Տպավորություն կա, թե հեղափոխություն չի եղել

Տպավորություն կա, թե հեղափոխություն չի եղել

Հեղափոխության հաղթանակից հետո թվում էր, թե դրա գաղափարական ու արժեքային ողջ ներուժը ներդրվելու է պետականաշինության աստիճանական գործընթացի մեջ: Այսինքն կանխատեսվում էր, որ զուտ ավտորիտար ռեժիմի կազմաքանդման գաղափարի շուրջ սաղմնավորված հեղափոխական շարժումն ի վերջո դուրս է գալու դրա նեղ շրջանակներից ու ընդգրկելու է կյանքի բացառապես բոլոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև մշակույթ, պետական կառավարումից մինչև կրթական համակարգ: 

Բայց բոլոր այս կանխատեսումներն այդպես էլ մնացին որպես կանխատեսում ու դեռևս հեռու են կյանքի կոչվելու հնարավորությունից: Հեղափոխական ռեֆորմներների փոխարեն առաջնային պլան են մղվել հապաղումն ու քարացումը, անշարժությունն ու երեսպաշտությունը, անկարողությունն ու հպարտ շփոթմունքը: 

Թվում էր, թե ավելի քան  մեկ ու կես տարի շարունակվող հեղափոխություն- հակահեղափոխություն, ասֆալտին պառկեցնել-չպառկեցնել կրկեսային բեմականացմանը պետք է հաջորդեին կոնցեպտներն ու աշխատանքային գործիքները, բայց ո՛չ: Դրանց փոխարեն առաջնային պլան են մղվել ցածր աղմուկ-աղաղակն ու հեղափոխական ճառերը: Ահա սա է ներկայիս իրականության ողջ էությունը, սա է իշխանության ու հանրային տարատեսակ խմբերի միջև կազմակերպված դիսկուրսի որակը: Իշխանությունները չեն կարողանում ճեղքել արժեքային այս չափազանց ստորին շեմը ու ամենացավալին այն է, որ կարծես թե ճեղքման ձգտումն էլ առանձնապես տեսանելի ու շոշափելի չէ: 

Պատահական չէ, որ արժեքային անկման այս պայմաններում կառավարությունը հանդես է գալիս այնպիսի անորոշ քաղաքականությամբ, որը, կարծես թե, կապ չունի ո՛չ հեղափոխության և ո՛չ էլ հեղափոխություն իրականացրած քաղաքական ուժի հետ: Տպավորությունն այնպիսին է, որ ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, և կառավարությունն այն հերթական կաբինետներից է, որոնք միշտ էլ եղել են, միշտ էլ գործել են, բայց երբեք կապ չեն ունեցել հայաստանցու կյանքի ու իրականության հետ: Հեղափոխական ճառերով հանդես եկող չինովնիկների խոսքերում նշմարվում է հետևյալ ուղերձը. Հայաստանի հպարտ քաղաքացիներ, լավ չեք ապրելու, բայց դուխով, մենք լավն ենք, որովհետև մենք հեղափոխական ենք, իրավիճակ է փոխվել, բայց ոչ ձեզ համար և այսպես շարունակ: 

Երբեք չէի կարող պատկերացնել, որ ինչ-որ մի օր ստիպված եմ լինելու հայտարարել, որ հեղափոխությունը գոյություն չունի, չի էլ եղել, և մենք գործ ունենք դրա պարզունակ սիմուլյացիայի հետ: Եթե Ֆրանսիական Մեծ հեղափոխության ժամանակ ասում էին, թե հեղափոխությունը խժռում է իր զավակներին, ապա Հայկական թավշյա հեղափոխոխության պարագայում կարելի է արձանագրել, որ հեղափոխության զավակներն են խժռում հեղափոխության նվաճումները: Մնացել են վերջին կռճոնները և դա էլ Նիկոլ Փաշինյանի հեղինակության շնորհիվ՝ ավելի շուտ հալվող հեղինակության: 

