Նիկոլի «գրիչ ցրելու» հանճարեղ խաղը

Նիկոլի «գրիչ ցրելու» հանճարեղ խաղը

Ես չէ, որ պիտի տեղեկացնեմ Նիկոլ Փաշինյանի խաղալու պրոֆեսիոնալիզմի մասին։ Չորս տարի է՝ նա ցուցադրում է իր խաղի կատարելությունը։ Չորս տարի է՝ խաղի մեջ ենք,  իրականությունն ու խաղը խառնվել են իրար։ Շատ անգամ եմ անդրադարձել Նիկոլ Փաշինյանի դերախաղերին, գրել, որ նա  կարող է գժված Օթելլո խաղալ, տեղն եկած տեղը խեղդել իր սիրելիին, հետո արալեզի նման վերքերը լիզելով կենդանացնել նրան, նոր պաշտոն տալ․․․ Իսկ հետո խաղալ մի խղճուկ մարդու դեր, ով Պուտինին «Պյուտին է ասում»։ Նա կարող է զայրացած ու իրեն կորցրած մարդու դեր խաղալ, մի քանի րոպե հետո հանդարտ ու միամիտ մի գեղջուկի դեր տանել։ Նա կարող է Եռաբլուրում ծնկի գալ հերոսների առաջ, հետո լռեր, երբ նրանց գերեզմանները պղծվեր։  Կարող է հերոսի մոր ձեռքերը համբուրել, հետո նրա դեմ ոստիկանություն հանել․․․

Հիմա կասեք՝ գիտենք։ Բա որ գիտե՞ք, երեկ ինչու՞ զարմացաք, երբ նա «գրիչ էր ցրում»։ Անճարակի պես թափ էր տալիս «պիջակի փոշին», որ էն անմարդ կնիկները իրեք մանեթանոց լաց դնեն՝ տեսե՜ք է, խեղճ մարդը շոր լվացող էլ չունի։ Գրիչ ցրելու խաղը օվացիայի էր արժանի։ Ո՜նց էր վախվորած շուրջը նայում, ո՜նց էր անհանգիստ ու լարված, ո՜նց էր հայացքը փախցնելով «թռցնում գրիչը»։ Փաշինյանի հանճարեղ խաղը դիտելուց հիշեցի մեր շատ ճանաչված բժիշկներից մեկի պատմությունը։ Կինոռեժիսոր Էդմոնդ Քեոսայանի ընկերն է։ Միասին որոշում են թատերական տալ և պատկերացնու՞մ եք բժիշկը Քեոսայանին հաղթում է։ Պատմում էր, որ հանրահայտ ռեժիսորն  այդ տարի չի ընդունվում։ 

Ասում են պատկերացրեք, որ  ձեր եղբայրը մահացել է, ի՞նչ եք անում։ Լսափողը ձեռքումս էր, երբ լսեցի, որ եղբայրս մահացել է,- պատմում է բժիշկը,- այնպես շփոթվեցի, որ թարս էի բռնել հեռախոսը։ Հեռախոսը թարս բռնած խոսում, կցկտուր բաներ էի ասում, իսկ քննող դասախոսները ոտքի էին ելել ու ինձ համբուրում էին․․․

Հիմա մենք նույն վիճակում ենք։ Գործ ունենք տաղանդավոր խաղացողի հետ։ Երեկ գրիչ էր ցրում ու չարաճճի տղայի դեր խաղում, «պիջակի փոշին էր թափ տալիս» ու իր զեբրահագուստ երկրպագուհիների հաճույքախառն «ոռնագոռոցները որսում» միայն մի նպատակով՝ որ խոսեն իր գրիչ ցրելու մասին։ Նրան պետք չէր քննարկել համահայկական հիմնադրամը, որն արդեն կասկածի տակ է դրվել, նրան պետք չէր ինչ որ փողերի անհայտ օգտագործման մասին խոսվեր․․․ Նա կարող էր անգամ «պիջակը հանել» ու շպրտել իր երկրպագուների վրա։ Հետո հարցնել բաղնիքի տեղը ու գնալ լողանալու