինակ, ԱԱԾ խոսնակի՝ Արթուր Վանեցյանի մասին նախօրեին հրապարակված լուրը հերքում էր հենց նրա հորդորով։ Նույն օրն աշխատանքի ընդունված խոսնակը, հավանաբար, անփորձության պատճառով, տեղյակ չէր, որ ինքը Վլադիմիր Կարապետյանի աշխատողը չէ եւ նա չի կարող հրահանգներ տալ իրեն, զանգել էր «Հրապարակի» խմբագրին եւ ասում էր, որ Կարապետյանն է իրեն հանձնարարել, որ հերքի մեր լուրը։