Հեղափոխությունից հետո կարծում էինք, որ հեղափոխական Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է պետական գործիչ Նիկոլ Փաշինյանը: Կերպափոխումն այդ ավելի քան տրամաբանական էր ու օրինաչափ: Բայց լինում են դեպքեր, երբ նույնիսկ օրինաչափն ու տրամաբանականը զրկվում են կյանքի կոչվելու հնարավորությունից և արդյունքում՝ Փաշինյանն այդպես էլ չդարձավ պետական գործիչ: 60 տարի անց ապագայի պատմագետները վարչապետին բնութագրելիս, ամենայն հավանականությամբ, կգրեն հետևյալ խոսքերը. «Մեծ հեղափոխականն ու ձախողված պետական գործիչը»:  

Տարիներ առաջ, երբ համալսարանում էի սովորում, ամբիոնի պրոֆեսորը չէր թողնում, որ տաղանդավոր  ուսանողներն ու գիտաշխատողները մասնագիտական առաջխաղացում արձանագրեն: Ավելին՝ նա խոչընդոտում էր մյուս դասախոսների պրոֆեսոր դառնալու ձգտումները, քանի որ ուզում էր միակն ու բացառիկը լինել, իրենից բացի ոչ ոք չպետք է պրոֆեսոր դառնար ու այս տրամաբանությամբ ինքն իրեն շրջապատել էր միջակություններով ու կոմֆորմիստներով, որոնք զբաղվում էին աստվածային պրոֆեսորի անձի պաշտամունքով (ֆակուլտետի ու ամբիոնի անունը քաղաքավարությունից ու կոռեկտությունից ելնելով չեմ նշում): 

Տպավորությունն այնպիսին է, որ նույն կոմպլեքսով տառապում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նույնպես ցանկանում է միակն ու բացառիկը լինել, ամբողջ փառքը պետք է միայն իրեն բաժին հասնի: Արդյունքում՝ վարչապետն ինքն իրեն շրջապատել է միջակություններով, որոնք ի զորու չեն նույնիսկ տարրական պատասխանատվություն վերցնել իրենց վրա: Ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որ Փաշինյանն ամբողջ պատասխանատվությունը կամավոր վերցրել ու դրել է իր ուսերին, իսկ մնացյալը կողքից «դուխով» գոռացողներն են՝ դամ պահողները էլի: Այսինքն, եթե վարչապետը ձախողվի, ապա բոլորն են ձախողվելու, քանի որ չկա մեկը, որը կկարողանա պատասխանատվություն ստանձնել ու տեր կանգնել իրավիճակին: Մի՞թե սա պետական գործչի վարքագիծ է: Պետական մտածողություն ունեցող մարդը ինքն իրեն չէր շրջապատի դուխով միջակություններով, հպարտ կիսագրագետներով ու մարտնչող բյուրոկրատներով: Ու այս աստղաբույլի մեջ պետք է շողշողա միայն մեկ աստղ և նրա անունն է Նիկոլ Փաշինյան: Իսկ պետությո՞ւնը: 

Բոլորն ինչ-որ հարմարավետության գոտում են, դուխով են ու հպարտ: Ու այս փայլփլուն հպարտությունից կուրացած ոչ ոք չի էլ փորձում նկատել ծխացող թմբիրը, որը ինչ-որ մի օր պայթելու է: Խոսքը ժողովրդի մասին է՝ հանուն նոր աշխարհի հեղափոխություն իրականացրած ու նորից հին աշխարհում հայտնված ժողովրդի: Վերջինիս դեռևս շարունակում են կերակրել հեղափոխական լոզունգներով, «պադավատների» ու քարտուղարուհիների կրճատման աշխարհացունց ռեֆորմներով: Իբրև թե աշխատում են, օր ու գիշեր աշխատում են, իսկ «անշնորհակալ» ժողովուրդը շնորհակալություն չի հայտնում այդ անձնուրացության համար, անձնուրաց պարգևավճարների ու չթալանելու համար: Չենք թալանում՝ ուրեմն լավն ենք: