Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետ

Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է ԱՀ ոստիկանության պետ

Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր`մայիսի 26-ին այցելել է Արցախի Հանրապետության ոստիկանություն և անձնակազմին ներկայացրել է նորանշանակ ոստիկանապետ Աշոտ Հակոբջանյանին:


Նախագահ Հարությունյանի հրամանագրերի համաձայն` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, իսկ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետի պաշտոնում` ազատվելով ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության ոստիկանության պետ٫ ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում:


Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ փոփոխությունը կապված է հանրության նոր պահանջների և սպասելիքների հետ: 
«Ոստիկանությունը լինելու է իմ ուշադրության կենտրոնում և ոչինչ չենք խնայելու համակարգի զարգացման, համակարգի ծառայողների սոցիալական վիճակի բարելավման և ամենակարևորը` համակարգի ծառայողների` հասարակության մեջ դերի բարձրացման ուղղությամբ: Ամենակարևորը օրենքի առջև բոլորի հավասարությունը ապահովելն է» ,- իր խոսքում շեշտել է Նախագահը:


Լևոն Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին համատեղ աշխատանքի համար, իսկ նորանշանակ ոստիկանապետին մաղթել է հաջողություններ: Նա նշել է, որ մեկ տարվա գործունեության ընթացքում արվել է ամեն բան ոստիկանության առջև դրված խնդիրները իրականացնելու համար:


Ոստիկանության նորանշանակ պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանը շնորհակալություն է հայտնել Նախագահին բարձր վստահության համար: 


Աշոտ Հակոբջանյանի առաջին հրամանով Լևոն Մնացականյանն օրենքի և օրինականության պահպանման, հանցավորության դեմ պայքարի, հասարակական կարգի պահպանության գործում զգալի ներդրում ունենալու համար պարգևատրվել է «Օրենքի պատվար» մեդալով: