«Որտե՞ղ»

«Որտե՞ղ»

Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Կոլյա Ստեփանյանի գիրքն ընթերցելուց հետո

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր համոզված են 44-օրյա պատերազմի մասնակից հայ ռազմիկների հերոսականության, մարդկային ուժից ու երեւակայությունից դուրս նրանց խիզախության հարցում։ 
Մեր տղաներն ավելի զորեղ գտնվեցին, քան նույնիսկ իրենց ճակատագիրը։ Նրանք հաղթեցին նրանց անգամ, որոնք ռազմաճակատում իրենց մենակ թողեցին։ Եվ արդեն հինգ տարի չգտնվողը զինվորին ու ռազմաճակատը լքած, հաղթանակը վաճառածների դիակներն են, ոչ թե հերոսների։ Հերոսները հինգ տարի է, որ ձուլվել են մայր հողին, նույնացել ու սրբադասվել են հայրենիքի հողի հետ։ 

Կոլյա Ստեփանյանի «Որտե՞ղ» գիրքը (գիրքը կարդալուց հետո թող ձեզնից յուրաքանչյուրն ինքը փորձի անուն տալ իր կարդացածին) ընթերցողը հաստատապես կշարունակի՝ բնութագրումներ ավելացնելով մեր արծիվների արածին ու ապրածին։

Իմ սերնդի քիմքը արցախյան պատերազմի երեք փուլերի համն ու դառնությունը զգացել է խորքից, մինչեւ վերջ, ու թվում էր, թե մեզ հնարավոր չէր զարմացնել։ Գրքի իրական հերոս այս վեց հզորները, դեռ ուրիշ հզորների պատմություններին չենք առերեսվել՝ ինչպես որ հարկն է, զարմացնում են ապրելու իրենց հաստատակամությամբ, ձգտումով, գրագիտությամբ, ճկունությամբ, ապրելը որպես պարտք հայրենիքին ու իրենց ծնողներին իրենք իրենցից էլ թաքուն պահած գիտակցությամբ։

Հայրենիքի վեց զինվոր, 70 օր գտնվելով շրջափակման մեջ, ո՞նց են հոգեպես դիմադրել թշնամու անընդհատ ներկայությանը, դիմացել քաղցին ու շուրջ երկու ամիս բաց դաշտում՝ սառնամանիքին։ Երիտասարդ հեղինակը՝ վեց հերոսներից մեկը, մանկուց երազել է գրող դառնալ, եւ ճակատագրի զարհուրելի դիպվածն արթնացրել է գրի երակը։ Անասելի սարսափներ ու դառնություն տեսած հեղինակն իրենց տեսած-ապրածի մասին պատմում է շատ անգամ ավելի թեթեւ, քան ես, որ փորձում եմ տպավորություններս կիսել։ Մեր հանդիպման ժամանակ պատմեց, որ շրջափակումից հրաշքով փրկվելուց երկու տարի հետո է սկսել գրել։ Երկու տարին մեծ ժամանակամիջոց չէ՝ ապրած սարսափները նման թեթեւությամբ, երբեմն նույնիսկ հումորով պատմելու համար։ Եվ գիտե՞ք, թե որն է զարմանալին, որ ատելություն չկա գրքում։ Չէ, ներողամտություն էլ չկա։ Նրանց հանդեպ, ովքեր լքել են մարտի դաշտը, մենակ են թողել մեկ-երկու ամսվա ծառայող շարքային զինվորներին։ Զինվորներ, որոնց զենքից կրակել դեռ չեն սովորեցրել։ Զինվորներ, որոնց թողել են առանց տեղորոշելու։ 

Վեց շարքային զինվորներ։ Նրանց հետ են «եղել» արցախցի ազնիվ ու արդար շինականների տիրոջը կորցրած տները, նրանց պահեստավորած շաքարն ու պահածոները, ծխախոտներն անգամ, տաք շորերն ու տերերի ջերմությունը մոռացած վերմակ-ծածկոցները։ Թշնամու հանկարծակի հարձակումն ու Հադրութի շրջանի զինվորական հրամանատարության անհասկանալի ու հապշտապ նահանջը ելք չի թողել Հադրութ քաղաքի ու հարակից գյուղերի բնակիչներին, քան հեռանալ իրենց օջախներից։ Բայց թշնամու դեմ «կռիվ» են մղել արցախցու տունն ու պահեստավորած ապրուստի միջոցները՝ պատսպարելով ու ապահովելով շրջափակման մեջ գտնվող վեց զինվորների։ 
Գրքի լեզուն ռուսերենն է։ Նիկոլայ-Կոլյան մեծացել է Ռուսաստանում, մայրենի լեզուն հասկանում է, բայց դժվարանում է խոսել։ Զարմացել է եւ զարմանալուց շատ՝ վիրավորվել, որ Ռուսաստանից կամովին վերադարձել եւ զինվորագրվել է ծառայության, իսկ ծառայակից ընկերներից շատերը տարակուսել են իր խելքի վրա, թե «մա՞րդ էլ կամովին՝ լենուբոլ կյանքը թողած, կգա անցավել գլուխը ցավի տակ դնելու»։ Մի կողմից՝ իրենք իրենց արիությանն ու քաջությանն անտեղյակ հերոսներ, մյուս կողմից՝ իրենց պես քաջի վարքի վրա զարմացող տղաներ։ Բայց փաստերն այլ բան են հաստատում․ արցախյան հերոսամարտերի ժամանակ թե՛ հեռավոր եւ թե՛ մոտակա արտասահմաններից բազմաթիվ հայորդիներ են եկել՝ զորակցելու հայրենիքին։ Այլ հարց է, որ մասնակիցների թիվը հարկ է, որ շատ ավելին լիներ։
Տղաները հրաշքով դուրս են բերվել շրջափակումից ռուս խաղաղապահների օգնությամբ, բժիշկներին հաջողվել է փրկել հերոսների կյանքը, բայց նրանց ոտքերը փրկել չի հաջողվել․ ցրտահարված են եղել։ 

«Հայոց տուն» համազգային միավորումը Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում էր կազմակերպել գրքի հերոսների հետ։ Մեկն էր միայն բացակայում։ Տղաներին նայում էինք զարմանքով ու հիացմունքով։ Որքան համեստ էին նրանք, ոչ մի ձեւ ու կեցվածք նրանց վարքում, ամաչում էին, երբ խոսում էին իրենց մասին, հայացքներն ամոթխածորեն թաքցնում։ Արցախյան առաջին պատերազմից գիտեմ՝ այդպիսին են ճշմարիտ հերոսները, որոնք երբեք չեն խոսում իրենց մասին։ Կոլյան, որ այդքան ազատ ու անկաշկանդ է գրում, գրքի մասին խոսում էր համարյա շշուկով, հազիվ լսելի։
Հաճելի էր տեսնել, որ գրքի հերոսներն իրական կյանքում էլ գիտեն, թե ուր են գնում, եւ գիտեն, որ իրենց տեղը հայրենիքում է։

Անդրանիկ Հակոբյան 
Պահեստազորի գնդապետ,գրող