Նիկոլ Փաշինյանը կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի անցած ուղին

Նիկոլ Փաշինյանը կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանի անցած ուղին

Նիկոլ Փաշինյանն ապրիլ-մայիսյան հեղափոխությունից հետո ուժային համակարգերը վստահեց համակարգով անցած կադրային սպաների՝ ԱԱԾ-ում եւ ոստիկանությունում նշանակելով Արթուր Վանեցյանին եւ Վալերի Օսիպյանին։ «Թավշյա հեղափոխության» առաջնորդը, 2018 թ․ մայիսի 8-ի «լայվում» բացատրելով, թե ինչու Վալերի Օսիպյանը, հայտարարեց․ «Այս որոշումը պետք է սիմվոլիկ նշանակություն ունենա, լավ սիմվոլ է, որ փորձենք այդ փշալարերի կուլտուրան Հայաստանից վերացնել»։ Հիմա 2 ուժայինները պաշտոնանկ են արված, որեւէ պաշտոնական բացատրություն տրված չէ, թե ինչու։ Սակայն համառ լուրեր են շրջանառվում, թե նրանց փոխարինելու է քաղաքացիական անձ, ինչի համար էլ ԱԺ-ն այս պաշտոնանկություններից մի քանի օր առաջ առաջին ընթերցմամբ ընդունեց նման հնարավորություններ ընձեռող նախագիծ։ Նաեւ այլ՝ ոչ պաշտոնական լրահոսից հայտնի դարձավ, որ ուժային համակարգերը, հատկապես՝ ոստիկանությունը, ենթարկվելու են համակարգային փոփոխությունների։

Եթե, այնուամենայնիվ, որոշվի այնպես, որ Վանեցյանին եւ Օսիպյանին փոխարինելու են քաղաքացիականները, կստացվի, որ պատմությունը կրկնվում է։ 88-ի դեպքերով ու մոսկովյան «Բուտիրկաներով» անցած «Ղարաբաղ կոմիտեի» անդամները Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ իշխանության գալուց հետո նույնպես ներքին գործերի նախարարությունում եւ Պետական անվտանգության կոմիտեում պահեցին կադրային, համակարգի ներկայացուցիչներին։ Այսպես․ 1990-1991թթ․ նորանկախ Հայաստանի առաջին ՆԳ նախարարը 1990 թվին ՀԽՍՀ ներքին գործերի մինիստրի առաջին տեղակալ, ապա՝ մինիստր Կառլոս Ղազարյանն էր։

ՊԱԿ-ի առաջին ղեկավարը նույնպես կադրային գեներալ էր՝ երկար տարիներ սովետական ԿԳԲ-ում աշխատած Հուսիկ Հարությունյանը։ 88-ի շարժումից հետո անցումային ժամանակահատվածում՝ շուրջ մեկ տարի, նրանք իրենց դերակատարությունն ունենալուց հետո հեռացվեցին, եւ նրանց փոխարինելու եկան, ներկայիս տերմիններով՝ «քայլած» քաղաքացիականները։ Դե յուրե 1991-1992 թթ․ ներքին գործերի նախարարությունը ղեկավարում էր Վալերի Պողոսյանը, սակայն դե ֆակտո՝ նրա տեղակալ, «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը, որին մի քանի ամիս անց փոխարինեց Վանո Սիրադեղյանը։ Իսկ ՊԱԿ-ում կադրայինները՝ Էդուարդ Սիմոնյանց, Վալերի Պողոսյան, Հուսիկ Հարությունյան կազմով, մեկական տարի մնացին, մինչեւ 95-ին նրանց փոխարինելու եկավ ՀՀՇ-ի այն ժամանակ երկրորդ էշելոնի պաշտոնյա համարվող Դավիթ Շահնազարյանը։ Ի դեպ, նրա հրաժարականից հետո արդեն Տեր-Պետրոսյանը միավորեց ազգային անվտանգության եւ ներքին գործերի նախարարությունները՝  եւ Սերժ Սարգսյան պաշտոնավարեց մինչեւ 98 թվականի իշխանափոխությունը։
Նա 96-99թթ․ Վանո Սիրադեղյանին ուղարկեց Երեւանի քաղաքապետ, պաշտոնանկ արեց Հրանտ Բագրատյանին՝ դրանով նախապատրաստելով «հայտնի ուժերի» կողմից իր հրաժարականի պահանջը։ Եվ հենց Տեր-Պետրոսյանի ձեռքով մեծ լծակներ ստացած, Արցախից ժամանած Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նրան ճանապարհեցին տուն։ 

Մեզ հետ զրույցում ՀԽՍՀ վերջին եւ անկախ Հայաստանի առաջին ՆԳ նախարար Կառլոս Բագրատի Ղազարյանը եւս որոշակի նմանություններ է տեսնում 2019 թ․ հետհեղափոխական եւ 90-ականների Հայաստանների միջեւ։

«Նույնն էլ այն ժամանակ էր․․․ երկար ժամանակ աշխատեցի, հետո հանգիստ ինձ տեղափոխեցին կառավարություն՝ խորհրդական։ Հետո եկան քաղաքացիականներ՝ Մանուչարյան, Վանո եւ այլն։ Դուք գիտեք, այդ ծանր տարիներին ընդունեցի նախարարությունը, ծանր տարիներ էին, բայց հետո իրենք գտան, որ պետք է լինեն ՀՀՇ-ականները»,- արձանագրեց Կառլոս Ղազարյանը։ Փաստորեն, ոստիկանապետին խորհրդական նշանակելու հարցում եւս պատմությունը կրկնվում է։ Ինչ վերաբերում է հարցին, թե այն ժամանակ օրենքը չէ՞ր արգելում քաղաքացիական անձանց ուժային համակարգերի ղեկավարներ նշանակելը, Կառլոս Ղազարյանն ասում է, որ այդ տարիներին Հայաստանում նման օրենսդրություն չկար։ Բոլոր այդ ցենզերը սահմանող օրենքներն ընդունվել են հետագայում՝ արդեն 90-ականների կեսից։

Ի տարբերություն ոստիկանական համակարգի բովով անցած այլ ոստիկանների՝ գեներալ Ղազարյանը որեւիցե վատ բան չի տեսնում այն բանում, որ ուժային համակարգերը ղեկավարեն քաղաքացիական անձինք՝ մի նախապայմանով, որ նրանք լինեն փորձառու, պատրաստված, լայն մտահորիզոնի տեր եւ ցանկալի է՝ ոչ 25 տարեկան։

«Ուժայիններն ունեն կոնկրետ առաքելություն՝ կանխել հանցագործություն, բացահայտել, եթե սա ի վիճակի են անել։ Այդ նշանակումներում որեւէ վատ բան չկա»,- հավելեց գեներալը։ Նա պատմեց իր աշխատանքային տարիներից․ «Կյանքի փորձ՝ ամենակարեւորը։ Օրինակ, երբ ես նախարար էի, աշխատանքի չէի ընդունում այն մարդկանց, որոնք ընտանիք չունեին, ասում էի՝ ո՞ւմ եք բերում առաջադրում, որ մինչեւ հիմա ընտանիք չունի, չգիտի՝ ընտանիքի համար պատասխանատվությունն ինչ է։ Իհարկե, կատակով էի ասում, բայց ասում էի»։ 
Այս տարիների ընթացքում նա տպավորություն է ստացել, որ բարեփոխումների անվան տակ փորձել են վերականգնել լավ մոռացված հինը, օրինակ՝ բակերում ոստիկանական «բուդկաներ», տարբեր ծառայություններ, որոնք ժամանակի ընթացքում վերացել էին։

«Նաեւ՝ ի՞նչ ենք բարեփոխում, ի՞նչ հարցեր ենք ուզում լուծել, ո՞ւր ենք ուզում գնալ»․ Կառլոս Ղազարյանն  այս հարցերի համար մի քանի բանաձեւ ունի․ քաղաքացին ոստիկանին պետք է ընդունի, մարդիկ պետք է թաղայինին ճանաչեն, իսկ թաղայինն էլ լինի թաղամասի շենքի, բնակչի ընկերը։ Այ, սա, ըստ Հայաստանի առաջին ՆԳ նախարարի, կլինի բարեփոխում։   

Ի դեպ, մեր զրույցի ժամանակ գեներալ Ղազարյանը մի փոքր դժգոհեց կին ոստիկանների արտաքին տեսքից՝ ասելով, որ ոստիկանական համազգեստ կրող կինն իրավունք չունի տարբեր հետաքրքիր երանգներով ներկված ու գզգզված մազերով ծառայություն իրականացնել։