Իշխանությունն իր առջեւ խնդիր չէր դրել` անբասիր անցյալով թեկնածու գտնել

Իշխանությունն իր առջեւ խնդիր չէր դրել` անբասիր անցյալով թեկնածու գտնել

«Իմ քայլը» քիչ առաջ ավարտեց խմբակցության նիստը, որոշ տեղեկություններով` քննարկվել է Սահմանադրական դատարանի անդամների թեկնածուների ընտրության հարցը։ Ինչպես հայտնի է՝ իշխող թիմում միակարծիք չեն թեկնածուներից եւ ոչ մեկի հարցում, երեքն էլ, ինչպես ասում են, «մերժված» են եւ հատկապես կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանը։ Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի թեկնածուն Արթուր Վաղարշյանն է, ում անցյալ տարի առաջին անգամ ՀՀ նախագահն առաջադրեց ՍԴ անդամի թեկնածու, բայց խորհրդարանը չընտրեց։ Դատավորների ընդհանուր ժողովն էլ ներկայացրել է վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ 

Որոշ տեղեկություններով՝ խմբակցության նիստի ընթացքում բուռն քննարկումներ են ծավալվել, եւ, ըստ լուրերի, միասնական որոշում չեն կարողացել ընդունել ու այս թեկնածուների հարցը թողնելու են ազատ քվեարկության։ Մի հարցում է եղել իշխող կարծիք, որ չեն կարող իրենց «թքածը լիզել» եւ ընտրել նախագահի ներկայացրած այն թեկնածուին, որին մեկ անգամ արդեն «մերժել» են։ Ի դեպ, ամեն ինչ սկսվեց Դավիթ Ավետիսյանի որդու թեկնածությունից, որին առաջարկել է Ռուստամ Բադասյանը, եւ ինչի դեմ միանգամից ընդվզեցին ՀԱԿ-ն ու վահեգրիգորյանական թեւը։ «Իմ քայլի» նիստից հետո զրուցեցինք պատգամավոր Տիգրան Ուլիխանյանի հետ։

-Պարոն Ուլիխանյան, խմբակցությունն այս թեկնածությունների հարցում միասնական դիրքորոշո՞ւմ է հայտնելու, թե՞ ազատ քվեարկության եք թողնելու։

-Տեղեկացնեմ, որ, այնուամենայնիվ, որոշում ընդունվել է, բայց ես չէի ուզի առաջ անցնել եւ հայտնել այդ մասին։ Խմբակցությունն ունի խոսնակ, քարտուղար, որոնք կներկայացնեն այդ որոշումը։

-Աղմկահարույց թեկնածություններ են, կարողանալո՞ւ եք միասնական դիրքորոշում մշակել։

-Ինձ համար ուրախալի է, որ Սահմանադրական դատարանի դատավորի հարցը հանրային լայն ուշադրության է արժանանում, եւ ինձ համար հասկանալի է այն, որ չի կարող լինել մի թեկնածու, որը միայն 100 տոկոսանոց համակիրներ կունենա։ Ցանկացած մարդու հարցում էլ լինելու է, որ մի մասը վստահելու է, մյուս մասը՝ ոչ։ Իմ առաքելությունը նրանում է, որ ես կարողանամ, հաշվի առնելով տարբեր կարծիքներն ու Սահմանադրության հոդվածի պահանջն առ այն, որ ԱԺ պատգամավորը որոշումներ կայացնում է իր խղճով եւ համոզմունքներով, կարողանան վերացարկվել տարբեր կողմերից եկած ազդակներով եւ իմ խղճով եւ համոզմունքներով որոշում կայացնեն։ Հակառակ պարագայում, եթե որոշես որոշակի խմբի ցանկությամբ որոշում կայացնել, կնշանակի ինչ-որ մի խմբի էլ անտեսել։

-Այնուամենայնի, մի խումբ մարդկանց ցանկություններին պետք է համապատասխանի ձեր դիրքորոշումը, հիմա դուք կողմ եք առաջադրողների՞ տեսակետին, թե՞ ընդվզողների։

-Խմբակցությունն ընդհանուր որոշում ունի, կհրապարակի, եւ դա, ըստ էության, կդառնա ավտոմատ որոշում բոլոր պատգամավորների համար։

-Այսինքն, միասնական որոշո՞ւմ  եք ընդունել։

-Նույնիսկ եթե որոշում ենք, որ յուրաքանչյուրն իր համոզմունքով է քվեարկելու, դա էլ է խմբակցության որոշում։

-Լավ, ասացեք խնդրեմ՝ ինչպե՞ս ստացվեց, որ կառավարությունն առաջադրեց մի մարդու թեկնածություն, որի հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների վերաբերյալ վճիռներ դակողն է եղել, կամ` ինչպե՞ս կգնահատեք Սերժ Սարգսյանի ժամանակներում դատական համակարգի ամենակարկառուն ներկայացուցչի առաջադրումը, ինչպիսին Խունդկարյանն է։ Իշխանությունը ՍԴ անդամներին «մերժեց» նախկին լինելու համար, բայց իր թեկնածուներն էլ անբասիր անցյալով հեղափոխականներ չեն։

-Երբ քաղաքական իշխանությունը փնտրեր անբասիր անցյալով մարդ, ընդհանրապես հավանական է, որ չէր էլ գտնի։ Նման նպատակ մեր առջեւ չէինք դրել, դա կլիներ սխալ։ Հիմա էլ մեր ընտրությունը պետք է անենք՝ հասկանալով, որ կարող ենք նույնիսկ սխալվել։ Եթե կսխալվենք, հանրությունն այլեւս թող մեզ ձայն չտա։