«Տարվա ամենավաստակավոր» տիտղոսը

«Տարվա ամենավաստակավոր» տիտղոսը

Մինչ դուք «ստոլիչնիի» ու հավով աղցանի ափսեներն եք թարմացնում նոր հյուրերի համար: «Հրապարակի» կազմը աշխատում է և փորձում է տոնական տրամադրություն ստեղծել: Ինչ Նոր տարի, եթե չկա տարվա ամփոփում, քանի որ 21 թվականին դրական ձեռքբերումները այնքան քիչ ու աննշան են եղել, որ դրանք թվարկելը անգամ ամոթ կլինի, որոշեցինք տարվա հակահերոսներին հիշատակել:

Եվ այսպես, «Տարվա վաստակավոր» տիտղոսը բաժին է հասնում ամենաշլացուցիչ քաղաքական կարիերա արած գործչին` Արգիշտի Քյարամյանին, որը 2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ: 2021թ. Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության համար» մեդալով: Այս փայլուն երիտասարդի աշխատանքային հաջողությունների մասին ամբողջ երկիրն է խոսում, վերջին 3 տարում նրան հաջողվել է աշխատել`

1. ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համակարգում` զբաղեցնելով իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետի, հետաքննության վարչության պետի, հետաքննության և օպերատիվ-հետախուզության  վարչության պետի տեղակալի պաշտոնները:
2. ՀՀ պետական վերահսկողության ծառայությունում` որպես ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունների կատարող:
3. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: 
4. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ: 
5. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն:
6. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:     
Բայց այս շարքում թերևս ամենամեծ ձեռքբերումը «Արիության համար» մեդալով պարգևատրումն է: «Հրապարակի» կազմը սրտատրոփ սպասում է պարոն Քյարամյանի նոր հաջողություններին և միաձայն շնորհում տարվա «ամենավաստակավոր» տիտղոսը երիտասարդ և խոստումնալից պաշտոնյային:

ՀԳ. Նախորդ մրցանակակիրներին կարող եք ծանոթանալ այստեղ