Իկրա ուտելը ո՞նց կարող է բացասական կարծիքի ձևավորման հիմք հանդիսանալ․ բացատրեք, հասկանանք

Իկրա ուտելը ո՞նց կարող է բացասական կարծիքի ձևավորման հիմք հանդիսանալ․ բացատրեք, հասկանանք

Մեկնարկել է հայտնի «Իկրայի» գործով նոր վարույթի դատական նիստը։ 2020 թվականի փետրվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի էր տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին, քանի որ նա հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, թե վարչապետի դուստրը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սև իկրա է ուտում:

Շուշան Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները և 2 մլն դրամ փոխհատուցում վճարել։

Հիշեցնենք նաև, որ հայցն սկզբում մերժվել է։ Շուշան Փաշինյանը դիմել էր վերաքննիչ դատարան, հայցը բավարարվել էր, գործն ուղարկվել էր ստորադաս դատարան նոր քննության։  Նարեկ Սամսոնյանը  դիմել էր  վճռաբեկ դատարան գործն ըստ էության լուծող դատական ակտի դեմ։

«Խնդրում եմ, ինձ բացատրեք, թե ինչպես կարող է բացասական կարծիքի ձևավորման հիմք հանդիսանալ իկրա ուտելը։ Ինձ բացատրեք, ես փորձեմ հասկանալ, թե ինչքանով կարող է իկրա ուտելը ինչ-որ մեկի մոտ բացասական կարծիք ձևավորելու ձևավորել։ Եթե ես հիմա ձեզ ասեմ, թե դուք իկրա եք կերել, դա նշանակում է, որ դուք հանրության շրջանում թիրախավորվու՞մ եք։ Բացասական ձևակերպումը դուք ինչպես եք բնորոշում։ Դուք հիմա ասում եք, թե իմ ասածը չտեսության ու շատակերության հետ է կապված։ Կան մարդիկ, որոնք այդ քանակի ու դրանից շատ ավելի թանկ արժողությամբ իկրա են ուտում։ Բայց արդյոք դա շատակերության, ու ինչպես դուք էիք ասում, չտեսության նշան կարող է հանդիսանալ։ Դուք հիմա պնդում եք, թե 3000 դոլարով 2 կգ իկրա ուտելը հանրության մոտ շատակերության ու չտեսության ու այլ բացասական բաների հետ է ասոցացվում։ Դուք ինչպես եք դա չափում, ինչպես եք որոշում, սա շատ անհասկանալի է»,- ասաց Նարեկ Սամսոնյանը՝ դիմելով Փաշինյանի դստեր ներկայացուցչին։