Երկակի չափանիշներ՝ կոռուպցիոն դրսեւորումներով 

Երկակի չափանիշներ՝ կոռուպցիոն դրսեւորումներով 

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» հասարակական կազմակերպության (ՀԿ) նախագահ Կարեն Հեքիմյանը քառասուն օր առաջ ֆեյսբուքյան իր էջում երկու պատմություն էր տեղադրել: Հետո այն հրապարակվել էր «Հրապարակի» կայքում: Երկուսն էլ՝ նիկոլական «ժողովրդի իշխանության» պայմաններում պետական գերատեսչություններից մեկի՝ Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) վարքագծի վերաբերյալ: Նախապես ասեմ, որ ԲՈԿ-ը տարբեր ոլորտներին վերաբերող գիտական թեզերի պաշտպանության հիմքով գիտական կոչում շնորհող մարմին է: ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ներկայացրել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանի թեկնածուական եւ իմքայլական պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական թեզի՝ արտագրված  լինելու վերաբերյալ տեղեկության նկատմամբ ԲՈԿ-ի վերաբերմունքը: 

Առաջին դեպքում անհայտ քաղաքացու կողմից դրա մասին ընդամենն ասվել էր կառույցին, ինչին հաջորդել էր ԲՈԿ-ի նախագահ Գոգյան Սմբատի հայտարարությունը Հ1-ի եթերում: Երկրորդ դեպքում Կարեն Հեքիմյանի կողմից համապարփակ վերլուծություն էր ներկայացվել ԲՈԿ՝ մեղադրանքը հիմնավորելու համար: Սակայն այս դեպքում ԲՈԿ-ը պատասխանել էր, որ դիմումատուն ուշացել է՝ իր դիտարկումները նա պետք է ներկայացներ հենց ատենախոսության պաշտպանության ընթացքում: 

Իսկ ինչո՞ւ էին տրամագծորեն հակառակ վերաբերմունքի արժանացել նույն երեւույթի երկու դրսեւորումները: Որովհետեւ առաջին դեպքում խնդիր էր դրվել պատժելու դատավորին, որը համարձակություն էր ունեցել հետեւելու օրենքի տառին եւ ոգուն ու կալանքից ազատելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Իսկ երկրորդը իշխանության կողմից նշանակվել էր Երեւանի պետական համալսարանի  (ԵՊՀ) ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար (ԺՊ): Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ օրենքի եւ օրինականության նկատմամբ նիկոլական «ժողովրդավարության» վերաբերմունքի առումով: Այդ երեւույթը կոչվում է երկակի չափանիշների դրսեւորում: 

Ի դեպ, Հովհաննես Հովհաննիսյանի նշանակումը ԵՊՀ-ի ԺՊ տեղի էր ունեցել քաղաքական գործարքի արդյունքում: Որպեսզի նշանակվեր ԵՊՀ-ի ռեկտոր, վերջինս պետք է ունենար գիտությունների դոկտորի աստիճան եւ պրոֆեսորի կոչում: Բայց քանի որ չուներ ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը, նրա նախորդին որպես ռեկտորի ԺՊ իշխանությունը պահեց երկու տարի, չնայած օրենքով թույլատրվում է միայն վեց ամիս: Այդ ընթացքում Հովհաննես Հովհաննիսյանը պաշտպանեց դոկտորական թեզը եւ ստացավ դոկտորի աստիճան:

Դա քաղաքական կոռուպցիայի առաջին դրսեւորումն էր: Աստիճանի հարցը լուծվեց այդպես, սակայն կոչումի խնդիրն ավելի բարդ էր. դա տրվում է երկարատեւ գիտական կամ մանկավարժական պրակտիկայի հիման վրա: Բայց քանի որ 5-10 տարի վերջինս սպասել չէր կարող, փոխվեց ԵՊՀ-ի կանոնադրությունը, եւ հանվեց ռեկտորի թեկնածուի համար պրոֆեսորի կոչում ունենալու պահանջը: Դա քաղաքական կոռուպցիայի երկրորդ դրսեւորումն էր: Ահա այդպես իբրեւ թե կոռուպցիայի դեմ պայքարող իշխանությունը գնաց կոռուպցիոն գործարքի հանուն իր վստահյալ թեկնածուի նշանակման: 

Այսպիսով, այդ երկու դեպքի առումով մենք ականատես եղանք թե՛ երկակի չափանիշների գործադրմանը եւ թե՛ քաղաքական կոռուպցիայի դրսեւորմանը: Նախկինների օրոք թե՛ մեկը եւ թե՛ մյուսը ծաղկում էին Հայաստանում, եւ ժողովուրդը 2018-ի գարնանը դուրս եկավ հենց նման երեւույթները վերացնելու պահանջով: Եվ Փաշինյան Նիկոլին իշխանության բերեց, որպեսզի երկիրն ազատվեր այդ եւ նմանատիպ այլ բացասական երեւույթներից: Սակայն կյանքը վկայեց, որ հակակոռուպցիոն կարգախոսներով եւ օրինականության պահանջով ժողովրդից իշխանություն ստացած Նիկոլը դրժեց թե՛ մեկը եւ թե՛ մյուսը վերացնելու իր խոստումը: Եվ դրանք ոչ միայն պահպանվեցին, այլեւ նոր զարգացում ապրեցին նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում: Դրանց գումարվեց նաեւ արցախյան երկրորդ պատերազմում մեր խայտառակ պարտությունը՝ հազարավոր զոհերով ու վիրավորներով եւ տարածքային հսկայական կորուստներով ու հազարավոր տեղահանված ընտանիքներով հանդերձ: Ու մենք հայտնվեցինք կոտրած տաշտակի առջեւ նստած պուշկինյան հերոսուհու դերում: