Միտինգում կարելի է չստուգված ինֆորմացիա հրապարակել, բայց ո՛չ վարչապետի պաշտոնում

Միտինգում կարելի է չստուգված ինֆորմացիա հրապարակել, բայց ո՛չ վարչապետի պաշտոնում

Սոցիալական ցանցերում մասսայական պսիխոզի դրսեւորումներն արդեն սկսել են տեսանելի դառնալ բոլորին՝ անգամ ոչ մասնագետներին։ Վերջին օրերին այդ թեման են բարձրաձայնում ոչ միայն տարբեր քաղաքական գործիչներ, այլեւ լրագրողական կազմակերպություններ՝ կոչ անելով վերջ տալ մամուլում ու սոցցանցերում  փոխադարձ անեծքներին ու լուտանքներին։ Հրայր Թովմասյանի դստեր դեմ ագրեսիայի ուղղորդումը, բերման ենթարկելու գործողությունների մասին «հանրային պահանջով» ձեւակերպումն ավելի օրախնդիր դարձրին սթափության կոչերը, որոնք  իշխանություններին առաջին հերթին հորդորում են կանգ առնել։

«Հույս ունեմ, որ «հանրային պահանջի բարձրաձայնիչները» խնդիր չեն դրել մեզ տեղափոխել էն ժամանակները, երբ հեղափոխական տրոյկաների անունից ու «հանրային պահանջով» փողոցներում մարդկանց էին գնդակահարում։ Սպասում ենք ոստիկանության պարզաբանմանը»,- գրել էր ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։ Մեր երկրի համար ոչ այնքան «ֆեյք նյուզն» է մարտահրավեր, որքան ատելության խոսքը, երբ, օրինակ, իշխանության  «հրոսակախմբերը» հույս են հայտնում, որ մինչեւ Նիկոլ Փաշինյանը Կապանից հետ գա, Հրայր Թովմասյանն ինքնասպանություն կգործի, ու 120 հոգի «լայքում» է այդ «քոմենթը», կամ՝ հոդվածի տակ գրում են, թե լավ է եղել, որ շունը կծել է Արա Սահակյանին։ Դե, մյուս կողմն էլ, բնականաբար, հետ չի մնում․ է՛լ 7-հարկանի հայհոյանքներ Փաշինյանի հասցեին, է՛լ դեղեր խմել-չխմելու մասին հումոր, էլ «հեռվից» «դիագնոզ» դնողներ, տեղեկանք նրա հոգեկան առողջության մասին։ Սոցիալական հոգեբանության ու արդեն նաեւ ազգային անվտանգության տեսանկյունից վտանգավոր եզրագծին մոտեցող այս երեւույթի, դրա պատճառահետեւանքային կապերի մասին «Հրապարակը» զրուցել է հոգեբան Սամվել Խուդոյանի հետ։


- Պարոն Խուդոյան, հետեւո՞ւմ եք Ֆեյսբուքին, ինչպե՞ս կբնորոշեք այս ամենը, ատելության խո՞սք։

- Ատելության խոսքը ո՞րն է․․․ ոչ կոռեկտ արտահայտվելու ավանդույթ մերոնք միշտ էլ ունեցել են, եւ սոցցանցերում, այո, կա սա։ Կա նաեւ նախկին իշխանության նկատմամբ բացասական վերաբերմունքը։ Նաեւ կա ագրեսիվության աճ, չարախնդալու բան՝ էն, ինչ կապված է նախկինների հետ։ Շատ հաճախ էլ Նիկոլի ասածներին, արածներին նախկին իշխանության ներկայացուցիչների քոմենթները նույնքան ագրեսիվ են։ Եվ կարելի է ասել, որ ժողովրդի մեջ իսկապես կա լարվածություն։ Մանավանդ՝ սխալ եմ համարում այդ «գունաբաժանումը», որ ամեն ինչ վատ էր անցյալում, եւ դրանք բոլորը «սեւեր» են, որոնց բոլորին պետք է չգիտեմ ինչ անել։ Եվ սա՝ այն ֆոնին, որ երկու կողմում էլ հասարակության մի ստվար հատված կա, որն անընդհատ հանդես է գալիս ագրեսիվ, հայհոյական, ոչ կոռեկտ խոսքով։ Մի խոսքով՝ մեր հասարակությունն ահավոր քաղաքականացված է։

