Ռուսաստանը հրաժարվում է իր համար անիմաստ ու ծախսատար բեռից
Իշխանության ներկայացուցիչները, իրար հերթ չտալով, ավետում են ուրախալի լուրը. Նիկոլ Փաշինյանը մոսկովյան այցի ընթացքում կարողացել է շատ լուրջ հաջողություն արձանագրել։ 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան եւ Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պաշտպանությանը կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով: Մնում է հասկանալ՝ դա ձեռքբերում է Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի համար, կամ՝ ի՞նչ կարեւոր ձեռքբերում ունեցավ Հայաստանն այս պայմանավորվածության արդյունքում, եւ ինչ կորցրեց Ռուսաստանը:
Անկասկած, ցանկացած անկախ երկիր ինքն է պարտավոր ապահովել իր սահմանների պաշտպանությունը, եւ օտար երկրների ներգրավումն այդ գործում ինքնիշխանության էական զիջում է: Հայաստանն Իրանի եւ Թուրքիայի հետ իր սահմանների պաշտպանությունը հանձնելով Ռուսաստանին, ըստ էության, ընդունել է, որ ինքնուրույն չի կարող դա իրականացնել: Գուցե Ռուսաստանն ինքն է շահագրգռված եղել, որ Հայաստանի փոխարեն ինքը պաշտպանի այդ սահմանը, իր սահմանապահները ծառայություն իրականացնեն Հայաստան-Իրան սահմանի հսկիչ-անցագրային կետում: Բայց ի՞նչ է շահում Ռուսաստանը, օրինակ, Հայաստան-Թուրքիա սահմանի պաշտպանության կազմակերպման հարցում՝ էականորեն ոչ մի բան:
Ընդհակառակը՝ տարիներ շարունակ Ռուսաստանը միլիոնավոր դոլարներ է ծախսում թե՛ իր սահմանապահներին վարձատրելու, թե՛ սահմանային ենթակառուցվածքը սարքին վիճակում պահելու, թե՛ այլ անհրաժեշտ միջոցառումների համար: Ռուսաստանը, բացի նյութական վնասից, որեւէ այլ օգուտ չի ստացել, համենայնդեպս, այդ օգուտը տեսանելի չէ: Ավելին՝ տեսանելի է եղել, որ Հայաստանի սահմանների պաշտպանությունը ծանր ֆինանսական բեռ է Ռուսաստանի համար, որից նրանք թերեւս դեմ չէին լինի ազատվել եւ հիմա փուլային եղանակով ազատվում են: Այդ ֆինանսական բեռն ինչ-որ չափով կրճատելու համար ռուսները կրկնակի կրճատել էին սահմանապահ ուղեկալների թիվը, բազմաթիվ սահմանապահ ուղեկալներում ընդհանրապես սահմանապահներ չկան, եւ դրանք դատարկ են: Ֆինանսական բեռը կրճատելու նպատակով, ռուսները սահմանի պաշտպանության համար պայմանագրային ծառայության են վերցնում Հայաստանի քաղաքացիների, զորակոչի ժամանակ տասնյակ եւ նույնիսկ հարյուրավոր հայ նորակոչիկներ իրենց ծառայությունն են անցկացնում Հայաստան-Թուրքիա եւ Հայաստան-Իրան սահմանին: Սա արվում էր միայն մեկ նպատակով. Ռուսաստանը հայ պայմանագրայիններին անհամեմատ ավելի քիչ է վճարում, քան եթե այդ նույն պայմանագրայինը գար Ռուսաստանից, լիներ Ռուսաստանի քաղաքացի: Ռուսաստանը խնայում էր նաեւ այդ պայմանագրայինների կոմունալ-կենցաղային կարիքները հոգալու վրա. հայ պայմանագրային սահմանապահին պետք չէ ապահովել բնակարանով, ծառայություն իրականացնելով սահմանին՝ նա ապրում է իր տանը: Նույնը վերաբերում է նաեւ ընտանիքի անդամներին. ռուսները գալիս են ընտանիքներով, եւ Ռուսաստան պետությունն ապահովում է նրանց կեցության, կրթության եւ այլ հարցեր:
