Ոչ միայն սանիկն է, այլև՝ ազգականը

Ոչ միայն սանիկն է, այլև՝ ազգականը

Քննչական կոմիտեն երեկ հաղորդագրություն տարածեց, որ ձերբակալվել է ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության  մատակարարման բաժնի պետ Քոչար Խաչատրյանը, ում մեղադրում են 2016 թվականի սեպտեմբերից մինչեւ դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում արծաթյա մեդալների եւ հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին այլ մետաղից պատրաստված մեդալներ եւ հուշամեդալներ մատակարարելու մեջ, ինչի արդյունքում պատճառվել է գույքային վնաս՝ 9 մլն 359 հազար 083 ՀՀ դրամի չափով։ Անմիջապես լուր տարածվեց, որ Քոչար Խաչատրյանը Հրայր Թովմասյանի սանիկն է, ինչն էլ հասկանալի դարձրեց, թե ինչու են նյութական վնասի համար մարդուն կալանավորել՝ առանց վնասը հատուցելու հնարավորություն տալու։

Մենք տեղեկացանք նաեւ, որ Քոչար Խաչատրյանը ոչ միայն Հրայր Թովմասյանի սանիկն է, այլեւ ազգականը՝ հորեղբոր թոռը։ Պարզ է, որ ՍԴ նախագահի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմքեր իշխանությունները չգտան, անցել են նրա ազգականներին հետապնդելուն, որ Թովմասյանը ստիպված լինի հրաժարականի դիմում գրել։