- Հնարավո՞ր է, որ այս ամենը մի օր սոցիալական ցանցերից դուրս գա փողոց։

- Չէ, չեմ կարծում, իրական կյանքում էն, որ հոխորտում են, նրանք առաջինն են թաքնվելու, եթե մի բան լինի։ Իսկ Ֆեյսբուքում ընդունված այդ պոռոտախոսությունն իրական կյանքի հետ ոչ մի կապ չունի։ Ու ֆեյսբուքյան այդ միջավայրն է այդպիսին, որ մարդիկ առյուծ են կտրում։ Եվ պետք է հաշվի առնել, որ սա նաեւ շատ ինտենսիվ պրոպագանդիստական պատերազմ է՝ ֆեյքերի ու հատուկ կազմակերպված խմբերի միջեւ աշխատանք։ Շատ դեպքերում՝ նաեւ վճարվող․․․ ստեր՝ շատ հաճախ, կեղծիքներ՝ հատուկ մշակվող, ինֆորմացիոն պատերազմներ՝ ժանրի բոլոր կանոններով։ Ֆեյսբուքն աշխատում է այսպես․ մեկը մի «կատաղի» վերնագիր է դնում, մի հոգի մի հիմարություն է գրում, մյուսները ո՛չ կարդում են, ո՛չ էլ, ու գնաաաց, տուր թե կտաս։

- Ո՞ր կողմը, ըստ Ձեզ, պետք է կանգ առնի, դուրս գա Ֆեյսբուքից, կողմնակիցներին սթափության կոչ անի։

- Իշխանությունը, որն առաջին հերթին պիտի հայտարարեր, որ, գիտե՞ք ինչ՝ վերջ տանք էս «սեւ ու սպիտակ» բաժանմանն ու մեղադրանքներին։ Եթե մարդը հանցագործություն է արել, թող պատժվի օրենքով, բայց այնպես չարվի, որ մարդուն ոչնչացնեն, նվաստացնեն, առանց ապացուցելու վարկաբեկեն։ Եվ, իհարկե, կոչեր պետք է հնչեն, պետք է հնչեն հեղինակավոր մարդկանցից։

- Մինչդեռ մենք իշխանությունից լսում ենք մեկնաբանություն, որ այսինչը «ձերբակալվել է հանրային պահանջով»։

- Դե, դա բառ էր, օգտագործեց, հո եսիմինչ չէ․․․ անհեթեթություն է, ի՞նչ է նշանակում՝ «հանրային պահանջ»։

- Պարոն Խուդոյան, որպես հոգեբան, այդ պատերազմում օգտագործվում է նաեւ՝ «Նիկոլը դեղերը խմե՞լ է, թե՞ չէ»։ Ռուսական պարբերականն էլ գրեց Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նեւրոտիկ վիճակի մասին։ Դուք հեռվից՝ հեռակա, այս առումով ինչ-որ բան կարո՞ղ եք ասել։

- Դա անհեթեթություն է… պսիխոզն էլ, հոգեկան ծանր հիվանդության մասին էլ։ Հնարավոր չէ, որ հոգեկան ծանր հիվանդություն ունեցող մարդը ղեկավարի երկիր։ Այստեղ ուղղակի բնավորության գծերի…, կարելի է խոսել նեւրոտիկ գծերի մասին։ Բնավորության, բայց, բոլոր դեպքերում, նման տիպիկ գծեր Նիկոլ Փաշինյանի մոտ չկան։ Զգացվում է, որ բնավորության որոշ գծեր շեշտված են․ որոշ դեպքերում ցուցադրականություն կա, որոշ դեպքերում… բայց դա բոլորիս մոտ կա։ Նա ոչ ստանդարտ մարդ է։ Հետո՝ էմոցիոնալ է։ Բայց դա նշան չէ։ Նաեւ անկեղծ է, թեեւ շատ հաճախ՝ մանիպուլյատիվ դրսեւորումներով։ Օրինակ՝ գրիչի իր հիմնավորումները, որ «մանրուք է, բայց․․․»։ 

Ուղղակի իր մոտ անցումը շատ արագ էր։ Տեսեք՝ նախկին իշխանավորները, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, բոլորն ինչ-որ փուլեր անցան, իսկ իր դեպքում ուղիղ փողոցային պայքարից հետո, որեւէ պաշտոն չզբաղեցնելուց հետո հանկած Նիկոլ Փաշինյանը հայտնվեց իշխանության ամենավերին օղակում։ Չէ՞ որ այդ պաշտոնները նույնպես մարդու համար «շկոլա» են՝ ինչպես պահել, ինչպես խոսել։ Օրինակ՝ եթե միտինգում կարելի է չստուգված ինֆորմացիա հրապարակել, բայց ո՛չ վարչապետի պաշտոնում՝ եթերից։ Առհասարակ, պետք է գրավոր խոսել, որովհետեւ բանավոր խոսքը միշտ էլ իր հետ կարող է բերել տարբեր սխալներ։