Ալիև, ով է քեզ թույլ տվել սպանել Կասպից ծովը

Ռուսական «Настоящее Время« լրատվամիջոցը բավականին ծավալուն հոդված է հրապարակել այն մասին, թե ինչու ճիշտ չէ Արդբեջանում COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին կոնֆերանսը հրավիրելը։ Հոդվածը բավականին տարածվել է համացանց, այն արտատպվել է նաեւ Ազատություն ռադիոկայանի ռուսերեն էջը՝ svoboda.org։ Հոդվածում մեջբերված են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքները: Օրինակ, որ Բաքվում կան հարյուրավոր քաղբանտարկյալներ, ներառյալ ադրբեջանցի իրավապաշտպաններ և լրագրողներ, իշխանությունները հետապնդում են բոլորին, ովքեր համարձակվում են խոսել Ադրբեջանի էկոլոգիական խնդիրների մասին։ Եւ զավեշտական է համարվում, որ կոնֆերանսը վարելու է պետական նավթային ընկերության գլխավոր մենեջերը։ Ինքը` Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ այս կոնֆերանսը շատ կարևոր է իրենց համար, հատկապես ներդրումներ ներգրավվելու համար և աշխարհին որպես «կանաչ էներգիայի» մատակարար ներկայանալու համար։ «Настоящее Время»-ի հոդվածագիծը նշում է, որ Բաքուն լավագույն վայրը չէ, որտեղ կարող են քննարկումներ անցկացվել «կանաչ էներգիայի» վերաբերյալ։
Հոդվածում մի մեծ հատված մեջբերված է կոռուպցիայի դեմ պայքարող միջազգային կազմակերպության՝ Transparency International-ի դիտարկումներից: Transparency International-ին անհասկանալի էր թվացել, որ կոնֆերանսը վարելու է Ադրբեջանի բնապահպանության նախարարը՝ Մուխտար Բաբաևը, ով 20 տարի աշխատել է ադրբեջանական է SOCAR-ում։ «Խաղաղօվկեանոսյան կլիմայի շարժման» ակտիվիստ Ջոզեֆ Զեյն-Սիկուլուն Մուխտար Բաբաևին ուղղված նամակում իր վրդովմունքն էր հայտնել, որ Ադրբեջանի կողմից կլիմայական ֆինանսավորման ֆոնդի ստեղծումը ցինիկ միջոց է՝ Ադրբեջանում կործանարար բնապահպանական պրակտիկայից ուշադրություն շեղելու համար։ Transparency International-ին իր վրդովմունքն է արտահայտել, որ Ադրբեջանում կա շուրջ 300 քաղբանտարկյալ, հետևաբար կարծում է, որ չարժեր Բաքուն ընտրել որպես Կլիմայի վերաբերյալ կոնֆերանսի անցկացման վայր։
Հոդվածում մանրակրկիտ անդրադարձ կա նաև Ադրբեջանի էկոլոգիական խնդիրներին` Քուռ գետի ծանծաղացմանը, օրինակ, որի պատճառը ագրոտնտեսությունների կողմից գետի ջուրը անգրագետ յուրացումն է։ Իրենք` ադրբեջանցիները երեք «մեղավոր» են նշում. գլոբալ տաքացումը, Թուրքիան և Վրաստանը։ Մյուս լուրջ խնդիրը Բաքվում մասսայական ծառահատումներն են, Կարմիր գրքում գրանցված կենդանատեսակների անօրինական սպանդը և Կասպյան ծովի սարսափելի աղտոտումը:
Հավելենք, որ ադրբեջանական մի քանի միլիոնանոց քաղաքների կոյուղաջրերն ուղղակի լցվում են Կասպից ծովը։ Եվ արժի, որ COP-29-ի մասնակիցները հարց տան. Ալիև, իսկ ո՞վ է քեզ իրավունք տվել սպանել Կասպից ծովը։
Սոյուդլու գյուղի անմիջապես հարևանությամբ ոսկու հանքի թունավոր թափոնները՝ հատկապես ցիանիդը լցվում է արհեստական լիճը, ինչի հետևանքով գյուղացիների ոչ միայն անասուններն են սատկում, այլ նրանք բազմաթիվ հիվանդություններ են ձեռք բերում։ Իսկ դժգոհող սոյուդլուցիներին հատուկջոկատայինները մի լավ ջարդ էին տվել, մի քանիսին 20 օրով ձերբակալել, սակայն արդյունքում Մուխտար Բաբաևը հայտարարել էր, որ ցիանիդի հետքեր այնտեղ չեն հայտնաբերվել։
Սակայն այս հոդվածը ընթերցելիս մենք ակնկալում էինք, որ ռուսական լրատվամիջոցը որեւէ կերպ կանդրադառնա նաեւ հայ ռազմագերիների հարցին եւ COP29-ը Բաքվում չհրավիրելու ամենալուրջ պատճառը կհամարի այն, որ 21-րդ դարում պատանդներ ու գերիներ են պահվում մի երկրում, որը պատրաստվում է կլիմային նվիրված խնդիրներ լուծել եւ քաղաքակիրթ աշխարհից հյուրեր ընդունել։
Հոդվածագիրը, չգիտես ինչու, լռել էր ամենակարևոր հանգամանքի մասին՝ իր ծավալուն հոդվածում գոնե մի քանի տող չհատկացնելով Արցախի նախագահներին եւ մյուս գերիներին, որոնք պահվում են Բաքվի բանտերում եւ անասելի կտտանքների ենթարկվում միայն նրա համար, որ ցանկացել են պետություն ունենալ եւ սիրում են իրենց հայրենիքը։ Չէ որ հայ գերիների առկայությունը Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտում է, միջազգային բոլոր օրենքների ու կոնվենցիաների խախտում։ Եւ ենթադրվում է, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ու նույն Transparency International-ը առաջին հերթին դրան պետք է ուշադրություն դարձնեին։
Հարց է ծագում, իրավապաշտպան կազմակերպությունների միսիան մարդկանց ոտնահարված իրավունքների մասին բարձրաձայնելը չէ՞, այդ ինչպե՞ս եղավ, որ արդբեջանցի քաղբանտարկյալներին հիշեցին, սակայն Բաքվի բերդում կտտանքների ենթարկվող մեր հայրենակիցներին չհիշեցին։
Կարծիքներ