Մեծ հաշվով, հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանի պաշտպանությունը միշտ էլ իրականացրել են հայ սահմանապահները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, լինի դա շարքային, կրտսեր սերժանտական կամ սպայական կազմ: Միայն բարձր սպայական կազմն է, որ ռուսաստանցիներ են`Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ: Այս պայմանավորվածության տեսանելի արդյունքը կլինի սահմանի պաշտպանության հարցում մի քանի բարձրաստիճան հայ սահմանապահների ներգրավումը: Հայաստանի նյութական եւ քաղաքական պատասխանատվությունը սահմանի պաշտպանության հարցում կմեծանա, ռուսները կպահանջեն, որ Հայաստանը նյութապես մասնակցի սահմանային ենթակառուցվածքների գործունեության ապահովմանը, կամ կարող են դա ընդհանրապես թողնել Հայաստանի վրա. այդքան մի բան:
Այս պայմանավորվածությունից ուրախացողներն ու հրճվողներն ասում են, որ կարեւորը ոչ թե նյութական ծախսերն են, այլ՝ ինքնիշխանությունը, Հայաստանը, ստանձնելով իր սահմանի պաշտպանությունը, էականորեն ավելացնում է իր ինքնիշխանության մակարդակը: Ովքեր չգիտեն, թող իմանան, որ երբ օգոստոսի 1-ից ռուս սահմանապահները դուրս եկան «Զվարթնոց» օդանավակայանից եւ դադարեցին մասնակցել սահմանային հսկողությանը, օդանավակայանում սահմանային հսկողություն իրականացնող հայ սահմանապահների վիճակն էականորեն վատացավ, վատացան նրանց աշխատանքային պայմանները: Ռուս սահմանապահներին չփոխարինեցին նոր աշխատողներ, այլ նրանց աշխատանքը բաշխվեց արդեն իսկ ծառայություն իրականացնող հայ սահմանապահների վրա, եւ նրանց աշխատանքային պայմաններն այնքան վատացան, լարվածությունն այնքան մեծացավ, որ մարդիկ, ուղղակի չդիմանալով նման ծանր աշխատանքի պայմաններին, ազատման դիմում են գրում, նորերը չեն ընդունվում` տեղյակ լինելով աշխատանքի վատ պայմանների եւ ցածր վարձատրության մասին: Հեշտ չէ՝ 8 ժամ նստել մի փակ վանդակում եւ անընդհատ լարված ստուգել անձնագրերը, ուշադիր լինել, որ ինչ-որ մեկը կեղծ անձնագրով չմտնի քո երկիր: Սահմանապահներն ավելի քիչ աշխատավարձ են ստանում, քան փողոցներում արտասահմանյան թանկարժեք մեքենաներով թրեւ եկող պարեկները, որովհետեւ պարեկը պաշտպանում է Փաշինյանին, իսկ սահմանապահը՝ ընդամենը պետական սահմանը:
Հիմա ասեք՝ ո՞վ է ում վրա գցել սահմանի պաշտպանությունը. Ռուսաստա՞նն է կամաց-կամաց փորձում ազատվել իր համար անիմաստ եւ ծախսատար այդ բեռից, թե՞ Հայաստանն է վերականգնում իր ինքնիշխանությունը՝ իր վրա վերցնելով Ռուսաստանի կողմից մեր փոխարեն իրականացվող ծախսերի մի մասը: Մանավանդ, որ Ռուսաստանի նախագահը դեռ նախորդ հանդիպման ժամանակ էր ասել, որ պատրաստ են իրենց սահմանապահներին հանել Իրանի եւ Թուրքիայի սահմանից:
Մի բան էլ չմոռանաք. եթե իսկապես Իսրայելը սկսի զանգվածային հրթիռային հարվածներ հասցնել Իրանին, եւ այդ երկրից փախստականների հոսք սկսվի Հայաստան, Իրան- Հայաստան հսկիչ-անցագրային կետում նստած են լինելու հայ սահմանապահներ, եւ նրանք են որոշելու՝ ում թողնեն երկիր, ում՝ ոչ, եթե, իհարկե, կարողանան, ի վիճակի լինեն, Ռուսաստանը դրա համար պատասխանատվություն չի կրելու: Այնպես որ, ուրախանալուց եւ հրճվելուց առաջ ճիշտ կլինի մի քիչ մտածել․ դա այնքան էլ վտանգավոր չէ:
Ավետիս Բաբաջանյան
Կարծիքներ